«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2007-07-07 | #128, 2007-07-10 | #129, 2007-07-11


ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

իմնադրվելուց 7 տարի անց, 1997 թվականին, Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակի առթիվ «Հայագիտակ» հրատարակչությունը լույս ընծայեց մեծ բանաստեղծի ընտրանինՙ քարե կազմով, որի նմանը դեռեւս գոյություն չուներ հայաստանյան եւ առհասարակ գրքի միջազգային շուկայում: Այդպես սկիզբ առավ քարակազմ գրքերի մատենաշարը. հրատարակվեցին Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Պուշկինի, Շոթա Ռուսթավելու (վրացիների պատվերով), Սերգեյ Եսենինի ընտրանիները, «Գլուխգործոց ռուս քնարերգության ժողովածուն»: Սկզբում օգտագործվում էր միայն վանակատ քարըՙ սատանի եղունգը, հետո ծնվեցին նոր մտահղացումները եւ իրար հետեւից հայտնվեցին բազմատեսակ քարերով կազմված գրքերը: Կարճ ժամանակ անց քարակազմ գրքերի կողքին դրվեցին կաշվե, փայտե, արծաթե շապիկ հագածներըՙ իրենց պատյաններով: Գրքի միջազգային ցուցահանդեսում դրանք շատերին են զարմացրել ու հիացրել, իսկական հայտնություն դարձել, որովհետեւ որեւէ երկրում քարերն այդպես չեն մշակում: Հայաստանյան հրատարակչական հեղեղի մեջ եւս «Հայագիտակը» առանձնանում է հենց դրանով, այդկերպ արտահայտելով գրքի հանդեպ իր պաշտամունքային վերաբերմունքը, ընթերցողին հանձնելով գիրք-հուշարձանՙ փորձելով մեր ժամանակներ վերադարձնել միջնադարում հայերիս այնքան հատուկ գրքի հանդեպ պաշտամունքը:

Ստեղծեց նաեւ «Գիր» մատենաշարըՙ հրատարակելով «Գանձարան հայ հին բանաստեղծության» ժողովածունՙ շքեղ ոչ միայն տեսքով, այլեւ բովանդակությամբ: Գիրքը կազմել է անվանի գրականագետ Պողոս Խաչատրյանը, ընդգրկելով հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչեւ Սայաթ-Նովա:

Հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանը երկար տարիներ լինելով «Գրքերի աշխարհի» ապաՙ 2 տարի «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը, իր գործունեության ընթացքում անընդհատ զգում է ճշմարիտ գրականության ապաքինող հատկություններըՙ «Վահան Տերյանի տեքստերը բուժիչ են, մի քանի ամիս դրանց հետ շփվելով ազատվեցի մի քանի հիվանդություններից, մի քանիսն էլ չքացան Թումանյանի գիրքը կազմելիս», կես-կատակ, կես-լուրջ ասում է նա:

Առաջիկայում լույս կտեսնեն Մարինա Ցվետաեւայի, Աննա Ախմատովայի, Օսիպ Մանդելշտամի ընտրանիները, ռուս հանճարեղ գրող Ֆ. Դոստոեւսկու «Արեւելյան հարց» ժողովածուն, որն իսկական հայտնություն կլինի թուրքական կոտորածների էության եւ բնույթի մասին: Նախատեսվում է նաեւ հրատարակել հայ մանրանկարիչների ալբոմները, դրանց ինքնատիպ ձեւավորմամբ փորձելով նորովի մատուցել միջնադարյան գրքի ավանդույթները:

Գրական գործերին զուգահեռ, շախմատի մեծ երկրպագու Իսոյանը լույս է ընծայել Տիգրան Պետրոսյանի 260-ից ավելի պարտիաների ժողովածուն:

Այժմ հրատարակության է պատրաստ «Հայ նոր բանաստեղծության գանձարանը»ՙ Սայաթ -Նովայից մինչեւ Սեւակ: Մեր օրերի բանաստեղծները չեն ներառվել, որովետեւ կազմողի համար դժվար է եղել այդպիսի գրքում ընդգրկել ժամանակի բովով դեռեւս չանցած պոեզիան:

Վերջերս Ալբերտ Իսոյանը ընթերցողներին հանձնեց Եղիշե Չարենցի «Վերջին խոսք» ժողովածուն, որի վրա սկսել էր տքնել մեկ տարի, բանաստեղծի դստերՙ Անահիտ Չարենցի հետ, հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ:

«Ազգի» հետ զրույցում Իսոյանը խոսեց գրքի կառուցվածքի, ստալինյան բռնապետության տարիներին Չարենցի հանդեպ հայ գրողների դրսեւորած վերաբերմունքի եւ այլ հարցերի մասին: Չարենցի վերջին շրջանի գործերը հրատարակելու գաղափարը ծնվել է այն պահին, երբ Անահիտ Չարենցն առաջարկել է լույս ընծայել բանաստեղծի էպիգրամները: «Ձեռագրերն ընթերցելիս որոշեցի վերջին շրջանը հրատարակել առանձին գրքով, որովհետեւ Չարենցի անտիպ եւ անավարտ գործերը1983 թվականին հրատարակվել էին բավականին անշուք: Զարմանալի պատահականությամբ, իմ մոտիկ ընկերներից մեկը հայտնեց, որ իր մոտ պահվում է Չարենցի 200 էջ անտիպ ժառանգությունը: Այս գրքի համար նա մեզ տրամադրեց միայն 2 բանաստեղծություն, մյուսները կտպագրվեն ավելի ուշ, առանձին գրքով: Դրանցից «Խոհ» բանաստեղծությունը դարձրեցինք գրքի մուտքը:

Չարենցը անընդհատ հայտնաբերվում է, որովհետեւ մահից հետո նրա գործերը ցաքուցրիվ են եղել, քայքայվել: Բարեբախտաբար, ձեռագրերի տարբերակները պահվել են տարբեր տեղերում եւ հնարավոր է դարձել դրանք համադրել, վերծանել, շտկել: «Վերջին խոսքը» ծայրեծայր ստեղծված է Չարենցի ձեռագրերի հիման վրա: Բանաստեղծի դուստրը մեզ տրամադրեց հատվածներ հոր անտիպ օրագրերից, նաեւ մորՙ Իզաբելայի սիբիրյան օրագրից, որոնք էլ թելադրեցին գրքի կառուցվածքը, այն դարձնելով բանաստեղծի կյանքի վերջին շրջանը ներկայացնող գիրք-մատյան, հագեցած լուսանկարներով, ձեռագրերի պատճեններով»:

Չարենցի ձեռագրերի հետ աշխատելիս Իսոյանը քաջատեղյակ էր, որ Չարենցը հանճարեղ բանաստեղծ լինելու հետ եղել է նաեւ մեծ հրատարակիչՙ նա իր բոլոր բանաստեղծություններն ու պոեմները ձեւավորել է թղթի վրա, վերնագիր ու շապիկ դրել: Կանխազգալով իր ճակատագիրը, բանաստեղծն իր ձեռագրերի վրա նշումներ է արել, առանձնացրել վերջին տարբերակները: Իսոյանը նրա ձեռագրերը նմանեցնում է կտավների, որոնցում զգալի են բանաստեղծի նյարդային համակարգը, տառապանքը, վիշտը: Վերջին տարիների ձեռագրերը գրեթե անընթեռնելի են, ասես ջղաձգված հոգեկան լարումներից: Գրքի կառուցվածքը մտովի գծելիս Իսոյանը երկար ժամանակ տատանվել է «Գրական բարքեր» խորագրի ներքո դրվելիք նյութերի ընտրության վրա, նորից ու նորից ընթերցել Չարենցի մասին Ն. Զարյանի, Հ. Քոչարի, Գ. Աբովի, Մ. Արմենի խոսքերը: «Դրանք զարհուրելի խոսքեր են: Ժամանակն ահավոր էր ու ժամանակի մեջ ահավոր էին նաեւ իրենք: Նրանց թվում էր, իրենց ժամանակը կանգ է առել, հավերժական է, եւ այդ ժամանակի մեջ իրենք սարսափելի մոլագար էին: Այդ խոսքերի կողքին դրել ենք բանաստեղծի մասին լուսավոր մարդկանց խոսքերը, դրանցից մեկը Զապել Եսայանն էր, ում հետագայում մատնեցին ու կալանավորեցինՙ նաեւ Չարենցին մեծագույն բանաստեղծ անվանելու համար: Ամենակարեւորըՙ առաջին անգամ անդրադարձել ենք Չարենցի կնոջ ծնողներիՙ Կոդաբաշյաններին, որոնք գորովանքով պահել են ոչ միայն իրենց թոռնիկներին, այլեւ բանաստեղծին պատկանող բոլոր իրերն ու մասունքները: Աննա Կոդաբաշյանին միշտ զարմացրել է, երբ որեւէ մեկը Չարենցին տգեղ տղամարդ է համարել: Նրա բնութագրմամբ, Չարենցը եղել է գեղեցիկ ասպետ, հմայիչ ու շռայլ տղամարդ:

Այգաբացի շռայլ երգիչը, սակայն, 30-ականների կեսերից միանգամից զգաց բռնությունների հոտը: Մի ձեռքով ուղերձ էր գրում փրկվելու համար, մյուսովՙ գրում էր Ստալինի դեմ: Նրա «Սեւ կախաղան» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվում է այս գրքում, «Ստալին» բանաստեղծությունըՙ նույնպես: Դրանք սահմռկեցուցիչ բանաստեղծություններ են Չարենցի կերպարն ամբողջացնելու համար: Երազեց դրախտ, արժանացավ դժոխքի: Դժոխային այդ տարիներին նրա գրիչը դարձել էր ավելի բեղուն, խոսքըՙ թանձր ու առնական, պատկերներըՙ այլաբանական, բարդ ու մռայլ, կերպարներըՙ իրական ու առասպելականՙ հանճարներ, սիրեցյալներ, դահիճներ ու զոհեր: Դավանանքըՙ ժողովրդական, գիրըՙ կոշտ, քարագիր»:

Չարենցի ճակատագիրը միջոց է ներկայացնելու դժոխային այդ ժամանակների սերնդի ճակատագիրը: Մեր գրողներից շատերը Հրաչյա Քոչարի պես, հետագայում զղջացել են հակաչարենցյան իրենց տրամադրությունների համար, դրանք բացատրել ժամանակի եղկելի մթնոլորտով, սակայն նրանց խոսքերը պահվել են ու ամբողջությամբ մեզ են հասել այս գրքի միջոցով: Գրողների միության ժողովում Հրաչյա Քոչարն ասել է` «Չարենցը խորհրդային գրականության ճանապարհին ընկած մի քար է, որին հարկավոր է շպրտել»: «Քոչարի այդ խոսքերը գրքում դրել ենք ոչ թե ընդդեմ Քոչարի, այլ որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի, թե երիտասարդ տարիներին ինչքան մոլագար են եղել ու հակաչարենցյան ինչպիսի տրամադրություններ ունեցել Ն. Զարյանը, Հ. Մելիքյանը, Ա. Ոսկերչյանը, Ա. Վշտունին, Գ. Աբովը եւ շատ ուրիշներ: Չարենցը դառը խոսքեր է ասում նույնիսկ ընկերներիՙ Ակսել Բակունցի եւ Գուրգեն Մահարու մասին, բայց այդ բոլորը ծնունդ են գրական միջավայրի: Մի խոսքով ներկայացրել ենք խորհրդային տարիների դժոխքը` պատերազմը մարդը մարդու դեմ, ուր զենքը գրիչն էր, մատնությունն ու թուղթը: Չարենցն առաջիններից էր, որ զգաց եւ իր վրա կրեց հեղափոխության հետեւանքներն ու տառապանքները: Նա այն կերպարն է, որը մարմնավորում է Հայաստանի փրկության հազարամյակների երազանքը: Ինքը երազում էր փրկել Երկիր Նաիրին, սակայն փոխարենը տեսավ իսկական արեգնացյալ կացնի տակ ընկած երկրային դժոխքը»:

Չնայած դրան, ոչ Անահիտ Չարենցը, եւ ոչ Ալբերտ Իսոյանը չեն ձգտել Չարենցին դարձնել մեծ ողբերգության հերոս, որովհետեւ, նրանց խոսքով, Չարենցն ապրել է շռայլ, բարեկեցիկ, գեղեցիկ կյանք, օժտված է եղել ներքին մեծ պաշարներով, ունեցել է երկու գեղեցկուհի կին, սիրելիներ: Թեպետ միշտ լավատես է եղել, սակայն կյանքի վերջին տարիները մթագնել են, նրան դարձնելով մեկուսացած, մռայլ ու հուսահատ: «Թեեւ Չարենցը չունեցավ գերեզման, սակայն անմահներից ոչ ոք հիմա այնքան կենդանի չէ, որքան նա: Այս գիրքը Չարենցի յուրահատուկ վերադարձն է` 70 տարի անց: Նրա կյանքն անվերջ վերադարձ է: Նա միշտ պետք է ներկայանա մեր ժողովրդին, մենք ծրագրել ենք անընդհատ տպագրել Չարենցի գործերը, նրա խոսքը մոտեցնել նոր սերնդին»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4