«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2007-07-19 | #136, 2007-07-20 | #137, 2007-07-21


ՏԵՂԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱԺԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

Գերմանահայ համայնքի թուրքահայերին սպառնում է ոչ թե գերմանացիների, այլ թուրքերի հետ ձուլվելու վտանգը

Սփյուռքահայ համայնքների մասին խոսելիս մենք սովորաբար դրանք ներկայացնում ենք անխախտ կաղապարներով` եթե ոչ միաձույլ ու մոբիլ, ապա գոնե առանց լուրջ հակասությունների ու խմորումների, Հայ դատի ու ցեղասպանության համար անընդմեջ մտահոգ, կարոտախտով տառապող եւ երկրորդ, երրորդ սերունդն արդեն ձուլման հանձնած կառույցներ: Նույնիսկ ազգագրագետներն ու հոգեբանները, սոցիոլոգներն ու հասարակագետներն ուշադրություն չեն դարձնում կամ հազվադեպ են հիշատակում կոնկրետ համայնքների ներսում տեղի ունեցող, տարաբնույթ ձուլումների համար սպառնալի շատ ավելի խոր ու բազմաշերտ իրողություններ: Բեռլինի Ազատ համալսարանի Ազգագրության ինստիտուտի դոկտորանտ Աննա Հարությունյանը փորձել է պարզաբանել հենց այդպիսի գործընթացներ, որոնք հայերին հեռու են պահում ոչ միայն Հայաստանից, այլեւ նույնիսկ այդ երկրի ներսում ապրող հայ համայնքի այլ խմբերից:

Գերմանիայում այսօր ապրում է 3-4 հազար հայ` 2 խումբ, մեկը եկեղեցու հովանավորության տակ, մյուսը` Մայնի Ֆրանկֆուրտում գործող Գերմանահայերի խորհրդի: Այստեղ եւս, ինչպես վերջին տարիներին Հայաստանում, մարդկանց միջեւ սահմանագծեր է առաջացնում տեղային բնույթի հայրենասիրությունը, հայաստանցի, պարսկաստանցի, թուրքահայ կամ այլ արմատների պատկանելությունը: Ըստ ազգագրագետի, անգամ մարդկային սովորական շփումների, մտերմանալու ու հաղորդակցման պատնեշներ է առաջացնում նրանց մշակութային տարբեր ինքնությունների պատկանելու հանգամանքը: Գերմանիայում եւս, ինչպես աշխարհի հայկական մեծ համայնք ունեցող որոշ երկրներում, հակամարտություն ու գրեթե թշնամական վերաբերմունք է առկա Հայաստանից գաղթած հայերի եւ մյուսների միջեւ: Ի տարբերություն այլ երկրներից Գերմանիա եկած հայերի, հայաստանցիներն այս երկիրն այդպես էլ չեն ընկալում որպես իրենց երկրորդ հայրենիքը: Նույնիսկ համայնքային միության մեջ միավորվելը նրանց համար Հայաստանի հետ կապվելու, այստեղից տեղեկություններ ստանալու միջոց է ու նպատակ: Մյուսները նրանց մեղադրում են ասելով, թե ձեզ համայնք պետք չէ, մեկ է, վաղ թե ուշ դուք ուզում եք վերադառնալ հայրենիք: Գերմանիայում ապրող տարածնունդ հայերի միջեւ անջրպետով առանձնանում են հատկապես թուրքահայերը: Նրանց համար իրենց կորցրած հայրենիքը Արեւմտյան Հայաստանն է, ուր վերադառնալու հույսեր չունեն, բայց ապրում են այնտեղ, այլ ոչ Հայաստան վերադառնալու փափագով: Գերմանահայ համայնքում, ընդհանրապես, ամենաբազմաքանակը հայաստանցիներն ու թուրքահայերն են: Հաջորդը 70-ական թվականների իսլամական հեղափոխությունից հետո այստեղ եկած պարսկահայերն են, հետո` քաղաքացիական պատերազմից փախած լիբանանահայերը, որոնք նույնպես հետաքրքրական վարքագիծ են դրսեւորում: Նրանք երկուսն էլ մի տեսակ դիտորդի դերում են, թեեւ պարսկահայերի մեջ ակնհայտ է ձգտումը դեպի հայաստանցիները: Պարսկահայերի համար եւս, ի տարբերություն թուրքահայերի, կորցրած հայրենիքը ոչ թե Պարսկաստանն է, այլ Հայաստանը, նաեւ լեզվական (բարբառային) հարազատությունը նրանց հակում է դեպի Հայաստանից եկած հայերը:

Ազգագրագետը նշում է, որ թուրքահայերի դեզինտեգրումը համայնքի ներսում, հանգում է, ցավոք, այլ բացասական հետեւանքների: Նրանց սպառնում է ոչ թե գերմանացիների, այլ տեղացի թուրքերի հետ ձուլվելու վտանգը: Իսկ թուրքականը Գերմանիայի ամենամեծ համայնքներից է: Թուրքահայերի եւ տեղացի թուրքերի հարաբերությունները ջերմ-բարեկամական են, նրանք ընտանիքներով մտերիմ են, թուրքահայերը եւս խոսում են թուրքերեն: Հետաքրքրական մի մանրամասն եւս. Գերմանիայի թուրքահայերն այստեղ են եկել հիմնականում 60-ական թվականներին, ոչ թե ցեղասպանությունից հետո: Եվ միանգամայն տարբեր է նրանց վերաբերմունքը նաեւ Մեծ եղեռնի փաստի հանդեպ: Եթե հայաստանցիներն ամեն ապրիլի 24-ի դեսպանատան առաջ ծաղիկներով եւ ցույցով արտահայտում են իրենց ցավոտ հիշողությունը, ապա թուրքահայերը չեն մասնակցում այդ կարգի միջոցառումներին: Իհարկե, առկա է նաեւ այն հանգամանքը, որ նրանցից շատերի հարազատներն այսօր էլ ապրում են Թուրքիայում, եւ իրենց ակտիվությունը կարող է վնասել նրանց: Այդ օրերին նրանք հիշում են նաեւ, որ եղեռնից հետո չեն լքել Թուրքիան: Նրանք շարունակել են ապրել այստեղ թուրքական ազգանուններով, բայց Գերմանիա գաղթելուց հետո կրկին վերադարձրել են հայկական անունները:

Նրանց ներամփոփմանը, ազգագրագետի դիտարկումներով, վերջին տարիներին սկսել է նպաստել մի նոր իրողություն եւս: Հայաստանի անկախացումից հետո հատկապես Բեռլին ուսանելու են գալիս հայ երիտասարդներ, որոնք նախորդ ժամանակաշրջանի գաղթածների համեմատ առավել ինտելեկտուալ որակ են ներկայացնում: Թուրքահայերն ավելի են համախմբվում, մի տեսակ ընդդիմություն ստեղծելով նաեւ այդ որակի դեմ:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4