«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2007-03-16 | #49, 2007-03-17 | #50, 2007-03-20


ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԿԸՀ

Իսկ ԵԱՀԿ դիտորդները ժամանում են

Ապագա խորհրդարանում տեղ հայցող հայրենի կուսակցությունները, ովքեր համամասնական ցուցակներ են ներկայացրել ԿԸՀ, դեռեւս չեն շտապում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել: Այդ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը մինչեւ 2007-ի մարտի 28-ը, ժ.18-ն է: Բայց որքան էլ տարօրինակ է, ըստ ԿԸՀ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանի, նմուշի համար գոնե մեկ կուսակցություն փաստաթղթեր չի ներկայացրել: Գրանցումը կատարվելու է արդեն ապրիլի 2-ից 7-ը: ԿԸՀ-ն մեկ առ մեկ ստուգելու է այդ փաստաթղթերը, այսինքնՙ ԿԸՀ սուղ աշխատակազմի ձեռքի տակով անցնելու են հազարավոր թեկնածուների փաստաթղթեր: Ֆիզիկապես հնարավո՞ր է արդյոք երեք-չորս օրում նույն զգոնությամբ այդքան փաստաթուղթ ստուգել: Պատկերացրեք, թե ինչպիսի եռուզեռ է լինելու ԿԸՀ-ում, մանավանդ որ ԿԸՀ-ականներին րոպեն մեկ անհանգստացնելու են մեր բավական մեծ լրագրողական կորպուսի ներկայացուցիչները: Սակայն ԿԸՀ աշխատակիցները համոզված են, որ կկարողանան գործը գլուխ բերել:

Հիշեցնենք, որ կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակը գրանցվում է, եթե սահմանված ժամկետում ներկայացվում է նվազագույն աշխատավարձի 2500-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը, տեղեկանք համամասնան ցուցակով առաջադրված թեկնածուների` վերջին 5 տարում ՀՀ քաղաքացի լինելու եւ էլի 5 տարի ՀՀ-ում բնակվելու մասին: Թեկնածուները պետք է ներկայացնեն նաեւ գույքի եւ եկամուտների հայտարարագիր` տրամադրված լիազորված պետական մարմնի կողմից:

Կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է ԿԸ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

Իսկ մեծամասնական թեկնածուներին գրանցում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, գրանցման համար ընտրություններից 45 օր առաջ ԿԸՀ պետք է ներկայացվեն հետեւյալ փաստաթղթերը. նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով ընտրագրավի մուծման անդորրագիր, տեղեկանք վերջին 5 տարում քաղաքացի լինելու եւ բնակվելու մասին եւ գույքի հայտարարագիր:

Ի դեպ, ԿԸՀ երեկվա տվյալներով` մեծամասնականով թեկնածուների շարքերը նվազել են եւս 4-ով: Իրենց թեկնածությունը հանել են թիվ 13 ընտրատարածքից «Անի-Ա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Գարիկ Հակոբյանը, թիվ 18-ից` «Վեդի-Ալկոյի» փոխտնօրեն Արմեն Ղազարյանը (այստեղ նույն ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանն էլ է առաջադրվել), թիվ 21-ից` Արմավիրի մարզի դատախազի օգնական Կարեն Վարդանյանը, թիվ 4-ից` Երիտասարդական կուսակցության անդամ Տիգրան Նալբանդյանը: Վերջին ընտրատարածքից մի փոքր ավելի վաղ իր թեկնածությունն էր հանել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Նշան Վաղարշակյանը: Այսպիսով` մեծամասնական թեկնածուների թիվը դարձավ 169:

Իսկ որ դեռեւս կուսակցությունները չեն շտապում փաստաթղթեր ներկայացնել` կարո՞ղ է մի մասը միտքը փոխել է ու դուրս է գալու ընտրապայքարից: Կամ էլ մեր սովորական գործելակերպն է աշխատում` ամեն ինչ թողնել վերջին օրվան եւ վերջին պահին, քանի որ հայերս մինչեւ վերջին րոպեն ձգելու սովորույթ ունենք: Օրինակ, հիշենք, որ ՀՀԿ ցուցակի` ԿԸՀ կայքում տեղադրումը տեղի ունեցավ ամենավերջին պահին միայն:

Երեկվա տվյալներով 2007-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ էին դիմել տեղականներից «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն ( 2292 դիտորդ), «Ընտրական համակարգեր» կենտրոնը` 10 դիտորդ, «Հեռանկարային ծրագրերի համահայկական կենտրոն» ՀԿ-ն (12), «Ապավեն» ՀԿ-ն (60 դիտորդ), «Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ն (17 դիտորդ), միջազգայիններից` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհուրդը (12 դիտորդ), ԱՊՀ գործադիր կոմիտեն (8 դիտորդ):

Իսկ երեկ խորհրդարանական ընտրությունները երկարաժամկետ դիտորդելու համար Երեւանում բացվեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ) կենտրոնը: Հիշեցնենք, որ երկարատեւ դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ դիտորդների 20 հոգանոց առաջին խումբը Երեւան է ժամանել անցած շաբաթ: Նրա կազմում են դիտորդներ 12 եվրոպական երկրներից: Եվս 26 դիտորդ կժամանեն հաջորդ շաբաթ: Ընդհանուր հաշվով մարտի 12-ի խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ-ն կներկայացնի 300 դիտորդ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4