«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2007-06-14 | #112, 2007-06-15 | #113, 2007-06-16


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԵՐԸ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

Բադ-Հոնեֆում (Գերմանիա) մայիսի 19-ին կայացած «Հելիոֆիզիկայի միջազգային տարի-2007» խորագրով համագումարի օրերին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի «Տիեզերական ճառագայթների բաժանմունքի» տնօրեն, պրոֆ. Աշոտ Չիլինգարյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Դելիի (Հնդկաստան) Ջավահարլալ Ներուի անվան համալսարանի շրջակա միջավայրի ուսումնասիրման բաժնի աշխատակից պրոֆ. Սաոմիտրա Մուխերջիի հետ, հաղորդում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 2-ի համարը:

Այդ հուշագրով Հնդկաստանը միանում է վերոնշյալ ինստիտուտի համապատասխան բաժնի ղեկավարած տիեզերական միջավայրի դիտարկման եւ վերլուծության միջազգային ցանցին, որը տիեզերական եղանակի ուսումնասիրման համար աշխարհի երկրներին տրամադրում է հայ գիտնականների ստեղծած ամենաարդիական դետեկտորները: Վերջիններիս ամենազգայուն տեխնիկական մասերը հավաքվում են Հայաստանում, իսկ արտաքին մեխանիկական շրջանակները` գնորդ երկրում: Հավաքված տեղեկությունները ինտերնետի միջոցով միատեղվելու են Երեւանի կենտրոնում:

Թերթը նաեւ նշում է, որ «Միջավայրի դիտարկման եւ վերլուծության» երեւանյան կենտրոնը համագումարի շաբաթական տեղեկատու հանդեսում արժանացել է «Շաբաթվա աստղադիտարանը» կոչմանը, իսկ պրոֆ. Աշոտ Չիլինգարյանը` «շաբաթվա անձնավորությունը» կոչման:

ՀԱԿՈԲ ԾՈԻԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4