«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2007-06-30 | #124, 2007-07-03 | #125, 2007-07-04


Ի՞ՆՉ ԳՆՈՎ ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ

Այնքան ժամանակ, որ Եվրոմիությանը անդամակցելու իր մտադրությունում վայելում է Մ. Նահանգների աջակցությունը, Թուրքիան կարող է միեւնույն կարկանդակը երկու անգամ ուտել: Եվրոմիությունը անդամակցության համար մի քանի նախապայման է ներկայացրել, որոնցից կարեւորագույնը բաց սահմաններ ունենալն է մյուս անդամ երկրների հետ: Կիպրոսի դեպքում Անկարան մի կերպ քարշ տալով ոտքերը հասավ նշանակված վերջնաժամկետին եւ հայտարարեց, որ կիպրական նավերի համար պատրաստ է մեկ նավահանգիստ բացել, բայց չճշտեց, թե որ մեկը:

Կիպրոսը Եվրոմիության լիիրավ անդամ է եւ կարող է վետո դնել Թուրքիայի անդամակցությանը: Հայաստանը նման լծակներ չունի ազդելու Թուրքիայի վրա: Նա հույսը կարող է դնել միայն միջազգային իրավունքների վրա, որոնք էլ միշտ երկակի ստանդարտներով են կիրառվում: Հենց այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Մ. Նահանգները ճնշում գործադրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա, որպեսզի շրջանցելով ռուսական առարկությունները, վերջինս կողմ քվեարկի Կոսովոյի անկախությանը, մինչդեռ Ղարաբաղի հայերի իրավունքները չեն վայելում նմանօրինակ պաշտպանություն: Հայերի պարագայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն է առաջնային դառնում, հակառակ պատմական եւ իրավական բազում փաստաթղթերի եւ վկայությունների առկայությանը:

Հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը դարձյալ առաջ քաշեց Ստամբուլում հունիսի 25-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որն այդտեղ էր գտնվում մասնակցելու «Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության գագաթաժողովին: Նա ընդգծեց, որ «ցեղասպանության ճանաչումը, չնայած գտնվում է մեր կողմից հետապնդվող քաղաքական հարցերի օրակարգում, երբեք որպես նախապայման չի դիտվել երկու երկրների հարաբերությունները կանոնակարգելու համար»:

Բայց անօգուտ: Նույնիսկ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հետ նրա առանձնազրույցը ոչ մի արդյունք չտվեց, որովհետեւ Թուրքիան ինքը նախապայմաններ է դնում սահմանը բացելու եւ Հայաստանի հետ հարաբերությունները կանոնակարգելու համար: Այդ նախապայմանները հետեւյալներն են.

ա) Ղարաբաղյան հակամարտության կարգավորում` գերադասելիորեն հօգուտ ադրբեջանցիների.

բ) Հրաժարում ցեղասպանության ճանաչման հարցից.

գ) Հայաստանի կողմից 1923 թվի Կարսի պայմանագրի (Անկարայի եւ Մոսկվայի միջեւ) անվերապահ ընդունում: Սա կնշանակեր հրաժարվել բոլոր տեսակի տարածքային պահանջներից:

Առաջին նախապայմանին կարելի է լուծում տալ ժամանակի ընթացքում, բայց Թուրքիան քաջ գիտակցում է, որ վերջին երկու նախապայմանները չեն կարող որպես մեկնարկ ծառայել բանակցություններին: Պետք է նշել, որ միջազգային իրավունք հասկացությունը չափազանց «ճկուն» է եւ կարելի է հարմարեցնել ամենաուժեղի փաստարկներին: Որպես օրինակ նշենք, որ երբ Ջորջ Բուշի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո հայ համայնքի տասնմեկ ներկայացուցիչների հետ հանդիպում էր կազմակերպված Սպիտակ տանը, տողերիս հեղինակը Կարլ Ռոուվին հարց տվեց, թե ինչու Մ. Նահանգները չի կարողանում պահանջել Թուրքիայից բացել Հայաստանի հետ սահմանները, վերջինս իրեն բնորոշ ամբարտավանությամբ որոշեց դուրս գալ սենյակից:

Թուրքիայի առաջ քաշած բոլոր նախապայմանները դատարկ պատճառաբանություններ են: Միջազգային քաղաքականության ասպարեզում կառավարությունները կարող են զիջումների գնալ փոխադարձ զիջումների կամ վարձատրությունների դեպքում, մի բան, որ Հայաստանն ի վիճակի չէ կատարելու: Բայց եթե Եվրոմիությունը «մի համեղ պատառ» առաջարկի Անկարային, ապա բոլոր առարկություններն անմիջապես հօդս կցնդեն, մեր կարծիքով:

Երկու երկրների միջեւ սահմանների փակ մնալը երկսայրի թուր է դարձել երկու կողմի համար էլ: Դրա հետեւանքով Թուրքիայի արեւելյան նահանգները տնտեսապես ավելի են տուժել, քան Հայաստանը, որը խոչընդոտում է Թուրքիայի քաղաքական, տնտեսական եւ մարտավարական ազդեցություններին դեպի Կենտրոնական Ասիայի թուրքական պետություններ ներթափանցելու ճանապարհին: Այս առումով քրիստոնյա Վրաստանը, շրջանցելով Հայաստանը, դավաճանաբար որոշ ծառայություն է մատուցում Թուրքիային:

Մյուս կողմից, հակառակ Հայաստանին պատժելու Թուրքիայի մտադրություններին, Հայաստանը նույնիսկ Թուրքիայի հետ սահմանի փակ մնալու պայմաններում ավելի մեծ տնտեսական աճ է արձանագրել, քան նախկին խորհրդային հանրապետություններից շատերը: Առկա է նաեւ մյուս մտավախությունը: Ըստ ոմանց սահմանի բացումը ճանապարհ կհարթի, որ թուրքական կապիտալի ներհոսք կատարվի, եւ դրանով Անկարան ի վիճակի կլինի նեղելու Հայաստանին տարբեր պատճառաբանություններով:

Որպես կանոն, ճիշտ է, բաց սահմանները նպաստում են հարեւան երկրների միջեւ ավելի քաղաքակիրթ հարաբերությունների մշակմանը եւ զարգացմանը, բայց տվյալ դեպքում դրանք կարող են ներհատուկ վտանգ պատճառել Հայաստանին:

Քաղաքական առումով ճիշտ էր, որ պարոն Օսկանյանը սահմանի բացման հարցն առաջ քաշեց «Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության գագաթաժողովին: Նա քաջ գիտակցում է, ինչպես շատ ուրիշներ, որ բանալին այժմ գտնվում է Թուրքիայի ձեռքերում եւ նա չի օգտագործի, մինչեւ Մ. Նահանգները ճնշում չբանեցնի Անկարայի վրա կամ մինչեւ Եվրոմիությունը շոշափելի վարձատրությամբ չմղի նրան այդ քայլն անելու:

Օսկանյանի ելույթի մասին իր հաղորդագրություններում միջազգային մամուլը դարձյալ իր անբարոյական կեցվածքը արտացոլեց: Ռոյթեր գործակալությունը, օրինակ, նշեց, որ «Թուրքիան փակեց իր սահմանը 1993-ին բողոքելու Հայաստանի կողմից Անկարայի մոտիկ դաշնակից Ադրբեջանի տարածքների օկուպացման դեմ»:

Նմանատիպ գործակալությունների համար պատմական փաստերը եւ միջազգային իրավունքները գոյություն չունեն: Ոչ ոք չի ցանկանում լսել, որ Ղարաբաղը երբեք մաս չի կազմել Ադրբեջանի եւ որ Խորհրդային Միության կազմից դուրս է եկել նույն օրենքներով եւ պայմաններով, որոնցով Ադրբեջանն է ձեռք բերել իր անկախությունը:

Ռոյթերը, ինչպես նաեւ Ասոշիեյթեդ պրեսը անբարոյական կեցվածք են որդեգրում նաեւ ցեղասպանության հարցի առնչությամբ, դարձնելով «մեկն այսպես է ասում, մյուսնՙ այնպես» բանավիճային նյութ, անտեսելով օսմանյան թուրքերի գործած ոճրագործության պատմական բազում փաստերը:

Այդուհանդերձ, Օսկանյանի վերոնշյալ ելույթը հույսեր էր փայփայում, որ հուլիսի 11-ի խորհրդարանական ընտրություններից հետո Անկարայի դիրքորոշումը սահմանների բացման կապակցությամբ դրականորեն կփոխվի, դժբախտաբար, Թուրքիան իր ներկայիս որդեգրած դիրքորոշումից մի փոքր անգամ չի շեղվելու մինչեւ ավելի հզոր պետությունների կողմից ճնշում չգործադրվի կամ պարգեւատրում չտրվի նրա «լավ վարքագծի համար»:

Որպես փորձառու դիվանագետ Օսկանյանը գիտակցում է սա:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4