«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2007-05-31 | #102, 2007-06-01 | #103, 2007-06-02


ՀԱՅԱԶԳԻ ՍՈՊՐԱՆՈՆ ՓԱՅԼՈՒՄ Է «ԱՆՆԱ ՖՐԱՆԿՈՒՄ»

«Լոս Անջելես թայմսից» արտատպելով լուրը, «Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթը մայիսի 5-ի համարում տեղեկացնում է, որ Ուեստվուդի «Սինայ տաճարի հանգստավետ եւ մտերմիկ» գառաժում Լոնգ Բիչի օպերան ներկայացրել է ռուս երգահան Գրիգորի Ֆրիդի «Աննա Ֆրանկ» օպերան, որտեղ գլխավոր մենակատարի դերում հանդես է եկել 24-ամյա հայազգի սոպրանո Անի Մալճյանը:

«Չգիտեմ սոպրանոներին քանի անգամ է վիճարկվել լուսարձակի պայծառ լույսի ներքո երգել եւ արտահայտել խորը ցավ ու թախիծ, բայց երբ Մալճյանն էր եզրափակում նացիստների շրջափակման էպիզոդըՙ այդ թախիծն ու ցավն այնքան արտահայտիչ էին, որ գառաժում հայտնվածների արյան հավանական ճնշումը պետք է որ վտանգավոր աստիճանի բարձրացած լիներ», գրում է հոդվածագիր Մարկ Սուեդը, որի գառաժում հայտնվելու առաջին տպավորությունն անմիջապես փարատվել է «զարմանալիորեն գերազանց ակուստիկայի եւ մտերմիկ մթնոլորտի առկայության» հետեւանքով:

Անի Մալճյանը հանդես է գալիս Սեաթլի եւ Սան Ֆրանցիսկոյի օպերաների երիտասարդ արվեստագետների ծրագրերում: Ըստ հոդվածագրի բեմադրության գլխավոր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Անդրեա Միտիսեկը ճիշտ ընտրություն է կատարել Մալճյանին վստահելով մենակատարի դերը: Բեմադրության դրամատիկական երանգը առավել շեշտելու համար «Միտիսեկը հրավիրել է նաեւ Հոլոքոսթը վերապրած բանաստեղծուհի Լորա Հիլմանին, որը մերթընդմերթ ընթերցել է հատվածներ իր բանաստեղծություններից»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4