«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2007-07-20 | #137, 2007-07-21 | #138, 2007-07-24


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՔԱՂԱՔԻ ՄՈՒՏՔԸ` ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՆ

Կահույքի խանութների, կազինոների, ռեստորանների տերերը շահարկում են իրավիճակը

Իսակովի պողոտան վերակառուցվում է, սակայն նախագծի իրականացումը տեղի է ունենում կազինոների, կահույքի խանութների, ռեստորանների, «հյուրանոցների» տերերի, հարակից գյուղերի բնակիչների անբարեհաճության, նույնիսկ թշնամական վերաբերմունքի պայմաններում: Մայրաքաղաքային կենցաղավարությունը եւ դրա պահանջները դեռեւս խորթ են մեզ, եւ քաղաքաշինական ժամանակակից չափանիշների ներդրումը հաճախ բախվում է իրողությունների, որոնք չեն կանխատեսվել ոչ մի նախագծով: Մայրուղին անցնում է Թաիրով եւ Արգավանդ գյուղերի միջով: Երբ դեռ ճանապարհի մեջտեղում բետոնե բաժանիչ պատն էր, անցորդները թռչում, անցնում էին դրա վրայով, բայց երբ բետոնե միջնապատերի վրա ցանցապարիսպներ տեղադրվեցին, դրանք բառացիորեն բարբարոսական հարձակումների թիրախ դարձան: Մայրուղու այն մասում, ուր կահույքի խանութներն ու կազինոներն են, 3 ճաղաշար է տեղադրված: Անցորդները կոտրում են մետաղական ճաղաշարերը, պոկում ձողերն ու ցանցապարիսպը, տեղ բացում դրանց արանքով փողոցը կտրելու համար: Այո, նախընտրում են հոշոտելով հաղթահարել 1 մ 60 սմ բարձրությամբ ցանցապարիսպը, քան անցնել գոյություն ունեցող եւ արդեն կառուցված ստորգետնյա անցումներով: Եվ պատճառը գլխավորապես վնասարարության մղումը չէ: Պարզապես մարդիկ ծուլանում են հրաժարվել տարիների վատ սովորույթից: Քաղաքապետարանի շինարարության, բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանն ասում է, որ իրենք հարկադրված հատուկ ծառայություն են ստեղծել, որը ժամանակ առ ժամանակ նորից նորոգում է վնասված հատվածները: Ստորգետնյա անցումների հանդեպ իրենց թշնամանքը շատերն «արդարացնում» են այլ հանգամանքով` ձմռան ամիսներին անցումների աստիճանները սառցակալում եւ ձյունապատվում են: Ո՞վ է մաքրելու դրանք. իհարկե, դա տեղի իշխանության անելիքն է, բայց ինչպես միշտ Երեւանում, այս խնդիրը շատ հաճախ հնարավոր չի լինում ժամանակին լուծել:

Դժգոհ են նաեւ կահույքի խանութների, կազինոների, ռեստորանների տերերը: Նախկինում կահույքի խանութների ապրանքը բաց երկնքի տակ էր ցուցադրվում: Անծանոթին կարող էր թվալ, թե ողջ պողոտայի երկայնքով կահույքի բաց տոնավաճառ է: Սակայն կահույքի, շինանյութի խանութների տերերը եւս հարկադրված հրաժարվեցին ապրանքի բաց ցուցադրանքից: Հիմա նրանցից շատերը աշխարհով մեկ աղմկում են, թե շինարարությունը խփում է իրենց բիզնեսին:

Սա քաղաքի վթարներով ամենաշատ հագեցած տարածքն է համարվել, եւ երթեւեկի կարգավորումը հրատապ էր նաեւ այդ առումով: Քաղաքաշինական ոչ մի նորմ չէր պահպանվում այստեղ: Մայրուղու հիմնական հատվածին ձուլվել էին առեւտրային օբյեկտներին սպասարկող տեղական նշանակության հատվածները, ով որտեղ ուզում, մեքենան կանգնեցնում, որտեղից ուզում, անցնում էին, առանց հաշվի առնելու, որ դա քաղաքից դուրս եկող մայրուղի է, եւ պետք է իր կարգին համապատասխան ռեժիմով աշխատի:

Ճանապարհի վերակառուցման հիմնական նպատակը անընդմեջ անվտանգ երթեւեկի ապահովումն է օդանավակայանից եկող եւ այնտեղ ուղեւորվող մեքենաների համար, մայրուղու տարանջատումը կազինոներին, հյուրանոցներին, խանութներին սպասարկող լոկալ հատվածից: Հիմա առեւտրային օբյեկտներին սպասարկող մեքենաների համար տեղ է առանձնացվել, որպեսզի սրանք չխանգարեն օդանավակայան գնացող ու այնտեղից դուրս եկող մեքենաների ազատ երթեւեկը:

Ինչեւէ, մոտ 10 կմ-անոց (9700 մ) ճանապարհի վրա արդեն 3 գետնանցում պատրաստ է, եւս 4-ը կառուցվելու են մինչեւ սեպտեմբերի վերջը: Անցած տարի 3 գետնանցումների եւ ընդհանրապես վերակառուցման վրա ծախսվեց 2 մլրդ 300 մլն դրամ, այս տարի 4 անցումների համար տրամադրվել է եւս 300 մլն դրամ: Ի դեպ, Ֆրունզ Բասենցյանը նշում է, որ աշխարհում նման խնդիրները լուծվում են հոծ գծերի գծանշումների միջոցով, եւ կիրթ կենցաղավարության առկայության դեպքում մեծ գումարներ կլանած ցանցապարսպի ու ճաղաշարերի կառուցման անհրաժեշտություն էլ չէր լինի:

Կենսաձեւի մշակույթի բացակայության մյուս արտառոց արտահայտությունը եզրային հատվածների ցանցապարիսպների վրա կախված կենցաղային աղբի տոպրակներն են: Խանութների, կազինոների աշխատողները գյուղերի շատ բնակիչների հետ այսպես են նախընտրում լուծել այդ հարցը: Դեռեւս արթուն է գավառական նեղմիտ հոգեբանությունը, թե տնից դուրս ամեն ինչ կարելի է, միայն տունը մաքուր ու կոկ լինի:

Նախագիծը մինչեւ շինարարական աշխատանքներն սկսվելը քննարկվեց 2 գյուղերի գյուղապետի (Փարաքարն ու Թաիրովը մեկ կառավարման մարմին ունեն), գյուղերի ակտիվիստների մասնակցությամբ: Վիճարկվող հիմնական հարցը անասուններին արոտավայրեր տեղափոխելու խնդիրն էր: Նախկինում կենդանիներին արոտի էին տանում հենց ճանապարհի միջով ու ամեն տեղով, ամեն պահի: Իսակովի պողոտան օդանավակայանը քաղաքին կապող հիմնական ճանապարհն է, այսինքն քաղաքի մուտքը, որից առաջին տպավորությունն են ստանում Երեւան այցելած օտարերկրացիները: Պատկերացրեք հնագույն պատմությամբ երկիր այցելելու կանխավայելումով Հայաստան եկած արտասահմանցու հիասթափությունը, որ օդանավակայանից Երեւան մտնելու ճանապարհին առաջինը հանդիպում է ծանր ու մեծ փողոցն անցնող կովերի նախրի: Այժմ արդեն կառուցվել է հատուկ ստորգետնյա անցում` անասուններին փողոցի մի կողմից մյուսն անցկացնելու համար:

Պողոտայի ամեն հատված առանձին ուշադրության է արժանացել: Կանաչ գազոններով բաժիններում նորացվել է ոռոգման համակարգը, Ամերիկայի դեսպանատան մոտ, պողոտային հարակից լանջը ծաղկել է ու կանաչով զարդարվել: Իրականացվել է մոտ 140 հազար քմ ասֆալտապատում, տեղադրվել է 24 հազար մ բազալտե եզրաքար, արգելափակող բետոնե միջնապատեր, գեղարվեստական հաճելի ձեւավորմամբ 4 հազար գծամետր մետաղական ցանցապարիսպներ:

Կիլիկիա թաղամասում, կոնյակի գործարան բարձրացող հատվածի վրա, դպրոցի մոտ կառուցվող անցումը երկակի գործառույթ է իրականացնելու. այն նաեւ իրար է կապելու 2 թաղամասերը` Նորագյուղը եւ Կիլիկիան: Այսօր անցորդը դպրոցի կողմն անցնելու համար ստիպված է երկար ճանապարհ կտրել վերեւի հատվածով: 3 անցումներ եւս կառուցվելու են` մեկը ոստիկանության ակադեմիայի (վերգետնյա կամրջային կապով եւ պոլիկարբոնատի ծածկով, որ կպաշտպանի նաեւ անձրեւից), մյուսը պողոտան հատող երկաթուղու մոտ, հաջորդը` Արգավանդի եւ Փարաքարի միացման անկյունում:

Կառավարական որոշմամբ նաեւ հետագա կառուցապատումների չափորոշիչներ են սահմանվել ինչպես Իսակովի պողոտայի, այնպես էլ քաղաքից դուրս եկող մյուս` Սեւան, Արարատ ու Աշտարակ գնացող ուղղությունների համար: Ըստ այդմ, կառուցապատումները պիտի համապատասխանեցվեն ենթակառուցվածքներին ներկայացվող այսօրվա պահանջներին, այնպես, որ չխաթարվեն ճանապարհների ներկա չափերը: Ինչ վերաբերում է մայրուղու 2 կողմերում արդեն կառուցված հաստատություններին, ապա «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը ճանապարհամերձ հատվածում կազինոների, հյուրանոցների առատությունն անթույլատրելի է համարում: Քաղաքաշինական նորմաների համաձայն, դրանք բավական հեռու պիտի լինեն մայրուղուց, ունենան ավտոկանգառների սպասարկման սեփական, հաշվարկված տարածք, ասենք 100 կամ հազար հաճախորդի համար, որպեսզի ընդհանուր օգտագործման տարածքի հաշվին դա չիրականացվի, ինչպես մինչ այսօր կատարվել է: Այդ կառույցների մի մասը նույնիսկ ներխուժել է մայթերի հատվածն այնպես, որ փողոցային լույսերը հայտնվել են անմիջապես շենքի ներսում: Փողոցային լույսերից մեկը նույնիսկ տանիքից է լուսավորում մայրուղին:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4