«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2007-04-20 | #74, 2007-04-21 | #75, 2007-04-24


ՍԱՐՈՅԱՆԻ «ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է» ՉԵԽԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

Հոգեհանգստյան պատարագ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Ապրիլի 22-ին Պրահայի «Բորդո» ակումբում ներկայացվեց Ուիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը, որի չեխերեն թարգմանության հեղինակը նաեւ բեմադրիչն է` պրահայաբնակ շնորհալի երիտասարդ Անդրան Աբրահամյանը: Փոքր բեմ, սիրողական-երիտասարդական թատրոն` Նեոմլուվենե դիվադլո, որ թարգմանաբար նշանակում է «Չներված թատրոն», եւ որը գործում է 2001 թվականից: Բեմադրության եւ ներկայացման ցուցադրության պաշտոնական իրավունքը ստացվել է Միացյալ Նահանգներից:

Մեզ հետ զրույցում Անդրան Աբրահամյանը նշեց, որ նախապես որոշել էր Սարոյանի «Վագր» անունով գործը վերածել պիեսի եւ բեմադրել, բայց հետո հրաժարվել է այդ մտքից եւ նախաձեռնել «Իմ սիրտը լեռներում է» պիեսի անգլերենից չեխերեն թարգմանությունը, իսկ այնուհետ նաեւ բեմադրությունը: Իսկ թատրոնի ընտրությունը կատարվել է պատահականորեն, երբ իր ընկերուհիներից մեկը ծանոթացրել է թատրոնի ղեկավարության հետ եւ իր առաջարկը ընդունվել է: Պետք է ասել, որ Անդրանը հմտորեն օգտագործել էր փոքր բեմի հնարավորությունները, կատարել դերասանների ճիշտ ընտրություն: Հատկապես համոզիչ էին Բեն Ալեքսանդրի եւ ՄաքԳրեգորի կերպարները, իսկ տատիկի դերակատարուհին` ինչպես եւ պահանջում էր պիեսի բնօրինակը, խոսում էր հայերեն:

Ի դեպ, բոլոր դերասանները չեխեր են եւ սովորում են տարբեր բուհերում, իսկ Անդրանը սովորում է Կարլի համալսարանի միանգամից երկու ֆակուլտետներում` կինոքննադատության եւ ... կենսաբանության:

Նրա ասելով, ըստ իրենց հետազոտությունների, մինչեւ այժմ Չեխիայում Սարոյանի այս պիեսը չի բեմադրվել, ամեն դեպքում չի գտնվել այս գործի չեխերեն տարբերակը: Հայտնի է միայն, որ «Նա Բլիզկո» թատրոնում ժամանակին բեմադրվել է Սարոյանի «Թրեյսի վագրը»:

Հիշեցնենք, որ հայկական թեմայով վերջին ներկայացումը տարիներ առաջ բեմադրվեց Պրահայի Վինոհրադի թատրոնում: Դա Կալինոսկու «Գազանը լուսնի վրա» հայտնի պիեսն էր: Իսկ մայիսի սկզբին Պրահայի «Վիոլա» թատրոնում տեղի կունենա սենատոր Յարոմիր Շտետինայի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Հրաշքների դարը» պիեսի առաջնախաղը, որը նվիրված է 1988 թվականի հայաստանյան երկրաշարժին:

Եվս երկու կարեւոր մշակութային իրադարձություն այս օրերին հանձնվեցին չեխ արվեստասեր հասարակության դատին: Առաջինը հայտնի հոգեբան եւ արձակագիր Էլդա Գրինի պատմվածքների «Սպիտակ թռչուններ» չեխերեն ժողովածուն է, որը հրատարակել է Չեխիայի մշակույթի նախարարությունը: Երկրորդը` «Հայ ավանդական երաժշտություն» խտասալիկն է, որտեղ ամփոփված են հայկական ժողովրդական երգերը հայ երգարվեստի հայտնի գործիչների կատարմամբ:

Իսկ ապրիլի 24-ին, չեխահայությունը կմասնակցի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագին, որ Սուրբ Յիլիայի եկեղեցում կմատուցի Չեխիայում եւ Հունգարիայում հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը: Պատարագից հետո չեխահայ երիտասարդների ուժերով կներկայացվի գրական-երաժշտական կոմպոզիցիա:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4