«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2007-07-27 | #142, 2007-07-28 | #143, 2007-08-04


ԻՐԱՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐՆ ՕՐՀԱՍԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ

Հալածանքներն ստիպում են նաեւ հայերին գաղթել Բաղդադից

Ժողովրդավարություն հաստատելու անվան տակ Մ. Նահանգների ու նրա դաշնակիցների Իրաք ներխուժումը կատարյալ ֆիասկոյի է վերածվել, Սադդամ Հուսեյնի բռնատիրական վարչակարգի տապալումից հետո այժմ երկրում տիրում է բացարձակ անիշխանություն, որն ուղեկցվում է ամենօրյա բախումներով, արյունալի ռմբահարումներով, միջհամայնքային ու ներհամայնքային հակամարտությամբ: Չորրորդ տարին արդեն շարունակվում է այդ հարուստ երկրի տնտեսության քայքայումը, որն սկսվել էր դեռեւս Ծոցի պատերազմին հետեւած սանկցիաների ժամանակաշրջանում եւ նույնիսկ դրանից առաջՙ Իրաք-Իրան պատերազմի օրերին: Հատկապես վերջին մեկ տարում երկրում գլուխ է ցցել կրոնամոլական արմատականությունը ոչ միայն քրիստոնյաների դեմ, այլեւ շիա եւ սուննի մահմեդականների միջեւ, որի պատճառով, հենց վերջերս, երեք օր առաջ, սուննի 6 նախարարներ լքեցին կառավարությունը եւ 44 պատգամավորներ բոյկոտեցին խորհրդարանի աշխատանքները:

Տվյալ դեպքում մեզ ավելի շատ հետաքրքրում է քրիստոնյաների, հատկապես հայ համայնքի վիճակը: Քրիստոնյաներն Իրաքում (ասորիներ, քաղդեացիներ, հայերՙ առաքելական եւ կաթոլիկ) ամերիկյան ներխուժումից առաջ շուրջ 2 միլիոն էին, որից մոտավորապես 35 հազարըՙ հայեր: Լինելով երկրի ազգաբնակչության առավել անպաշտպան մասը (մյուս համայնքներն ունեն իրենց զինված կազմավորումները), քրիստոնյաները ենթակա են ամեն տեսակ խժդժություններիՙ առեւանգումներ փրկագին ստանալու ակնկալիքով, ունեցվածքի թալան, աղոթատեղիների ռմբահարում, սպանություններ եւ գաղթելու սպառնալիքներ: Այս ամենն առավել անմիջական, պատկերավոր եւ, հասկանալիորեն, զգացմունքային ներկայացրել է Իրաքի կաթոլիկ հայերի հոգեւոր առաջնորդ հայր Լեւոն Ադամյանը Բեյրութի «Ազդակ» օրաթերթում լույս տեսած սրտառուչ գրության մեջ, որը, օգտվելով Փարիզի «Յառաջ» թերթի արտատպումից, արտատպում ենք նաեւ մենքՙ հետագա էջերում: Միայն ավելացնենք, ուր մեր ունեցած տեղեկություններով, ի հետեւանս վերջերս սաստկացած սպառնալիքների, Բաղդադում բնակվող հայերն էլ, ինչպես ասորիներն ու քաղդեացիները, առաջարկ են ստանում գաղթելու երկրի հյուսիսայինՙ քրդական տիրապետության տակ գտնող Նինվեի շրջան: Դեռեւս հայտնի չէՙ արդյոք սպառնալիքներն ու գաղթելու առաջարկները կապ ունե՞ն միմյանց հետ, եւ արդյոք այդ ամենի նպատակն Իրաքի մասնատումը եւ, ընդհուպ, «Մեծ Մերձավոր Արեւելք» ամերիկյան ծրագրի իրականացումը չէ՞: Սակայն, որքան որ մեզ հայտնի է, գոնե հայերը նախընտրում են ընդհանրապես գաղթել երկրիցՙ ձգտելով հաստատվել արեւմտյան երկրներում, առաջին հերթին Մ. Նահանգներում:

Ահա այս կացության մեջ, Հայաստանի արտաքին գերատեսչության անգործության պայմաններում մանավանդ, որը չի բխում միայն անզորությունից, խիստ օգտակար գործունեության է լծվել Լոս Անջելեսում գործող Իրաքահայերի օգնության հիմնադրամը, որն իր սուղ միջոցներով աշխատում է կազմակերպել իրաքահայերի ներգաղթը դեպի Հայաստան: Օրերս Երեւան ժամանեց իրաքահայերի 3-րդ քարավանը, որի մասին հաղորդագրությանը կարելի է ծանոթանալ մեր 5-րդ էջում: Սովորաբար իրաքահայերը լավ արհեստավորներ են, հայտնի ավտոմեխանիկներ, եւ ամենակարեւորըՙ բազմանդամ ընտանիքներ ունեն, հետեւաբար նրանց հայրենադարձության գործը պետք չէ թողնել Իրաքահայության օգնության հիմնադրամի եւ, տեղում, ՀՀ Միգրացիայի եւ փախստականների վարչության ուսերին: Համապետական եւ, եթե կուզեք, համահայկական ջանքեր են պետք գաղթելու ցանկություն ունեցող իրաքահայերի համար Հայաստանը գրավիչ դարձնելու, հայրենիքում նրանց տեղավորելու, աշխատանքով ապահովելու համար:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4