«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2007-06-29 | #123, 2007-06-30 | #124, 2007-07-03


ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀԵՆՐԻ ԱՂԱՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է

Հունիսի 26-ին լրացավ բժշկագիտության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի հայերի միության նախագահության անդամ Հենրի Ծատուրի Աղայանի 70 տարին: Նա ծնվել է 1937 թ.-ին Կիրովաբադում (Ադրբեջան): 1956 թ. Երեւանի թիվ 55 դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ: 1962 թ. աշխատանքի է անցել ԽՍՀՄ ԲԳԱ նորմալ եւ պաթոլոգիական բնախոսության ինստիտուտի կենսաբժշկական կիբեռնետիկայի լաբորատորիայում: 1967 թ. «Մարդու ուղղահայաց դիրքի պահպանման համակարգային մեխանիզմների հետազոտությունը» թեմայով թեզը պաշտպանելուց հետո նա դարձել է տեխնիկական գիտությունների թեկնածու, իսկ 1981 թ. դոկտորական թեզ է պաշտպանել կենսաբանության ոլորտում:

Փորձարարական տվյալների հիման վրա Հ. Աղայանն սկզբունքորեն նոր մեթոդիկաներ եւ էլեկտրոնային-հաշվողական համալիրներ է ստեղծել մարդու ֆունկցիոնալ վիճակի անընդմեջ վերահսկման եւ նրա գործունեության կառավարման համար: Այդ ամենը հնարավորություն տվեց մշակելու մաթեմատիկական նոր մեթոդներ, ինչպես նաեւ մարդուց ստացվող բժշկակենսաբանական տեղեկատվության վերլուծության էլեկտրոնային համակարգեր: Դրա շնորհիվ ստեղծվեց մարդու գործունեության տարբեր պայմաններում նրա ֆունկցիոնալ վիճակի օպերատիվ գնահատման հատուկ շարժական համալիր:

Մարդու օրգանիզմը վերականգնելու, նախնական վիճակի բերելու մեթոդիկայի ստեղծումը հսկայական նշանակություն ունի առաջին հերթին «էքստրեմալ» մասնագիտությունների տեր մարդկանց (մարզիկներ, օդանավակայանի օպերատորներ եւ այլն) համար:

Աղայանի ստացած տվյալների գործնական կիրառման նպատակով 1979 թ. ԲԳԱ-ն ԽՍՀՄ սպորտկոմիտեի հետ համատեղ ստեղծեց մարդու գործունեության համակարգային կազմակերպման հետազոտության միջճյուղային բաժին Հենրի Աղայանի գլխավորությամբ:

Հետազոտությունների արդյունքները կիրառվեցին ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի պատրաստության ժամանակ եւ զգալիորեն նպաստեցին 1980 թ. օլիմպիադայում խորհրդային մարզիկների ակնառու նվաճումներին: ԽՍՀՄ օլիմպիական կոմիտեն եւ ԲԳԱ-ն Հ. Աղայանի վաստակը գնահատելովՙ նրան պարգեւատրեցին «Վոլգա» ավտոմեքենայով:

ԽՍՀՄ ԲԳԱ-ի հանձնարարությամբ 1992 թ. Հ. Աղայանն ընտրվեց Բժշկագիտության միջազգային ակադեմիայի իսկական անդամ:

1988 թ. դեկտեմբերյան երկրաշարժից հետո Հ. Աղայանը մեկնեց Լենինական եւ սկսեց գլխավորել քաղաքի բժշկական ծառայությունը, ավերված բուժհիմնարկների վերականգնման աշխատանքները:

1990-ական թթ. սկզբից նրա հասարակական գործունեությունը կապված է Ղարաբաղի խնդրի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ: 1992 թ. Հ. Աղայանը հիմնեց Հայագիտության մարդասիրական հիմնադրամ, որը կրում է նրա հորՙ պատմաբան, ակադեմիկոս Ծատուր Աղայանի անունը: Հիմնադրամի նպատակն է նյութական եւ գիտական օգնություն ցույց տալ Ղարաբաղի խնդրով եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով զբաղվող անձանց ու կազմակերպություններին:

1995 թ. Մոսկայում Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացման նպատակով հիմնադրամը մշակեց դրա նախապատրաստման եռամյա (1993-1995 թթ.) ծրագիր: «Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է» գիտաժողովի ծրագրի գլխավոր օղակը 1992 թ. Հ. Աղայանի հիմնած Քաղաքագիտության եւ միջազգային իրավունքի գիտահետազոտական հատուկ ինստիտուտն է հայտնի իրավաբան-միջազգայնագետ, պրոֆեսոր Յուրի Բարսեղովի գլխավորությամբ:

1995 թ. ապրիլի 14-ին ՌԴ Պետդումայի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը պատրաստվել էր հիմնադրամի ակտիվ մասնակցությամբ:

Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած խոշոր ավանդի համար ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀ քաղաքացիություն շնորհեց Հենրի Աղայանին եւ Շառլ Ազնավուրին:

Հ. Աղայանը Ռուսաստանի հայերի միության հիմնադիրներից մեկն է եւ ներկայում ՌՀՄ վարչության առավել գործունյա անդամներից: Զբաղվում է գլխավորապես ռուս-հայկական հարաբերությունների հումանիտար ոլորտով, Հայոց ցեղասպանության միջազգային կողմերով եւ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցերով:

Ս. Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՌԳԱ ակադեմիկոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4