«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2007-07-26 | #141, 2007-07-27 | #142, 2007-07-28


«ՖՐԱՆՍԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ, ՀԱՅԵՐԵՆ-ՖՐԱՆՍԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆ»

«Արեգ» հրատարակչությունը «Արեգի» բառարանները» մատենաշարով լույս է ընծայել «Ֆրանսերեն-հայերեն, հայերեն-ֆրանսերեն բառարան», որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում ֆրանսերենի հետ կապված բառարանների մեջ: Գիրքը կազմված է երկու մասից, ինչը ֆրանսերենից հայերեն եւ միաժամանակ հակադարձ թարգմանության դյուրություններ է ընձեռում: Առաջին մասը (ֆրանսերեն-հայերեն) ամփոփում է 20 հազար, երկրորդը (հայերեն-ֆրանսերեն)` 18 հազար բառ եւ արտահայտություն:

Այսպիսով, գիրքը պարունակում է երկու լեզուներում առավել տարածված 38 հազար բառ եւ արտահայտություն (գրական-գեղարվեստական, գիտատեխնիկական, հասարակական-քաղաքական, տնտեսագիտական, իրավաբանական, ֆինանսական, համակարգչային, մարզական):

Բառարանը նախատեսված է միջին բարդության տեքստերի ընթերցման եւ թարգմանության համար, կարող է օգտակար լինել ամենատարբեր բնագավառներում առօրյա շփման դեպքում, ինչպես նաեւ ֆրանսերեն ուսումնասիրող աշակերտների, ուսուցիչների, ուսանողների համար: Գիրքը պիտանի է նաեւ հայերեն սովորող ֆրանսալեզու օտարերկրացիների եւ հայերի համար եւ այս առումով կարող է հետաքրքրել սփյուռքի մեր հայրենակիցներին:

Գրքի երկու մասերը պարունակում են աշխարհագրական տեղանունների ցանկեր, իսկ վերջում ներկայացված են անկանոն բայերի խոնարհման աղյուսակը եւ դրանց ցանկը: Բառարանը կազմել է Սամվել Գասպարյանը, որն այս տարի «Արեգի» բառարանները» մատենաշարով արդեն հրատարակել է փոքրիկ «Հայերեն-ֆրանսերեն բառարան» եւ «Ֆրանսերեն-հայերեն բառարան», իսկ 2004 թ.` «Հայ-ֆրանսերեն բառարան» (մոտ 50 հազար բառ եւ արտահայտություն):

ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4