«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2007-05-26 | #100, 2007-05-30 | #101, 2007-05-31


«ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵՆՔ ՎԵՐԱԲԱՑԵԼՈՒ ՄԵԼԳՈՆՅԱՆԸ»

Մայիսի 17-23-ը Կիպրոսում էր գտնվում Հայաստանի ժուռնալիստների միության պատվիրակությունը միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի գլխավորությամբ: Հյուրընկալող կողմըՙ Կիպրոսի ժուռնալիստների միությունը, ի դեմս նրա նախագահ Անդրեաս Քանաուրոսի եւ վարչության մյուս անդամների, պատրաստել էր հագեցած ծրագիրՙ պաշտոնական հանդիպումներից մինչեւ այցելություն Կիպրոսի տարբեր շրջաններ: Ստորեւ այցի պաշտոնական մասի վերաբերյալ Նիկոսիայի «Ֆայնենշըլ միրոր» թերթի խմբագիր Մասիս Տեր-Բարթողի թղթակցությունըՙ թարգմանաբար: Ինչ վերաբերում է մյուս հանդիպումներին, որոնք հայկական պատվիրակության համար նույնքան ուսանելի էին ու հետաքրքրական, ապա հատկապես պետք է առանձնացնել Ֆամագուստա այցը, որտեղ 1974 թ. թուրքական ներխուժումից հետո ստեղծվել է անընդունելի բաժանման գիծը, որից այս կողմ, իրենց իսկ հողի վրա փախստական են դարձել ֆամագուստացի հույները: Հիշարժան էին նաեւ հայկական պատվիրակության այցելությունները պատմական հուշարձաններ, որոնք ներկայացնում են հին հունական, հռոմեական ու վենետիկյան քաղաքակրթությունների տարբեր շերտերը, ներկայացված նախանձելի մակարդակով, զբոսաշրջիկների համար շատ մատչելի ձեւով: Ամբողջ կղզում, ամենուր, կիպրոսցի հույները գիտակից ջանասիրությամբ սովորում ու հպարտ են զգում իրենց ժառանգած պատմական արժեքներով, ինչը տարեկան շուրջ 3 մլն զբոսաշրջիկ ընդունող երկրին տալիս է մի առանձին գրավչություն:

Ավելացնենք նաեւ, որ Կիպրոսի ժուռնալիստների միությունը երկրում շատ հարգված կառույց է, իսկ նրա անխոնջ նախագահը մեծ ազդեցություն ունի պետական ու ժողովրդական շրջանակներում:

Նախանցյալ երկուշաբթի օրը Կիպրոսում գտնվող Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի եւ «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ կայացած առանձին հանդիպման ժամանակ իշխող Դեմոկրատական կուսակցության (Դիկո) հայազգի նախագահ Մարիոս Կարոյանն իր աջակցությունը խոստացավ Նիկոսիայի Մելգոնյան կրթօջախի վերաբացմանը նպատակաուղղված պայքարին: «Դիկո»-ի երիտասարդ եւ եռանդուն առաջնորդը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու նոր ուղիներ գտնելու գործում, քանի որ «երկու կողմերն էլ զոհ են գնացել միեւնույն թշնամունՙ Թուրքիային»: Նա ավելացրեց, որ հարաբերությունների ամրապնդումը այլ դռներ կարող էր բանալ եւ առաջարկեց համագործակցություն սկսել երկու երկրների ժուռնալիստների միությունների միջեւ, մանավանդ հաշվի առնելով, որ Կիպրոսի ժուռնալիստների միությունը մեծ հարգանք է վայելում երկրում:

Անդրադառնալով պարոն Ավետիքյանի այն խոսքերին, որ Հայաստանի ու Կիպրոսի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը, հատկապես նկատի ունենալով Հայաստանում Կիպրոսի դեսպանության բացակայությունը, բավարար չէ եւ ավելին կարելի է անել, Կարոյանը նշեց, որ հենց Եվրոմիությանն անդամակցելու Կիպրոսի դիվանագիտական գործընթացն ավարտվի, հաջորդ քայլը լինելու է Հայաստանի հարցը: «Ազգի» գլխավոր խմբագիրը նաեւ շեշտեց, որ բավարար չափով չէր օգտագործվում աշխարհի տարբեր անկյուններում ծվարած Մելգոնյանի սաների ներուժը: «Նրանք լավագույն դեսպաններն են, որ Կիպրոսը երբեւէ կարող է ունենալ», ասաց նա:

Կիպրոսում գտնվելու ամբողջ ընթացքում Աստղիկ Գեւորգյանն ու Հակոբ Ավետիքյանը բազմիցս վայելեցին վետերան լրագրող Ջորջ Տեր-Բարթողի ընկերակցությունը: Նրանք այցելեցին «Նարեկ» վարժարանը, Մելգոնյան կրթօջախի ամայացած տարածքները, Գալայճյանի անվան ծերանոցը Նիկոսիայում, Լառնակայում տեղադրվելիք ցեղասպանության հուշահամալիրի վայրը եւ մասնակցեցին Մելգոնյանի գործով փաստաբանական լսումների բրիֆինգին: Նրանց ընդունեց կառավարության խոսնակ Վասիլիս Պալմասը, մամուլի եւ տեղեկատվության նախարարության արտասահմանյան բաժնի տնօրեն Էլեոնորա Գավրիելդուն, ինչպես նաեւ խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչ պատգամավոր Վարդգես Մահտեսյանը:

Ոչինչ չի փոխվել Թուրքիայում

Ներկայացուցիչների պալատի նախագահ եւ «Աքել» կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Դեմետրիս Խրիստոֆիասի հետ անցյալ չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ դարձյալ շոշափվեց Մելգոնյանի հարցը: «Խոստանում եմ, որ հարցը նորից կներկայացնենք Կիպրոսի նախագահի ուշադրությանը: Գիտակցում ենք, որ բարդ խնդիր է եւ լուծման բանալին գտնվում է Մ. Նահանգներում կամ, ավելի ճիշտ, Նյու Յորքում տեղակայված ՀԲԸՄ-ի ձեռքերում: Դժբախտաբար Ամերիկա մեկնած հայերից ոմանք մոռանալով իրենց արմատներըՙ ավելի թունդ ամերիկացիներ են դարձել հանուն փողի եւ հարստության», նշեց Խրիստոֆիասը, ավելացնելով, որ Մելգոնյանը Կիպրոսի մշակութային կյանքի անքակտելի մասն է եղել, եւ կիպրոսցիները հպարտ են, որ նման կրթօջախ է գտնվում իրենց երկրում:

Ապա անդրադառնալով Կիպրոսի հետագա ճակատագրին, նա ասաց. «Օսմանյան կայսրության իշխանությունից աթաթուրքյան աշխարհիկ հանրապետություն դառնալովՙ դժբախտաբար ոչինչ չփոխվեց Թուրքիայում: Այսօր էլ ականատես ենք լինում Թուրքիայի էքսպանսիվ քաղաքականության շարունակական բնույթին: Ոչ մի դրական փոփոխություն չեմ տեսնում մոտիկ ապագայում: Հաշվի առնելով, որ նախագահական ընտրություններ են կայանալու ինչպես Թուրքիայում, այնպես էլ Կիպրոսում, պետք է խոստովանել, որ կրիտիկական ժամանակներ են սպասում»:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4