«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2007-01-31 | #18, 2007-02-01 | #19, 2007-02-02


«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԸ» ԳՆԵՑ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵՔՅԱՆԸ

Հայաստանի բանկային համակարգում ավելանում է օտարերկրյա կապիտալը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Կոնվերս բանկ» ՓԲԸ տնօրենությունից ստացված հաղորդագրությունից տեղեկացանք, որ բանկի նոր սեփականատեր է դարձել արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեքյանը: Նա Հայաստանի հանրությանը նախեւառաջ հայտնի է որպես «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ, ապա գյուղատնտեսության բնագավառում իր կատարած ներդրումներով, որոնց նպատակը էկոլոգիապես մաքուր կամ այսպես կոչված օրգանիկ գյուղմթերքների արտադրության ու արտահանան իրականացումն է:

«Կոնվերս բանկի» ձեռքբերումը Էդուարդո Էռնեքյանի փաստորեն երրորդ խոշոր գործարքն էր Հայաստանում: Որեւէ այլ մանրամասն գործարքի վերաբերյալ «Կոնվերս բանկից» չհայտնեցին, ասելով միայն, որ մանրամասների մասին կտեղեկացվի առաջիկա օրերին նախատեսվող մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն հայտնի է, որ բանակցությունները բանկի ձեռքբերման վերաբերյալ բավականաչափ երկար տեւեցին:

Բանկի արդեն նախկին բաժնետեր Սմբատ Նասիբյանի կողմից «Կոնվերս բանկը» վաճառելու ցանկության մասին լուրը սկսեց շրջանառվել Հայաստանի բանկերում կորպորատիվ կառավարման հայեցակարգի ներդրումից հետո: Մինչ այդ բանկի վարչության նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Սմբատ Նասիբյանը բազմիցս էր իր անհամաձայնությունը հայտնել ներկա փուլում կորպորատիվ կառավարման հայեցակարգը ներդնելու առնչությամբ, իսկ ներդնելուց հետո երկար ժամանակ դժվարանում էր ընտրություն կատարել բանկի կամ բաժնետերերի խորհրդում կամ տնօրեն մնալու միջեւ: Թերեւս հենց այս հանգամանքն էլ ստիպեց նրան բանկը վաճառելու որոշում ընդունել:

«Կոնվերս բանկի» վաճառքը եւ օտարերկրյա կապիտալի նոր հոսքը դեպի Հայաստան հաջորդեցին վերջին տարիներին արձանագրված մի քանի նմանատիպ գործարքներին, որոնց արդյունքում Հայաստանի բանկային համակարգ մուտք գործեցին օտարերկրյա (այդ թվում միջազգային) կազմակերպություններ եւ ֆինանսաբանկային խմբեր:

Առաջինն «Արդշինբանկի» ձեռքբերումն էր «Միջազգային բիզնես կենտրոն» ընկերության կողմից, որի սեփականատերերը Ռուսաստանի մեր հայրենակիցներն են: Բանկը վերանվանվեց «Արդշինինվեստբանկ»:

Հաջորդը «Հայէկոնոմբանկն» էր, որի բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերը մեկուկես տարի առաջ դարձավ Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկըՙ Եվրոբանկը:

«Էմպորիկի» բանկը ձեռք բերեց ամերիկահայ հայտնի գործարար Ջերարդ Գաֆեսճյանը, որից հետո ստեղծվեց նոր ֆինանսաբանկային խումբ, որի մեջ բացի վերանվանված «Կասկադ» բանկից, ընդգրկվեցին նաեւ ապահովագրական, ներդրումային եւ խորհրդատվական ընկերությունները:

Եվ վերջապես, անցյալ տարի նախ ղազախական խոշոր «Թուրան-Ալեմ» բանկը ձեռք բերեց հայկական «Միջինվեստբանկը», որը վերանվանվեց «ԲՏԱ ինվեստբանկ»: Այնուհետեւ ԱՔԲԱ բանկի բաժնետոմսերը ձեռք բերեց ֆրանսիական «Կրեդիտ ագրիկոլ» հանրահայտ բանկը, որը համարվում է Եվրոպայի լավագույն բանկը, ստեղծելով «ԱՔԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկը:

«Ինչպե՞ս կբնութագրեիք Հայաստանի բանկային համակարգում օտարերկրյա կապիտալի մասնակցության ավելացումը» հարցն ուղղեցինք Հայաստանի բանկային համակարգի ամենահայտնի փորձագետներից մեկինՙ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին: «Միանշանակ դրական եմ գնահատում օտարերկրյա կապիտալի մասնաբաժնի ավելացումը մեր բանկային համակարգում: Հայաստան է մտնում մաքուր փող, ինչը ողջունելի է», ընդգծեց Բագրատ Ասատրյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4