«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2007-03-01 | #39, 2007-03-02 | #40, 2007-03-03


ԱՂԹԱՄԱՐԻ ՍԲ. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՌԱՆՑ ԽԱՉԻ

Վարչապետ Էրդողանը այն կբացի մարտի 29-ին

Այդ մասին երեկվա համարում տեղեկացրել է «Հուրիեթը», ընդգծելով, որ Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու բացումը թեեւ նշանակված էր ապրիլի 15-ին, սակայն այդ օրը Գերմանիայում վարչապետ Էրդողանը մասնակցելու է Հաննովերի տոնավաճառին: Այդ իսկ պատճառով բացման արարողությունը առաջ է բերվել եւ նշանակվել է մարտի 29-ին:

Թուրքական թերթը նշում է նաեւ եկեղեցու բացումն առաջ բերելու այլ պատճառների մասին, որոնք շրջանառվում են Անկարայի հետնաբեմերում: Պատճառներից առաջինն այն է, որ ապրիլին երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը հրապարակելու է նախագահության իր թեկնածուի անունը, երկրորդըՙ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկման հավանությունն է, իսկ երրորդըՙ եկեղեցու բացումով բանաձեւի քվեարկության նախօրեին աշխարհին թուրքամետ ազդանշաններ հաղորդելու Թուրքիայի վարչապետի նկատառումը:

«Հուրիեթը» թերեւս ազդանշանների հանգամանքով է պայմանավորում բացմանը ներկայացուցչական պատվիրակությամբ ներկայանալու Էրդողանի ձգտումը, որի մեջ ընդգրկված կլինեն ինչպես «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության, այնպես էլ կառավարության մի շարք անդամներ: Սբ. Խաչ եկեղեցու բացմանը թուրքահայ համայնքի ներկայացուցիչների կողքին հրավիրվելու են հայկական սփյուռքի այն ներկայացուցիչները, որոնք ներկա են եղել Հրանտ Դինքի հուղարկավորությանը: Հրավիրվածների թվում կլինեն նաեւ կառավարության անդամներ, քաղաքական գործիչներ եւ մտավորականներ Հայաստանից:

Վերջում «Հուրիեթը» նշում է, որ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլլա Քոչը եկեղեցու բացմանը մասնակցելու հատուկ հրավեր է ուղարկելու Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումն իրականացրել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը: «Հուրիեթը» նույն օրվա համարում այս փաստը մատնանշելիս, միաժամանակ մատնացույց է անում, որ Սբ. Խաչը վերականգնվել է առանց խաչի: Դրա առնչությամբ նախարար Քոչը նշել է, որ խաչի առումով իրենք որեւէ դիտավորություն չունեն, եթե բնօրինակն ունեցել է, ապա խաչը կդրվի: Նախարարին ուղղել է պատմական հուշարձանների վերականգնման գծով նախարարության մասնագետ Յաքուբ Հազանը, ասելով. «Եկեղեցին, անկասկած, խաչ ունեցել է: Մենք չենք վերականգնել, որովհետեւ չկարողացանք գտնել խաչի հստակ պատկերը: Ձեռքի տակ ունենք ընդամենը մեկ լուսանկար, որը հեռվից է արված եւ խաչը շատ աղոտ է երեւում»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4