«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2007-07-19 | #136, 2007-07-20 | #137, 2007-07-21


ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՍՈՂԱՆՔՆԵՐԸ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Իր ծննդյան 40-րդ տարեդարձի օրը բնապահպանության նորանշանակ նախարար Արամ Հարությունյանն անցկացրեց «Դիլիջան» ազգային պարկում, լրագրողների հետ:

Առիթը, թերեւս, ՀՀ նախագահի եւ վարչապետի վերջերս տրված հանձնարարականներն էին հատուկ պահպանվող տարածքների եւ մասնավորապես Դիլիջանում եւ Սեւանում իրականացվող աշխատանքները կառավարման պլանի պահանջներին համապատասխանեցնելու համար: Հիշեցնենք, որ «Դիլիջան» եւ «Սեւան» ազգային պարկերի կառավարման ծրագրերը վերջերս են հաստատվել ու բնապահպանական փորձաքննություն անցել, եւ ենթադրվում է, որ 2007-2011 թվականների համար լավագույն լուծումներն են հանձնարարում ազգային պարկերի կենսաբազմազանությունը փրկելու համար: «Դիլիջան»-ի կառավարման պլանում վերանայվել են պարկի սահմանները եւ կատարվել է ազգային պարկի տարածքագործառնական գոտեւորում: Այդպիսի աշխատանքներ առաջին անգամ են իրականացվում: Ազգային պարկում առանձնացվել են 4 արգելոցային, 2 արգելավայրային, 7 ռեկրեացիոն (հանգստի) գոտիներ: Ազգային պարկի տնտեսական գոտին կազմում է 26 հազար 359 հա, որի 73 տոկոսն անտառածածկ է: Կազմվել են 14 թեմատիկ քարտեզներ, որոնք վերաբերում են Կարմիր գրքում գրանցված էնդեմիկ, հազվագյուտ բուսական ու կենդանական տեսակներին, անտառային տարածքներին` ըստ ծառուտների խտության, տարիքային խմբերի եւ այլնի:

Ազգային պարկի գեղատեսիլ անկյունը ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա տեղադրված Պարզ լիճն է ու իր շրջակայքը, որ անխոս կարող են մրցել որեւէ էկզոտիկ բնապատկերի հետ: Սակայն լիճը ծերացման անկասելի գործընթացներ է ապրում: Նրա վրա խոնարհված անտառը տարիներ բառացիորեն «հոսում» է ջրի մեջ` ծնունդ տալով ճահճացման անդրդվելի գործընթացների, հագեցնելով այն թունավոր նյութերով: Այսօր ափամերձ հատվածում հանգստյան գոտու շինարարություն է ընթանում: Ներդնողը` «Հայրապետյան եղբայրներ» կազմակերպության նախագահ Հայրապետ Հայրապետյանը, անցած տարվանից նաեւ լճի մաքրման աշխատանքներ է սկսել, ասել է թեՙ լիճը փրկելու ծրագիր: Արդեն 80-90 մեքենա աղբ ու տիղմ է հանվել Պարզ լճի հատակից, լճի 2,2 հա մակերեսից 1,5 հա-ն արդեն մաքրվել է: Լճի դեռեւս չմաքրված հատվածում ջուրը պղտոր է ու գորշ, եւ լիճը վաղուց հեռացել է իր անվանը համապատասխանությունից:

Ընդհանրապես ազգային պարկում կառուցապատման 4 ծրագրեր են իրականացվելու, եւ նախարարի խոսքերով, իրենց այցելության նպատակը նաեւ այդ ծրագրերի վերանայումն է, եթե դրա անհրաժեշտությունը կա: Դրա անհրաժեշտությունը, պարզվեց, իրոք, կար: Եվ դա կապվում է ոչ թե ծրագրային այս կամ այն դրույթի, այլ բնության անսպասելի միջամտության հետ: Դիլիջանի տարածքն ընդհանրապես ակտիվ սողանքային գոտի է, ուր մշտապես ամրացումների գլոբալ միջոցառումներ էին իրականացվում խորհրդային տարիներին: Հետո նույնիսկ լոկալ միջոցառումների համար ո՛չ դրամ նախատեսվեց, ո՛չ էլ դրանք կարող էին արդյունավետ լինել, երբ ամբողջ տարածքը վարակված է սողանքներով: «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի համաձայն, 8 էկոտուրիստական երթուղիներ են կառուցվելու` զբոսաշրջիկների մուտքն ու ելքը հեշտացնելու եւ քաղաքակիրթ դարձնելու համար: Սակայն բնությունը, ինչպես սպասելի էր մանավանդ այս դեպքում, խառնեց մարդկային հաշիվները: Հիմա ինժեներաերկրաբանական լրացուցիչ հետազոտություններ անելու կարիք կա` պարզաբանելու սողանքների ծավալները, ակտիվության աստիճանը, հնարավոր ձեռնարկները ճանապարհը փլուզումներից փրկելու համար: Դեպի ազգային պարկ տանող ճանապարհի ողջ երկայնքով մերկացած արմատներով հաստաբուն ծառեր էին, փլուզվող ու փոս ընկած հատվածներ` նրանց շուրջը: Սողանքները ցանցի պես պատել են նաեւ ճանապարհը: Ի դեպ, Պարզ լիճը շրջափակող ծառերի արմատները եւս բացվել են վերքի պես: Անձրեւը լվացել-տարել է հողը, իսկ ուժեղ քամիները պակասը լրացնում են: Ձնհալից ու անձրեւից միշտ էլ ակտիվանում է հողի սահքը, եւ դժվար թե հաջողվի Պարզ լիճը վերջնականապես ազատել տիղմի ու թույնի ծանրությունից, այնպես, որ նա նախկինի պես համապատասխանի անվանը:

Դիլիջանի անտառների խտությունը նախորդ տարիների անզուսպ ծառահատումների պատճառով 0,9 տոկոսից նվազել է` հասնելով 0,6-07, տեղ-տեղ նույնիսկ 0,2-0,3 տոկոսի: Եթե անտառներն այդքան նոսրացած չլինեին, գուցե վերջին տարիների ուժեղ քամիներն անդառնալի վնասներ չպատճառեին նրան` բազմաթիվ հատվածներում բառացիորեն մացառուտի վերածելով այն ու թափուկների հսկայական բլուրներ առաջացնելով:

Հենց այդ նոսրացումն էլ պատճառ է դառնում նոր կորուստների: Ե՛վ նախորդ տարիներին, ե՛ւ մեր այցելության օրն ականատես եղանք քամուց տապալված ծառերի տխուր պատկերի: Նախորդ տարիների ուժեղ քամիների պատճառով արժեքավոր ծառատեսակներից խիստ վնասվեցին կաղնին, լորենին, հաճարենին: Այսօր էլ վնասված հատվածներում անտառը մացառուտի էր վերածվել: Անտառահատումները, որոնք այս նոսրացումների գլխավոր պատճառն են, բնականաբար, չեն վերացել, եւ այսօր էլ բացառել չի լինի: Ազգային պարկը 43 անտառապահներ ունի, պայմանագրային հիմունքներով աշխատող 4 հրշեջ տեսուչներ եւս կան, սակայն երեկոյան ժամը 18-ից հետո նրանց աշխատանքային օրն ավարտվում է, եւ եթե այդ ժամին ծառահատող լինի կամ հրդեհ բռնկվի, ոչ ոք ոչինչ չի կարող անել: Անտառապահները ձիեր ու տեխնիկա չունեն, բայց լուսավոր փաստ կա. բնական պաշարների եւ աղքատության հաղթահարման ծրագրի շրջանակներում ազգային պարկին տրամադրվել են 4 «Նիվա» մակնիշի մեքենաներ:

Դիլիջանի անտառները բացառիկ հարուստ են բուսական ու կենդանական աշխարհի ինքնատիպ տարատեսակներով: Այստեղ հաշվառվել է շուրջ 902 բուսատեսակ, որից 40-ը անհետացող են կամ անհետացման եզրին են հայտնվել, 29-ն ընդգրկված է Կարմիր գրքում: Կաթնասունները 47-ն են, 107 տեսակ թռչուններ կան, 5 ձկնատեսակ, 13 տեսակի սողուն ու 4 երկկենցաղ: Գորշ արջը, գորշուկն ու գայլը, քարի կզաքիսն ու պարսկական սկյուռը, կխտարն ու այծյամը, կովկասյան ցախաքլորն ու լեռնային հնդկահավը մի ժամանակ այս անտառների լիարժեք բնակիչներն էին: Ոչ ոք հիմա չի կարող ասել, թե այդ տեսակներից որը ի՞նչ հարաբերակցությամբ է պահպանվել: Լոկ տեսական դիտարկումներով, անտառներից գրեթե անհետացել են կովկասյան ազնվացեղ եղջերուն, եղնիկները: Այսօր անտառի հիմնական տերն ու տնօրենը մնացել են արջն ու գայլերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4