«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2007-02-23 | #35, 2007-02-24 | #36, 2007-02-27


ՀԱՐԳԵԼԻ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ՀԱՄԵՑԵՔ ՀԱՅԱՍՏԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ, որքան էլ զարմանալի է, ԱԺ հերթական քառօրյան լավ էլ քվորում ուներ` գրանցվել էր 90 պատգամավոր: Թեեւ, մյուս կողմից, զարմանալու բան չկա, քանի որ երեկվանից սկսվել է մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերով թեկնածուների առաջադրումը, իսկ կուսակցությունները դեռ չեն հրապարակել իրենց համամասնական ցուցակները եւ մտադրությունը մեծամասնականով աջակցության վերաբերյալ: Այնպես որ մինչեւ առաջադրումների վերաբերյալ ԿԸՀ-ում հայտեր ընդունելու ժամկետի ավարտը` մարտի 3-ը, մեր պատգամավորները վերահսկելի են: Չպատմելով օրակարգային տուրեւառումների մասին` անդրադառնանք միայն երկքաղաքացիություն պարունակող փաթեթի ճակատագրին` միանգամից ասելով, որ այն երկրորդ ընթերցմամբ ընդունվեց` 66 կողմ, 5 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով (երրորդ ընթերցման հարկ չկա, քանի որ փաթեթի ընդունման հատուկ կարգով ընթացակարգ էր սահմանված): Այսպիսով` այլ պետության քաղաքացին կարող է լինել ՀՀ քաղաքացի, քվեարկել, եթե հաշվառված է եւ վերջին 3 տարին բնակվում է Հայաստանում: ՀՀԿ խմբակցության պատգամավորների շատ առաջարկների հարցը, որոնք վերաբերում էին երկքաղաքացու ոչ միայն իրավունքներին (հատկապես` ընտրական) այլեւ պարտականություններին, այդպիսով, լուծվել է հաշվառում չունեցող ՀՀ երկքաղաքացիների` ընտրություններին չմասնակցելու դրույթի ամրագրումով միայն, այս է եղել փոխզիջումը:

Մյուս բոլոր դրույթները, որոնց վերաբերյալ պատգամավորները առաջարկներ էին արել, ըստ կառավարության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի, պահպանել են իրենց ուժը: Այսպիսով` հաշվառում չունեցող անձանց համար լրացուցիչ տեղամասեր չեն ստեղծվի, ինչը սպառնալիք էր համարվում մեծամասնական ընտրությունների արդյունքների վրա ազդելու տեսակետից: Ի դեպ` այդ կարգում կարող են եւ միաքաղաքացիները լինել: Սա լրացուցիչ սահմանադրական դատարան դիմելու առիթ չի՞ դառնա. ըստ Դ. Հարությունյանի` այս հարցը չունի միանշանակ պատասխան. եթե նման հարց ծագի` վերջակետը կդնի սահմանադրական դատարանը: Փաստորեն այս փաթեթով տուժում են նաեւ ընտրությունների ժամանակ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնք զրկվում են քվեարկության իրավունքից: Իսկ ՀՀ դիվանագիտական կորպուսի քվեարկության հարցն ինչպե՞ս է լուծվելու. «Իմ պատկերացմամբ` դիվանագետներին պետք է հեռակա քվեարկության հնարավորություն տրվի, խոսքը մոտ 100 մարդու մասին է, բայց դա կպահանջի, անշուշտ, օրենքում փոփոխություններ. օրենքի գաղափարախոսությունը մերժում է ՀՀ քաղաքացիների քվեարկությունն արտերկրում», մեկնաբանեց Դ. Հարությունյանը:

Մեծամասնականով երկքաղաքացիների ընտրելու վերաբերյալ սահմանափակող դրույթը, որ ավելի վաղ ընդունվել էր, այդպիսով, այլեւս անիմաստ էր դառնում, եւ վերացվել է: Ընդունված փաթեթով երկքաղաքացիները կարող են ընտրել եւ համամասնականում, եւ մեծամասնականում. «Երբ մենք խոսում էինք մեծամասնական քվեարկությունների սահմանափակման մասին` նկատի ունեինք, որ արհեստականորեն կարող է դիսբալանս ստեղծվել, եւ ընտրական հանձնաժողովն այս կամ այն տարածքում համապատասխան տեղամաս ստեղծելով` իր որոշմամբ կազդեր գործընթացի վրա», որոշման հիմնավորումը սաստկացրեց Դ. Հարությունյանը:

ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, որ ձեռնպահ էր քվեարկել, եւ նրա առաջարկներն ամենաարմատականներն էին սահմանափակումներ մտցնելու առումով, կարծես անբավարարված մնաց. «Իմ առաջարկներից միայն մի մասն է ընդունվել, իսկ ինչ վերաբերում էր պարտականությունների համամասնությանը, ռեզիդենտ լինելու առաջարկը համալիր այդ բոլորը պարունակում էր` բիզնես ունենալ, հարկատու լինել, զինվորական պարտականություն կատարել: Իմ կարծիքով` նոր առաջարկը մի քիչ մեղմացված է, ուրիշների կարծիքով էլ` կոշտացված, քանի որ, որպեսզի հաշվառված լինես` պետք է սեփական տուն ունենաս: Այնուամենայնիվ...»: Քվեարկությունից հետո ՀՅԴ խմբակցությունից Գեղամ Մանուկյանը լրագրողներին հայտնեց, որ հաշվառման պարտադրանքը ընտրական իրավունքից զրկում է մարդուն, հակասահմանադրական է: ՀՅԴ-ի համար այս առումով Սահմանադրական դատարան դիմելու դուռ է բացվում:

Իսկ փաթեթին դեմ էր քվեարկել ՄԱԿ-ը, քանի որ այս խմբակցության անդամները դեմ են երկքաղաքացի վարչապետ եւ նախարար ունենալուն:

Երեկ քվեարկվեցին նաեւ ԱԺ կանոնակարգ-օրենքի այն փոփոխությունները, որոնց մեջ չէր ամրագրվել հարցապնդման ինստիտուտն ու չէր լուծվել հայտարարությունների, հարցուպատասխանի հեռարձակման խնդիրը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը քվեարկությունից առաջ հանգստացրեց` հանրային հեռուստաընկերության հետ պայմանավորվածության արդյունքում, մինչեւ հարցի լուծման տարբերակներ գտնելը, ամեն կիրակի «Խորհրդարանական ժամը» կհեռարձակվի: ՕԵԿ-ը հանեց իր ստորագրությունն օրինագծից, ՄԱԿ-ը դեմ էր (հարցապնդումները չամրագրելու պատճառով), բայց դա քվեարկությամբ չերեւաց. 73 կողմ, ոչ մի դեմ, 3 ձեռնպահ` այս էր քվեարկության արդյունքը, չնայած լրագրողները ոնց հաշվում էին, այդ պահին պատգամավորների թիվը 70-ից չէր անցնում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4