«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2007-07-25 | #140, 2007-07-26 | #141, 2007-07-27


ՏԱՐԿՈՎՍԿԻՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇՎԵՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հուլիսի 22-ին Ազգային պատկերասրահի կինոդահլիճում տեղի ունեցավ գեղարվեստական միջոցառումՙ նվիրված ռուս բանաստեղծ Արսենի Տարկովսկու ծննդյան 100-րդ եւ կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու ծննդյան 75-րդ տարելիցներին: Ռուս մշակույթի պատմության մեջ խորը հետք թողած հայր եւ որդի Տարկովսկիների զույգ հոբելյանները առիթ հանդիսացան մի խումբ հայ արվեստասերներիՙ վերստին ծանոթանալու այդ ականավոր գործիչների ժառանգությանը եւ վկայակոչել նրանց անձնական եւ ստեղծագործական առնչությունները Հայաստանի եւ հայ մշակույթի հետ: Իսկ դրանք քիչ չեն եղել: Արսենի Տարկովսկին այցելել է Հայաստան, ծանոթ է եղել մի շարք հայ գրական գործիչների հետ, բավական թարգմանություններ է կատարել հայ բանաստեղծներից (Թումանյան, Չարենց, Սահյան), գրել «Կոմիտաս» բանաստեղծությունը, իսկ նրա վերջին ժողովածուն կոչվել է «Աստղերն Արագածի վրա»: Որդի Տարկովսկին նույնպես եղել է Հայաստանում (այստեղ նրա այցը Գեղարդ կինոժապավենին է հանձնել օպերատոր Լեւոն Աթոյանցը), եղել է Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան» կինոնկարի գեղարվեստական ղեկավարը, իսկ նրա «Սոլյարիս» ֆիլմում առկա է հայ հերոս Գիբարյանը (դերակատարՙ Սոս Սարգսյան):

Այլոց հոբելյանները հիշելը (հատկապես եթե նրանք քո հայրենակիցները չեն) ավելի ու ավելի պակաս կարեւոր են դառնում մեր հասարակության համար: Սակայն սույն միջոցառումը ցույց տվեց, որ միանգամայն հնարավոր է նման ցերեկույթներ կազմակերպելիս վերանալ մեզանում արմատացած ստերեոտիպային ձեւերից եւ հանդես բերել թարմ եւ ինքնատիպ մոտեցումներ: Դա լիովին հաջողվել էր միջոցառման նախաձեռնող երաժշտագետ Նատալյա Հարությունյանին եւ վարող Տիգրան Խզմալյանին: Վերջինս, ի դեպ, անձամբ ծանոթ է եղել Արսենի Տարկովսկու հետ: Հայր Տարկովսկու հետ իր հանդիպումները ներկայացրել է թարգմանիչ Գեորգի Կուբատյանը, որդի Տարկովսկու մասին պատմեց կինոգետ Սուրեն Հասմիկյանը: Այս ելույթներին մեկընդմիջվում էին Արսենի Տարկովսկու բանաստեղծությունների բնագրերի եւ հայերեն թարգմանությունների ընթերցումներով, որոնցով հանդես եկան Գայանե Հախվերդյանը, Անի Հովակիմյանը եւ Նատալյա Հարությունյանը, ինչպես նաեւ տարբեր ֆիլմերից կադրերի ցուցադրություններով (այդ թվումՙ ռուսական հայազգի ռեժիսոր Վյաչեսլավ Ամիրխանյանի «Արսենի Տարկովսկի. մանուկ-կյանք» վավերագրական կինոնկարից): Միջոցառմանը հատուկ փայլ տվեց Շահե Քեշիշյանի ղեկավարած Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի «Զանգակներ» խմբի ելույթները, որի ժամանակ երիտասարդ կատարողները Հայաստանում նորություն հանդիսացող «երգչախմբային ղողանջներ» (choir chimes) կոչվող հարվածային գործիքներով կատարել են շարականներ եւ կոմիտասյան երգեր:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4