«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2007-06-07 | #107, 2007-06-08 | #108, 2007-06-09


ՄԱՀԱՑԵԼ Է «ԼԻՆՍԻԻ» ՆԱԽԱԳԱՀ ՋԵՅՄՍ ԱԼՋՅԱՆԸ

Մեծ ուշացումով Փարիզի «Յառաջ» օրաթերթից տեղեկանում ենք, որ ապրիլի 12-ին իր մահկանացուն է կնքել ամերիկահայ բարերար, հայտնի գործարար Քըրք Քըրքորյանի «Լինսի» բարեգործական հիմնադրամի նախագահ Ջեյմս Ալջյանը, 75 տարեկան հասակում:

Նա ծնվել էր Օքլենդում (Կալիֆոռնիա), բարձրագույն մասնագիտական կրթությունն ստացել էր Բերքլիի եւ Գոլդըն Գեյթ համալսարաններից: Անդամ էր Քըրքորյանի Տրասինդա ընկերության խորհրդի, գործադիր տնօրենը MGM-Mirage ընկերության: Քըրք Քըրքորյանը խոսելով 40 տարվա իր ընկերոջ` Ալջյանի մասին, ասել է. «Առաջին անգամ նրան 1961 թ.-ին հանդիպեցի Ըռնստ էնդ Ըռնստ ընկերությունում, որի հաշվեքննիչն էր: Տոկուն մարդ էր եւ ես իսկույն զգացի, որ նրա կարիքն ունեմ իմ թիմում: Նրա օրինապահ ու վստահելի լինելը փաստվեց տարիների ընթացքում: Թանկագին մարդ էր ինձ համար»: Որպես «Լինսիի» նախագահ Ջեյմս Ալջյանը միլիոնավոր դոլարներ է հատկացրել Հայաստանին, սփյուռքահայ տարբեր կառույցների` եկեղեցի, դպրոց, մշակութային եւ բարեգործական հաստատություններ: Նրա հատկացրած վերջին` 4,5 միլիոն դոլարից օգտվեցին Լիբանանի ճգնաժամային կացության մատնված հայկական բոլոր` 28 դպրոցները:

Տարօրինակ է, որ ՀՀ կառավարությունն ու ամեն տեսակի ԾԻԳ-երը լուռ մնացին նրա մահվան կապակցությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4