«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2007-08-30 | #157, 2007-08-31 | #158, 2007-09-01


ԼԵՌ ԿԱՄՍԱՐ ԵՎ ԱՆՏՈՆԻ

Քրաֆտ Բոննար (Ընդվզում արդար զայրույթի դեմ)

«Առաքինությունների մեջ երախտագիտությունը ոչ միայն ամենամեծն է, այլեւ մայրն է բոլորի»:

Ցիցերոն

«Ազգ» օրաթերթի «Մշակույթ» հավելվածի 2006-ի 25 նոյեմբերի (թիվ 18) համարում տպագրվեց Լեռ Կամսարի ստորագրությունը կրող, 1923 թ. գրված տարօրինակ մի նամակՙ ուղղված հայ ազգի մեծ բարեկամ Անտոնի Քրաֆտ Բոննարի1 դեմ: Կասկածի ենթակա է այն խնդիրը, թե արդյոք Քրաֆտ Բոննարը ստացե՞լ է այս նամակը, թե՞ այն պարզապես հանդիսանում է հայ երգիծաբանի մտքի քմահաճության արգասիքը: Մեզ համար հստակ չէ նաեւ այն, թե ինչո՞ւ է «Ազգ-մշակույթ» հավելվածում հրատարակվել այս խնդրահարույց նամակն առանց որեւէ մեկնաբանության:*

Չնայած մի փոքր ուշացումով, այնուամենայնիվ, կփորձենք մեկնաբանել այս նամակը:

Նախ հակված ենք ենթադրելու, որ խնդրո առարկա նամակում տեղ գտած Լեռ Կամսարի պոռթկումն ու ծայրահեղ կասկածամտությունը հետեւանքն է իր անձնական կյանքի եւ փորձառության: Նա ծնվել է Վանում 1888 թ.-ին եւ մասնակցել 1915 թ.-ի Վանի ինքնապաշտպանական մարտերին. հեղինակն այսպես ապրելով հայ ժողովրդի պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկում, արդարորեն հուսախաբ է եղել հարցի շուրջ միջազգային դիվանագիտության կամայականություններից: Այս մեկնակետից ելնելովՙ գուցե հասկանալի կլիներ հեղինակի «արդար զայրույթը», եթե այն ուղղված լիներ ճիշտ հասցեակրին: Սակայն, արդյոք Քրաֆտ Բոննարն արժանի՞ էր լինելու տվյալ նամակում արտահայտված մահացու ծաղրանքի, ծանր լուտանքների, ինչպես նաեւ անտեղի անպատվությունների կրողը:

Հենց նամակի սկզբում հեղինակն ինքն իրեն իրավունք է տալիս ասելու իր անմեղ զոհինՙ «Թույլ տվեք քանի մը բառով անպատվեմ ձեզի», մի մարդու, ով իր համակ կյանքը նվիրում է դարձրել բազմաչարչար հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու աննահանջ ծառայությանը ցեղասպանությունը վերապրող եւ որբության կրակոտ շապիկը հագած հայորդիներին:

Քաղաքակիրթ մարդու ամենամեծ իմաստություններից մեկն է համարվում ճանաչել բարեկամին եւ տարբերել նրան թշնամուց: Միգուցե հանդգնությո՞ւն կլինի մտածել, որ քաղաքական հասունության պակասը եւ դիվանագիտության ասպարեզում խակությունն են, որ երբեմն ծնունդ են տվել այնպիսի մոտեցումների, որոնք հայ ժողովրդի համար երբեմն ունեցել են ճակատագրական հետեւանքներ:

Չնայած նամակի հիմնական հասցեակիրը Անտոնի Քրաֆտ Բոննարն է, այսուհանդերձ հեգնանքի սուր սլաքներից խնայված չեն նաեւ այդ ժամանակաշրջանում գործող բոլոր հայասերները եւ ընդհանրապես իբրեւ երկիրՙ Շվեյցարիան: Մեզ վերապահված չէ այստեղ վերջինիս ջատագովելու ցուցամոլական որեւէ նախանձահուզություն: Բայց համոզված լինելով, որ երախտագիտության զգացումը բարոյական մարդու անկապտելի առաքինություններից մեկն է, մեր կոտտացող եւ խորունկ վերքերից «Բարի Սամարացու» նման սպեղանի բերած երախտավորների հիշատակը վառ պահելու դիտավորությամբՙ ի մասնավորի կանգ կառնենք 1894 թ.-ից շվեյցարացի ժողովրդի կողմից կազմակերպված հայանպաստ գործունեության վրա, որի շրջագծում ցայտուն կերպով արտահայտվում է նաեւ Քրաֆտ Բոննարի դերը:

Հայերը Շվեյցարիայում

Շվեյցարիայում հայ համայնքի կազմության պատմությունն առնչվում է շվեյցարիացի ժողովրդի կողմից կազմակերպված մարդասիրական այն սքանչելի օգնության հետ, որն ունի ավելի քան 100 տարվա պատմություն: Արդեն 1894 թ.-ի դեկտեմբերին Սասունի, ապա 1895 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Կ. Պոլսի, ինչպես նաեւ հայկական բոլոր գավառներում տեղի ունեցած կոտորածների մասին հաղորդում էին Շեյցարիայում լույս տեսնող բոլոր օրաթերթերը: Այս հալածանքների ու կոտորածների հեղինակն էր «կարմիր սուլթան» անվամբ հայտնի Աբդուլ Համիդ Երկրորդը, որը պատմության մեջ ծանոթ է որպես արյունարբու տիրակալ: Թուրքիայի սուլթանների շարքում այս տիրակալը խորամանկ, բայց ամենադաժաններից մեկն է եղել, որը չէր խորշում ընդհուպ իր ազգականների եւ ընտանիքի անդամների դիակերի վրայով անցնելուց: Նա բնությամբ վախկոտ եւ շատ կասկածամիտ անձնավորություն էր, սրանից բացի նա մեծ ատելությամբ էր լցված հատկապես հայերի դեմ, իբրեւ հետեւանք իր ունեցած մայրական կոմպլեքսի, քանզի նա տառապում էր զտարյուն թուրքական ծագում չունենալու համար, որովհետեւ ծնվել էր հարեմիՙ հայկական ծագում ունեցող ստրկուհիներից մեկից:

1895-ի նոյեմբերին արդեն Շվեյցարիայում լույս է տեսնում Թուրքիայում հայկական կոտորածների վերաբերյալ մի հոդված «Գազետ դը Լոզան» (Gazette de Lausanne) եւ «Ժուռնալ դը Ժնեւ» (Journal de Gene`ve) թերթերում: 1895 թ.-ի նոյեմբերի 16-ին Լոզանում հրատարակվող «Ժուռնալ Ռելիժիո դեզ Էգլիզ էնդեփանդան դը լա Սուիս Ռոմանդ» (Journal Re"ligieux des Eglises Inde"pendantes de la Suisse Romande) թերթում ցյուրիխաբնակ հոգեւորական Է. Ժակարի հեղինակությամբ «Թուրքիայում նոր կոտորածներ հայերի դեմ» խորագրով հրատարակված հոդվածում հնչեցին հայանպաստ հավաքների առաջին կոչերը: Նույն թերթում 1895 թ.-ի դեկտեմբերի 28-ին պրոֆ. Ժորժ Գոդեի կողմից լույս է տեսնում մեկ այլ հոդվածՙ «Կոտորածները Հայաստանում» խորագրով, որը իմիջիայլոց դառնում է առաջինն այս նյութին անդրադարձող մի ամբողջ հոդվածաշարքի:

Հայանպաստ օգնություններ Շվեյցարիայում

Հայանպաստ օգնությունների ազդակը, սակայն, հնչեց Նոյշաթել քաղաքում հոգեւորական Էդուարդ Ռոսելեի նախաձեռնությամբ: 1896-ի մարտի 4-ին Նոյշաթելի Մայր տաճարում նա կազմակերպում է «Էգլիզ էնդեպանդանին» պատկանող բողոքական հոգեւորականների մի համաժողով: Այս համաժողովում որոշվում է անհապաղ ձեւավորել մի ազդեցիկ հանձնախումբՙ պրոֆ. Ժորժ Գոդեի ղեկավարությամբ: Սույն համաժողովի արձանագրության մեջ նշվում է, թե «Պարոն Էդուարդ Ռոսելեն խորապես ցնցված է հայկական կոտորածների մասին «Ժուռնալ դե միսիոն էվանժելիք դը Փարիզ» (Journal des Missions Evange՛liques de Paris) թերթի հաղորդած տեղեկություններից: Նա հավատում է, որ Աստված ցանկանում է օգնել տարաբախտ հայ ժողովրդին ոչ թե մեծ տերությունների, այլ եկեղեցու ծոցում գտնվող հոգեւոր ուժերի միջոցով: Ուստի անհրաժեշտ է միանալ «Ազգային եկեղեցու» մեր հոգեւոր եղբայրների հետՙ ազդելու Շվեյցարիայի բոլոր եկեղեցիների վրա, որպեսզի ստեղծենք ընդհանուր մի շարժումՙ ի նպաստ Արեւելքում հալածվող քրիստոնյաների»: Համաժողովի բոլոր մասնակիցները միանգամայն համաձայն էին այս նպատակի համար ընտրել գործնական մի ճանապարհ. հոդվածների միջոցով լուսաբանել հանրության կարծիքը եւ համապատասխան հայտարարություններով ազդել շվեյցարացիների խղճի վրա: Պրոֆ. Գոդեին առաջադրվեց պատրաստել եւ հրատարակել հայկական կոտորածների վերաբերյալ մի գրքույկ, որով էլ սկիզբ դրվեց հայանպաստ օգնություններին:

1896-ի ապրիլին լույս տեսավ «Հայաստանի տառապանքը» խորագրով գրքույկըՙ արժանանալով հանրության ուշադրությանը: «Ժուռնալ ռելիժիո» (Journal Re՛ligieux) թերթում հաջորդաբար հրատարակվող իր հոդվածներով պրոֆ. Գոդեն դարձավ Շվեյցարիայում հայանպաստ օգնություններ կազմակերպող պատկառազդու մի անձնավորություն: Արդեն 1896-ի ապրիլի 1-ին Լոզանի Ավետարանական միության կենտրոնական հանձնախումբը հրատապ կոչ ուղղեց ի նպաստ տառապյալ հայ ժողովրդի: Ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում բազմաթիվ հոգեւորականներ իրենց եկեղեցիներում եւ համայնքներում այս նպատակով դրամահավաք կազմակերպեցին: Սույն երեւույթը տարածվեց ամբողջ Շվեյցարիայումՙ եկեղեցիների, մամուլի եւ բարեգործ անհատների կողմից կազմելով հայանպաստ օգնությունների հանձնախմբեր: 1896-ի հունիսի 14-22-ը Վանում, ապա օգոստոսի 25-28-ը Կ. Պոլսում տեղի ունեցած կոտորածների կապակցությամբ, երբ հազարավոր անմեղ հայորդիներ զոհվեցին, ամբողջ Շվեյցարիայի տարածքում բարձրացան բողոքի հսկա ալիքներ: Կազմակերպվեցին բազմամարդ ցույցեր, որոնցից ամենամեծը տեղի ունեցավ 1896-ի սեպտեմբերի 7-ինՙ Լոզանի համալսարանի ռեկտոր, աստվածաբանության պրոֆ. Է. Քոմբի գլխավորությամբ:

«Գազետ դը Լոզան» (Gazette de Lausanne) թերթի տնօրեն, հեղինակավոր լրագրող Ալբերտ Բոննարը իր ճառում պահանջում էր ներկաներից բողոքի ցույցեր կազմակերպել Շվեյցարիայի ողջ տարածքում: Ցուցարարները որոշում կայացրեցին ստեղծել մի նոր հանձնախումբ Շվեյցարիայում ստորագրահավաք կազմակերպելու նպատակովՙ իբրեւ շվեյցարացի ժողովրդի կամքի արտահայտություն, որը համապատասխան խնդրագրով պետք է փոխանցվեր շվեյցարական կառավարությանըՙ եվրոպական մեծ պետություններին ներկայացնելու համար: Լոզանում տեղի ունեցած այս միջոցառումները մասնավոր ուշադրության արժանացան մամուլի կողմից, որը եւ խոսքով, եւ գործնականապես ջերմորեն աջակցեց այս ստորագրահավաքի կազմակերպմանը: Հոկտեմբերի 10-ին Լոզանի հանձնախումբը կառավարությանը ներկայացրեց 113,653 ստորագրություններ պարունակող մի փաստաթուղթ: Այսպիսով, 1897-ի փետրվարի 28-ին Ցյուրիխի հանձնախմբի նախագահ պրոֆ. Կ. Ֆյուրերը Շվեյցարիայի համադաշնության նախագահ դոկտոր Ադոլֆ Դոյխերին ներկայացրեց հայանպաստ օգնությունների կազմակերպության ներկայացուցիչներին ընդունելու խնդրագիր: Նույն թվականի մարտի 4-ին հայանպաստ օգնությունների պատվիրակությունն ընդունվում է Համադաշնության նախագահի կողմից: Պատվիրակության խոսնակ պրոֆ. Կ. Ֆյուրերը իր ուղերձում նշում է. «Ներկայացված 433, 080 շվեյցարացիների ստորագրությունները քրիստոնյա հայ ժողովրդի դեմ կատարված սարսափելի վայրագությունների առնչությամբ խորը ցավի եւ բողոքի զորեղ արտահայտությունն են: Մենք ազգային ատելություն եւ ազգային թշնամիներ չենք ճանաչում, ուստի լիահույս ենք, որ, երբ մեր ժողովրդի խիղճը արտահայտվում է հարյուր-հազարավոր ձայների միջոցով, ոչ ոք չի կարող մեզ շահադիտական նպատակներ վերագրել: Մեր ժողովուրդը առաջնորդվում է դեպի այս մեծ հանրաքվեն սրբազան բարկությամբ եւ ողորմածության զգացումներով: Սույնը պետք է ազդեցություն ունենա նաեւ Եվրոպայի այլ ժողովուրդների վրա»: Այսպիսով, այս ստորագրահավաքները հիմնականում Լոզան քաղաքում, ինչպես նաեւ Շվեյցարիայի այլ քաղաքներում հետապնդում էին հետեւյալ նպատակը. շեշտել ժողովրդի կամքի արտահայտությունը կառավարության հանդեպ, որպեսզի վերջինս կարողանա համապատասխան խնդրանքով հանդես գալ եվրոպական մեծ տերությունների մոտ: Սակայն, Շվեյցարիայի չեզոքությունը չխախտելու մտավախությամբ կառավարությունը գործնական ընթացք չի տալիս այս ստորագրահավաքներին, ընդհակառակը չի զլանում 1900-ի օգոստոսի 31-ին շնորհավորական հեռագիր ուղարկել սուլթան Աբդուլ Համիդ 2-րդին գահակալության 25-ամյակի առթիվ:

Վերոնշյալ ստորագրահավաքներն ու հանրաքվեները, սակայն, ապարդյուն չեն մնում այն ուղղությամբ, որ դրանք ուղղակիորեն ծառայում են արթնացնելու շվեյցարացի ժողովրդի մասնավոր ուշադրությունը հայ ժողովրդի դառը ճակատագրի հանդեպ, որն էլ իր ուժեղ արտահայտությունն է գտնում մարդասիրական օգնությունների իրագործումով: Հավաքված հսկայական նվիրատվությունները շվեյցարացի հայասերներին հնարավորություն տվեցին Արեւմտյան Հայաստանի տարբեր շրջաններում հիմնելու օգնության կենտրոններՙ Սվազում, Պարտիզակում, Ուրֆայում եւ այլ վայրերում կազմակերպելով որբանոցներ, հիվանդանոցներ, խնամատարության կայաններ:

Ավելորդ չի լինի շվեյցարացի մեծ հայրենասերների շարքում հիշատակել հետեւյալ անունները. Լեոպոլդ Ֆավր, Կառլ Շենքլ, Ժորժ Գոդե, Վիլհելմ Վիշեր-Իզելին, Յակոբ Քյունցլեր, Էլիզաբեթ Քյունցլեր, Կառլ Մեյեր, Մաքս Մյուլլեր, Աննա Շվայցեր, Յովհաննես Շվիյոռի, Քաթարինա Շտուկի, Էրի Վիշեր, Գեթրութ Վիշեր, Թեոդոր Վիզեր եւ հատկապես մեծանուն հոգեւորական Անտոնի Քրաֆտ Բոննար:

Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի ջախջախիչ պարտությունից հետո ստեղծվել էր ոսկի առիթը, որպեսզի դաշնակից պետությունների օժանդակությամբ ստեղծվի պետություն հայկական բռնագրավված հողերի վրա, որպեսզի վերջ դրվի հազարամյակներից եկող քաղաքակիրթ եւ քաղաքակրթություն ստեղծող այս ժողովրդի թշվառությանը: Դժբախտաբար, սակայն, դաշնակից տերություններից յուրաքանչյուրն զբաղված էր իր անձնական շահերի հետապնդումով եւ ունեին ներքին անհամաձայնություններ, ինչի հետեւանքով ապարդյուն անցան թանկագին շաբաթներ եւ ամիսներՙ ի դերեւ հանելով եւ հայ ժողովրդի զավակների, եւ նրանց օտարազգի բարեկամների բոլոր հույսերը: Ընդհակառակը մի ուրիշ անձնավորություն, շատ լավ ըմբռնելով Թուրքիայի իրավիճակը, կարողացավ օգտագործել ժամանակըՙ ի նպաստ թուրք ժողովրդի եւ պետության: Այդ անձը Մուստաֆա Քեմալն էր, որը հետագայում թուրքերի կողմից Աթաթուրքՙ թուրքերի հայր կոչվեց: Նա շատ լավ ըմբռնեց դաշնակից տերություններիՙ իրար նկատմամբ ունեցած մրցակցությունները, եւ, վարպետորեն օգտագործելով նրանց ռազմավարական տկարությունը, հետզհետե կարողացավ սպառազինել թուրքական բարոյազրկված բանակը: 1919-ի օգոստոսին Էրզրումում եւ Սվազում հրավիրեց ազգային ժողովներ, իսկ սեպտեմբերին հիմնեց թրքական նոր կառավարությունը: Նա կապեր հաստատեց Սովետական Միության հետ եւ նրանցից ստացավ 3.000.000 անգլիական ոսկի «կապիտալիստական պետությունների դեմ պայքար մղելու նպատակով»: Եվրոպացի գաղտնի զինավաճառներից կարողացավ գնել մեծ քանակությամբ զինամթերք, հագուստ, կոշիկ եւ այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր բանակի վերակազմավորման համար: Նա հանդես եկավ հետեւյալ կարգախոսով. «Թուրքիան թուրքերին, ոչ մի շերտ մեր հողերից չպետք է հանձնվի հայերին կամ այլ ժողովուրդների»: 1921-1922-ին նրան հաջողվեց վտարել հույներին, գահազրկել սուլթան Մուհամմեդ 6-րդին եւ չեղյալ համարեց Թուրքիայի նախկին պետության կողմից ստորագրված Սեւրի դաշնագիրը (10 օգոստոսի, 1920): Արդարեւ հաղթանակող դաշնակից պետությունները այնքա՞ն անտարբեր պետք է լինեին, որ 1922-ին հայերի եւ հույների դեմ կատարված Զմյուռնիայի աղետից հետո ստիպված պետք է լինեին սակարկելու Թուրքիայում ստեղծված եւ ազգայնապաշտական ոգով տոգորված քեմալիստական պետության հետՙ 1923-ին Լոզանում ստորագրելու ի վնաս հայերի եւ ի նպաստ թուրքերի հիմնովին ձեւափոխված պայմանագիրը: Այն, ինչ որ երիտթուրքերը սկսեցին 1915-ին ցեղասպանության իրագործումով, շարունակվեց քեմալականների կողմիցՙ հասնելով վերջնակետին: Կիլիկիայում, Մարաշում, Ադանայում, Հաճընում եւ Սիսում, ինչպես նաեւ այլ շրջաններում ցեղասպանությունը վերապրողներից շատերը գազանաբար բնաջնջվեցին:

Այդ ժամանակաշրջանում Կիլիկիան գտնվում էր Ֆրանսիայի հովանու ներքո, անգլիական ուժերիՙ Թուրքիայից քաշվելուց հետո թուրքական բանակի բոլոր հարվածները դիմագրավում էին ֆրանսիացիները: Բազմաթիվ զինվորներ եւ սպաներ զոհվեցին ֆրանսիական բանակում եւ պատերազմը Կիլիկիայում դարձավ ավելի ծախսալից: Սա եղավ հիմնական պատճառներից մեկը, որ ֆրանսիական պետությունը քեմալականների հետ ուղղակի սկսեց բանակցություններ վարել, որի արդյունքում 1921-ի հոկտեմբերի 20-ին Անգորայում ստորագրվեց ֆրանս-թուրքական բարեկամության համաձայնագիր, որով ամբողջ Կիլիկիան հանձնվեց թուրքերին: Սրա հետեւանքով ավելի քան 150,000 հայ գաղթականներ լքեցին իրենց հայրենիքըՙ հաստատվելով Սիրիայում եւ Լիբանանում: Ֆրանսիական բանակի նահանջը բնականաբար ծանր հուսախաբությամբ ընդունվեց հայերի կողմիցՙ արդարորեն որակվելով իբրեւ ծանր դավաճանություն:

Հայերը Շվեյցարիայում եւ Քրաֆտ Բոննարը

Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հալածանքների օրերից սկսյալ բազմաթիվ հայեր փնտրել եւ ապաստան են գտել Շվեյցարիայում: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եւ դրանից անմիջապես հետո փախստական հայ ընտանիքներ, որոնց թվում նաեւ թոքախտավոր անհատներ հաստատվել են Շվեյցարիայում եւ օգնություն են ստացել տեղական մարդասիրական այլազան կազմակերպություններից : Սկզբնական շրջանում, ինչպես Ժնեւում, այնպես էլ Լոզանում ցրված հայերի ընդհանուր վիճակը թվում էր անմխիթար, քանզի կարոտյալների համար նկատի առնված հատուկ ֆինանսական կազմակերպություն եւ համապատասխան կենտրոն գոյություն չուներ: 1921-ի գարնանը փայլատակեց հույսի մի նշույլ. Ժնեւից 23 կմ հեռու Բենյան գյուղաքաղաքում, Լեման լճի ափի մոտ վաճառվում էր 21 սենյակներով ընդարձակ մի ապարանք, որը գնելու դեպքում շատ հարմարավետ կարող էր լինել հայ գաղթականներին օթեւանելու համար: Կալվածքի սեփականատերը վաճառքի համար պահանջում էր 525,000 շվեյցարական ֆրանկ: Քրաֆտ Բոննարը հայասերների կենտրոնական հանձնախմբին առաջարկում է բաց չթողնել ներկայացված առիթը եւ անպայման գնել այդ կալվածքը: Սկզբնական շրջանում, սակայն, հանձնախմբի անդամներից ոչ մեկը չէր համաձայնվում այդպիսի մեծ գումար ներդնել շենքի գնման համար, երբ մյուս կողմից ավելի գերակշռող եւ առաջնային էին հայ որբերի ու աքսորված ընտանիքների կարիքները Թուրքիայում: Երբ ոչ մի կազմակերպություն պատրաստակամություն չէր հայտնում ստանձնելու Շվեյցարիայում ապաստանած հայ ընտանիքների ու անհատների խնամակալությունը, անհրաժեշտություն զգացվեց այս նպատակի համար ստեղծել մի նոր կազմակերպություն:

Այսպես, ուրեմն, 1921 թ. հունիսի 21-ին հաստատվեց «Հայկական օջախը» (Le Foyer Armenien): Շուտով Բիեն քաղաքում գումարված հայասերների պատվիրակների ժողովում որոշում ընդունվեց գնել Բենյանի տունը: 1921-ին հուլիսի 13-ին «Հայկական օջախը» առաջին անգամ բացեց իր դռներըՙ ապաստան տալով հայերնազուրկ հայ ընտանիքներիՙ թվով 46 հոգի: Սակայն շուրջ մեկ տարի անց անհրաժեշտ եղավ այս ընտանիքներին տեղափոխել Ժնեւում հիմնված մեկ այլ կենտրոն, քանի որ այստեղ պետք է ապաստանեին հայ որբերը:

Զմյուռնիայի աղետից հետո Կ. Պոլսում քաղաքական իրավիճակը քեմալականների ճնշման հետեւանքով շատ ավելի վատթարացավ եւ հայերի նկատմամբ նրանց ունեցած ատելությունն ավելի ակնհայտ դարձավ: Ստեղծված իրավիճակից ելնելովՙ մարդասիրական բոլոր կազմակերպությունները, ընդ որում նաեւ շվեյցարական հաստատությունները ստիպված եղան դադարեցնել որբախնամության աշխատանքները Թուրքիայում եւ որբերին տեղափոխել արտասահմանյան ապահով երկրներ: Ամերիկյան «Near East Relief» կազմակերպության օգնությամբ, շվեյցարական կենտրոնական հանձնախումբը Կ. Պոլսում իր խնամքի ներքո գտնվող հաստատություններին ճամփորդելու համապատասխան գումար փոխանցելով, հրահանգեց իրենց խնամած որբերի հետ միասին անմիջապես հեռանալ Թուրքիայից: Միաժամանակ անգլիական, ինչպես նաեւ ամերիկյան հայասիրական կազմակերպությունները Հունաստանի Կորֆու քաղաք փոխադրեցին հազարավոր այլ որբերի: 1922-ի նոյեմբերի 19-ին 41 որբեր 7 պաշտոնյաների եւ 2 ուսուցչուհիների հետ միասին հեռանում են Կ. Պոլսից դեպի Մարսիլիայի նավահանգիստը, որտեղից 1922-ի դեկտեմբերի 1-ին գնացքով հասնում են Շվեյցարիայի Բենյան քաղաքը:

1922-1930 թվականներին Բենյանի որբանոցում ընդունվեցին 142 որբեր, 101 տղա եւ 41 աղջիկ, իսկ Ժնեւի կենտրոնումՙ 85 փախստականներ, այրիներ, ծերեր, հիվանդներ եւ որբեր:

Շվեյցարիայի հայասերների կենտրոնական հանձնախումբը տեղացի ժողովրդից հաճախ ստանում էր դիմումներՙ երեխաներին որդեգրելու խնդրանքով: Սակայն վերջինս ընթացք չէր տալիս, նկատի ունենալով, որ երեխաները մեծանալու էին իրենց ոչ հարազատ ընտանիքներումՙ արհեստականորեն յուրացնելով մի մշակույթ, որն իրենց բնորոշ չէ: Այսպիսով, նրանք կունենային երկփեղկված մի հոգիՙ դաստիարակությամբ շվեյցարացի, բայց արմատներովՙ հայ: Հայասերների կենտրոնական հանձնախումբը մտավախություն ուներ, որ այս երեխաները ի վերջո կդժվարանային ճանաչել իրենց ինքնությունը եւ ազգային պատկանելությունը շվեյցարացի թե հայ լինելու միջեւ: Այս մեծահոգի կեցվածքն էր Շվեյցարիայի հայ համայնքի գոյավորման հիմնակետը:

Բենյանի որբանոցի երեխաների համար ֆրանսերենի կողքին կազմակերպվեց հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցու, հայոց պատմության եւ մշակույթի դասավանդումը: Քրաֆտ Բոննարի հիմնական նպատակներից մեկն էր այս երեխաներից պատրաստել ընտրանիների մի խումբ, որը կլիներ գուցե մոտ ապագայում ստեղծվելիք անկախ Հայաստանի պետության ղեկավար մարմինը: Նա ամբողջապես համոզված էր, որ անկախ Հայաստանի ստեղծումը պետք է լիներ արդարությունից բխող հրամայական մի պահանջք: Բայց ավա՜ղ... Լոզանի դաշնագրից, ինչպես նաեւ Թուրքիայիՙ Ազգերի լիգայում ընդունվելուց հետո (1932) բոլոր իրապաշտ մարդկանց համար ավելի քան հստակ դարձավ, որ այլեւս անհնար է քաղաքական լուծում տալ հայկական հարցին: Այս իրողությունը Քրաֆտ Բոննարի կյանքում դարձավ ամենացավալինՙ զգալ, որ իր որբուկները ընդմիշտ մնալու են մի խաբված ժողովրդի տարաբախտ զավակներ:

Այսօր դժվար է ճշգրտությամբ որոշել Բենյանի որբանոցում ընդունված որբերի թիվը. մինչեւ 1939 թվականը 250 տղաներ եւ աղջիկներ ուսանել եւ հասել են կյանքին. նրանցից ոմանք ներգաղթել են Սովետական Հայաստան, ԱՄՆ եւ Կանադա, իսկ որոշ մասը մնացել է Շվեյցարիայում:

Հայերը Ժնեւում

Վերոնշյալ փաստերին պետք է ավելացնել նաեւ, որ հայ համայնքի կազմավորման նախնական փուլում Բազելի, Ցյուրիխի, Ֆրիբուրգի, Լոզանի եւ Ժնեւի համալսարաններում իրենց բարձրագույն կրթությունն են ստացել բազմաթիվ հայ անվանի գրողներ, ակնառու դեմքեր, ինչպեսՙ Մեծ եղեռնի նահատակ բանաստեղծ Ռուբեն Սեւակը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, հրապարակագիր Գրիգոր Արծրունին եւ հետագայում Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա. Մուրադբեկյանը:

1887 թվականին սոցիալիստական կողմնորոշում ունեցող ուսանողների մի խմբիՙ հանձինս Ավետիս Նազարբեկի, Մարո Նազարբեկի, Ռուբեն Խանզադի, Գաբրիել Քաֆայանի եւ այլ հեղափոխական գործիչների, Ժնեւում հիմնվում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Մինչեւ 1891 թիվը այստեղ հրատարակվում է Հնչակյան կուսակցության «Հնչակ» պաշտոնաթերթը:

1890-ին Թիֆլիսում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ձեւավորումից քիչ հետո 1891-1914 թթ. Ժնեւում հրատարակվում է Դաշնակցության «Դրօշակ» պաշտոնաթերթը: 1907 թվականին Լոզան քաղաքում կազմավորվում է հայ ուսանողների «Արմենիա» միությունը: Հայ ուսանողներին լուրեր հայթայթելու նպատակով 1914 թվին հրատարակվում է «Տեղեկատու բյուրո» անունով ուսանողական թերթը:

Դեռեւս 1896 թվին Ռեթեոս Բերբերյանի գլխավորությամբ Ժնեւում գործում էր հայկական մի դպրոց, իսկ Լոզանում 1904 թվականին Մարտիրոս Նալբանդյանի կողմից հիմնվեց «Հայկազյան վարժարանը», որը միաժամանակ գիշերօթիկ դպրոց էր: Պետք է ասել, սակայն, որ այս դպրոցների գոյությունը Շվեյցարիայում կարճատեւ է եղել, որովհետեւ այդ ժամանակաշրջանում գոյություն չուներ համապատասխան թվով հայկական համայնք, որը կարողանար նյութապես ապահովել այս հաստատությունների գործունեությունը:

Ժնեւում եկեղեցական արարողություններ սկսել են մատուցվել 1925-ից, ինչի համար կազմվեց հոգատար մի մարմինՙ Սեդրակ Փափազյանի գլխավորությամբ: Տեղում ծառայող հոգեւորականի բացակայության պատճառով այդ ժամանակաշրջանում Փարիզից հրավիրվում էր Վռամշապուհ վրդ. Քիպարյանը, որը Հայ եկեղեցու գլխավոր տոների առթիվ մատուցում էր Ս. պատարագ: Այս արարողությունների երգեցողությունը կատարվում էր Բենյանում ապաստանած որբերի երկսեռ երգչախմբի կողմից:

Սկզբնական շրջանում Շվեյցարիայում ապրող փոքրաթիվ հայ համայնքի եկեղեցական հայածես արարողությունները հյուրընկալվում էին տեղական տարբեր (կաթոլիկ, բողոքական, անգլիկան) եկեղեցիների կողմից: Սակայն, երբ Բ. համաշխարհային պատերազմից հետո Լիբանանից, Սիրիայից, Իրանից եւ Կ. Պոլսից Ժնեւ ներգաղթած հայերի շնորհիվ հարաբերաբար աճեց համայնքի թիվը, զգալի դարձավ սեփական եկեղեցի ունենալու անհրաժեշտությունը: Այսպիսով, Շվեյցարիայում հայ համայնքի ներկայության գերազանց արտահայտությունը դարձավ Ժնեւիՙ Տրուանե կոչվող արվարձանում հայկական եկեղեցու կառուցումը, որը երջանկահիշատակ Վազգեն Ա վեհափառի օրհնության կոնդակով օծվեց Ս. Հակոբ Մծբնեցի հայրապետի անունով 1969 սեպտեմբերի 14-ինՙ Սերովբե արք. Մանուկյանի ձեռամբ: Եկեղեցու շինության գլխավոր բարերարն էր եգիպտահայ մեծահարուստ գործարար Հակոբ Թոփալյանը, որի տրամադրած իշխանական նվիրատվությունից բացի տեղի համայնքն էլ նյութապես ու բարոյապես բերեց իր գործուն մասնակցությունը: Շնորհիվ ճարտարապետ Էդուարդ Ութուճյանի, եկեղեցին կրելով հայ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության դրոշմը, Ժնեւի քրիստոնեական համայնքների ընտանիքում աչքի է ընկնում իր շեշտված հայկականությամբ:

Այսպիսին էր շվեյցարացի հայասերների պատմությունը, նրանց թվում հայ համայնքի համար մասնավոր նշանակություն ունեցող Անտոնի Քրաֆտ Բոննարը, որին ուղղված քննադատական, մռայլ եւ սեւ երգիծանքով լի նամակով դիմել է Լեռ Կամսարը: Այս հայասերների ցուցաբերած բարոյական անգնահատելի պատրաստակամության եւ կազմակերպած նյութական հսկա նվիրատվությունների շնորհիվ է, որ Մեծ եղեռնի մահվան բովից անցած ծնողազուրկ հայորդիների հետագայում կազմած ընտանիքների հիման վրա ձեւավորվեց եւ հետզհետե ավելի բազմացավ Շվեյցարիայի հայ համայնքը, որի թիվն այսօր, հիմնվելով ողջամիտ տվյալների վրա, հասնում է 4.000-ի:

Ֆիլանտրոպներից արմենոֆիլներ

«Ո՞վ է տեսեր ցայսօր, որ դիվանագիտական գործերու մեջ սերը դեր խաղա կամ ի՞նչ օգուտ կհուսաք բերել հայ ազգին ձեր սիրովը», ասում է Լեռ Կամսարը Քրաֆտ Բոննարին ուղղված իր նամակում:

Հայտնի երեւույթ է, որ դիվանագիտության մեջ սերը չափանիշ չէ: Արդարեւ, դիվանագիտության մեջ չկան մնայուն բարեկամներ եւ թշնամիներ, այլ գոյություն ունեն հիմնական շահեր: Այսուհանդերձ, ինչպես աստղազարդ երկինքը մարդու գլխի վրա, եթե նրա մեջ գոյություն չունենար բարոյական օրենքը, եթե խղճի զգացումն ու կյանքում դրանով կողմնորոշվելու գիտակցությունը սկզբունք չլիներ, ինչո՞վ կտարբերվեր մարդ արարածը գազանից. մարդը մարդուն գայլ կդառնար, ինչպես ասում է լատինական հին ասացվածքը:

Շվեյցարիայում հայանպաստ օգնություններ կազմակերպող բոլոր երախտավորները կոչվել են ֆիլանտրոպներ (philanthropes): Հունարեն լեզվի զույգ արմատ բառերից (ֆիլոս եւ անտրոպոս, այսինքնՙ սեր եւ մարդ) կազմված այս հասկացության հիմքում առանձնապես կարեւորվում է սիրո ըմբռնումը մարդու նկատմամբ: Մարդասիրությունը եղել է ուրեմն 19-րդ դարի վերջավորության եւ 20-րդ դարի մինչեւ 30-ական թվականները ձգվող ժամանակահատվածի Շվեյցարիայում գոյություն ունեցած եւ վերջապես օգտաշատ առաքելության վերածված հայասիրության հիմնական շարժառիթը: Հայանպաստ գործունեության այս ընդարձակ դաշտում, ի թիվս այլ մարդասերների, իբրեւ ազնիվ մշակ հանդես է եկել նաեւ Անտոնի Քրաֆտ Բոննարը, որի անմահ հիշատակին ներկա հոդվածով փորձեցինք անդրադառնալՙ երախտագիտության անկեղծ զգացումով:

ԱԲԵԼ ՔՀՆ. ՄԱՆՈՒԿՅԱՆ, Հոգեւոր հովիվ Շեվյցարիայի հայոց, Ժնեւ, 12 հուլիս 2007


* «Ազգ մշակույթ-հավելվածը» նախաձեռնել է հրապարակել Լեռ Կամսարի անտիպ ժառանգությունից հատվածներ, որ մեզ է տրամադրում գրողի թոռըՙ Վանուհի Թովմասյանը: Խնդրո առարկա հոդվածը հերթական գրությունն էրՙ տպագրված մեր թերթում «Անտիպ էջեր» վերտառությամբ, առանց քաղաքական որեւէ ենթատեքստի: Որպես դասական գրողի ժառանգություն հարկ չենք համարել մեկնաբանության, քանի որ նրա յուրաքանչյուր մասունք գրական արժեք է եւ թանկՙ մեզ համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4