«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2007-07-18 | #135, 2007-07-19 | #136, 2007-07-20


ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎԵԼՈՒ ԵՆ ԵՌԱՄՍՅԱԿԸ ՄԵԿ

ԵՄ-Հայաստան գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակացույցն ու առաջնահերթություններն են երեկ սահմանվել կառավարության կողմից: Ներկայացնելով դրանք, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը ընդգծեց երեք հիմնական գործողություններ: Առաջինՙ հաստատվել է միջոցառումների ժամանակացույցը: Երկրորդՙ դրանք պետք է կառավարության գործունեության ծրագրին համահունչ լինեն: Երրորդՙ յուրաքանչյուր եռամսյակը մեկ կառավարությունն անդրադառնալու է գործողությունների իրականացման ընթացքին եւ արդյունքներին:

Նախարարը տեղեկացրեց, որ գործողությունները ծրագրվել են մեկ տարվա համար եւ յուրաքանչյուր տարի մշակվելու են այդպիսի ծրագրեր: Միջոցառումներն ունեն հստակ ժամկետներ եւ պատասխանատուներ: ԵՄ-Հայաստան գործընկերության ծրագրով 5 տարվա ընթացքում նախատեսվում է Եվրոմիության կողմից 100 մլն եվրոյի ֆինանսավորում: Այս տարի դեռես ֆինանսավորում չի նախատեսվում, քանի որ ծրագիրը կոնկրետացվում է: Վերոնշյալ գումարի մեծ մասըՙ մոտ 80 տոկոսը կուղղվի պետական բյուջեՙ բարեփոխումները ֆինանսավորելու համար: 20 տոկոսն ուղղված կլինի տեխնիկական օժանդակությանը եւ մեր մասնագետների համար եվրոպական երկրներից գիտելիքների ու փորձի ձեռքբերմանն աջակցելուն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4