«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2007-07-20 | #137, 2007-07-21 | #138, 2007-07-24


ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԼՎԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ` 50 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ

Հրազդանի կիրճի բարեկարգման (լուսավորություն, բարեկարգում, ասֆալտապատում) համար 2008 թվականին նախատեսված է ծախսել 280 մլն դրամ: Ոռոգման ցանց անցկացնելուց հետո այստեղ նաեւ կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն: Լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաեւ կոյուղու կոլեկտորի կառուցման համար: Իսկ առայժմ բնապահպանության վարչությունը Հրազդանի կիրճում ոստիկանների հետ փորձում է վերացնել տարածքը ավտոմեքենաների լվացման կետերի վերածելու վարորդների վատ սովորույթը:

Արդեն 17 արձանագրություն է կազմվել կարգազանց վարորդների դեմ, նրանցից 11-ը տուգանվել է 50 հազար դրամով:

Ըստ Ավետ Մարտիրոսյանի, տուգանքների սպառնալիքը կարող է կախվել նաեւ կիրճը անխղճորեն աղտոտողների վրա, ովքեր հանգստյան օրերին խմիչքով ու խորովածով խնջույքներից հետո, որպես կանոն, թողնում են իրենց կերակրացանկի իրեղեն ապացույցները` պոլիէթիլենե դատարկ շշեր, որոնք բնությունը չի մարսում, թուղթ ու ուտելիքի մնացորդներ:

Մաքրակենցաղության կուլտուրան այդպես էլ սերմեր չի տալիս մեր հոգեբանության մեջ, ոչ էլ վարքագծում: Մենք շարունակում ենք պաղպաղակի թուղթն ու ծխախոտի մնացորդը նետել ուր պատահի, եթե նույնիսկ աղբամաններ կան: Խնդրի հանդեպ հասարակական ակտիվության պայմաններում եւ աղբամանների քանակը կհասներ առավել անհրաժեշտ քանակի, եւ որեւէ մեկն այլեւս չէր համարձակվի քաղաքին վերաբերվել ինչպես աղբամանի:

Եվրոպական երկրներում նույնիսկ մեր այս արհամարհված խնդիրը հասարակական ուշադրության կիզակետում է: Բնության հանդեպ առանձնակի վերաբերմունք ու քաղաքականություն իրականացնող Շվեդիայում, օրինակ, բնակչության համար աղբի տեսակավորման հարցերը շատ ավելի առաջնային են քաղաքական պրոբլեմներից: Դպրոցներում երեխաները «էկոլոգիա» առարկայի դասընթաց են անցնում, որի հիմնական թեմաներից մեկը (դա մեզ համար ծիծաղելի կհնչի) աղբի տեսակավորման հմտությունն է:

Բնապահպանական առաջիկա միջոցառումների մեջ, ըստ վարչության պետի, ծանր մետաղներով հողերի աղտոտվածության քարտեզների ու նախագծերի մշակումն է: Նոյեմբերի 1-ին կավարտվի ՋԷԿ-ի հարեւանությամբ գտնվող տնկարանի բարեկարգումը: Այստեղ մոտ 60 հազար բուսակներ կհիմնվեն: Նպատակը գլխավոր հատակագծով նախատեսված կանաչապատման ծավալների համար հող նախապատրաստելն է: Ի դեպ, վարչությունը սկսել է համագործակցել հասարակական բնապահպանական կազմակերպությունների հետ, եւ վերջին շաբաթվա ըմթացքում համատեղ անցկացված այցերի ժամանակ միասին արձանագրել են ե՛ւ թերությունները, ե՛ւ ձեռքբերումները: Իսկ մեծ ձեռքբերումը, վարչության պետի համոզմամբ, 340 կմ ոռոգման ջրագծի ստեղծումն է, որը վերջ կտա ձեւական ծառատունկերին:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4