«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2007-09-08 | #164, 2007-09-11 | #165, 2007-09-12


ԱԶՆԻՎ ԴԱՍԱԽՈՍՆ ՈՒ ԳՐԱԿԱՆԱԳԵՏԸ

Ռուս գրականությանՙ հայ նշանավոր հետազոտողների եւ դասավանդողների շրջանում միայն Ռուսեթ Հովհաննիսյանը չուներ ռուսական կրթություն, ինչն ամենեւին չխանգարեց, որ նա իր ողջ կյանքը նվիրի ռուս գրականության ուսումնասիրմանն ու ժողովրդականացմանը եւ գրեթե երեք տասնամյակ գլխավորի մեր խոշորագույն ուսումնական հաստատությանՙ Երեւանի պետական համալսարանի ռուս գրականության ամբիոնը:

Մահվանից մեկ տարի առաջ, 1970 թվականի մայիսի 5-ին, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուսեթ Հովհաննեսի Հովհաննիսյանը հիշում է. «Ես ծնվել եմ Արեւմտյան Հայաստանումՙ Վանի Արտամետ գյուղում: Հայրսՙ Հովհաննես Գյամչյանը, որ գյուղի կրթված մարդկանցից մեկն էր, մասնակցել է Վանի պաշպանությանը»: 1915 թվականի ողբերգական դեպքերն ընտանիքին հարկադրեցին տեղափոխվել Արեւելյան Հայաստան: «Էջմիածնում մահացան մայրս, քույրս, տատս, իսկ հայրս մահացավ Երեւանումՙ խոլերայից: Երկու տարի բատրակություն էի անում Էջմիածնում, իսկ հետո հայտնվեցի Երեւանի որբանոցում»: Կողմնակի մարդկանցից Ռուսեթն իմանում է իր անսովոր անվան պատմությունը: Հայրըՙ Վանա լճում իր նավակով շրջող Հովհաննեսը հաճախ առեւտրական գործերով մեկնում էր նաեւ Ռուսիա, որոշում է որդուն տալ Ռուսեթ (Ռուսիա) անունը: Բայց միայն անունը չէր հանելուկային: Նրա ազգանունը պետք է լիներ Գամչյան (կամՙ Գյամչյանՙ գյամի բառի տեղական հնչողությանը համապատասխան), սակայն այն ժամանակ նա չգիտեր իր իսկական ազգանունը եւ դրա համար էլ կազմեց հայրական անունից:

Այդ նույն ինքնակենսագրությունից իմանում ենք, որ Ռուսեթը «սովորել եւ ավարտել է Մյասնիկյանի անվան երկրորդ աստիճանի դպրոցը»: Նրա ուսուցիչներն էին հայրենական բանասիրության ապագա սյուներ Արսեն Տերտերյանը, Մանուկ Աբեղյանը, Գրիգոր Ղափանցյանը, ովքեր հետագայում դարձան նրա դասախոսները Երեւանի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում: Այնուհետեւ նա կրթությունը շարունակում է Լենինգրադի փիլիսոփայության եւ լեզվաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում: (Պրոֆեսոր Հովհաննիսյանի որդինՙ լեզվաբան Լեւոն Ռուսեթի Հովհաննիսյանը, հետեւելով հորը, նույնպես ստաժավորվել եւ թեկնածուական թեզը պաշտպանել է Լենինգրադի պետական համալսարանում):

Երեւան վերադառնալուց հետո Ռ. Հովհաննիսյանը սկսում է աշխատել ԵՊՀ-ում, դասախոսական աշխատանքը համատեղելով գիտականի հետ, միաժամանակՙ գիտական գծով պրոռեկտոր էր: 1957 թվականին, բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման կապակցությամբ, Երեւանի Ժդանովի անվան մանկավարժական ինստիտուտը երեք ֆակուլտետներով ներգրավվեց պետական համալսարանի կազմում: Բնականաբար, ռուս գրականության ամբիոնն էլ մտավ համալսարանիՙ Ռուսեթ Հովհաննիսյանի գլխավորած ռուս գրականության ամբիոնի կազմի մեջ: Այդ տարիներին ամբիոնում նրա հետ աշխատում էին նաեւ նախկին «ժդանովականները»ՙ նշանավոր գիտնականներ Տ. Ս. Հախումյանը, Զ. Ի. Յասինսկայան, Ե. Ա. Եսայանը, Ն. Ե. Վարդապետովան, Հ. Ն. Սալախյանը, Ս. Ա. Եղիկյանը, Ե. Պ. Տիխանչեւան:

Ռուսեթ Հովհաննիսյանի հետաքրքրությունների շրջանակը միշտ կապված էր ռուս գրականության ուսումնասիրման հետ, իսկ առաջին հրատարակված ձեռնարկըՙ «Ռուս գրականության հետազոտությունները», երկար տարիներ օգտագործվում էր հանրապետության բուհերում: Նա բարոյական մտավորականի համբավ ուներ, միաժամանակ չափազանց բարի մարդ էր, հիանալի դասախոս. նրան սիրում եւ հիշում են սաների մի քանի սերունդ:

Հոգնելով աշխատանքից, Ռուսեթ Հովհաննիսյանը բանաստեղծություններ էր գրում: Հավանաբար նրա մեծագույն սերերը, բացառությամբ ընտանիքի, պոեզիան եւ ընկերներն էին: Ռուսեթ Հովհաննիսյանի ամենամոտ ընկերները Մկրտիչ Մկրյանն ու Սահակ Բազյանն էին, նրա գործընկերները, երկուսն էլ, ի դեպ, նույն երկրամասումՙ Վան-Վասպուրականում եւ Շատախում ծնվածներ: Ռուսեթ Հովհաննիսյանի կինըՙ Կիմա Հարությունովնան, որ անսովոր հմայքի տեր կին էր, հյուրընկալության արվեստով չէր զիջում ամուսնուն: Ինչքա՜ն, ինչքա՜ն մարդիկ, այժմ անցնելով Ալիխանյան փողոցի խորքում գտնվող Հովհաննիսյանների երկհարկանի առանձնատան կողքով, օրհնում են այն օջախը, որտեղ իրենք ցանկալի հյուր էին: Հոգեհարազատության մթնոլորտը, եղրեւանու բույրը գիշերային այգում, տնական գինին եւ աշխատասենյակից հնչող սիրելի մեղեդիները մինչեւ լուսաբաց տրամադրում էին շարունակական զրույցների ու վեճերի: Այստեղ գալիս էին տարբեր սերունդների ներկայացուցիչներՙ մեկը մյուսից հետաքրքրական ու վառ: Այստեղ կանոնավորապես լինում էր նաեւ ռուս գրականության ամբիոնում Ռուսեթ Հովհաննիսյանի ապագա ժառանգորդՙ պոետիկայի հիանալի մասնագետ Լեւոն Գեորգիի Հակոբյանը:

«Բելինսկինՙ Գոգոլի քննադատ» թեկնածուական թեզը (1940) հաստատեց Հովհաննիսյանի հետաքրքրությունների ոլորտում «ռուսական» ուղղության առաջնությունը: Ռուս գրականության եւ արվեստի հանդեպ հեղինակի խոր սերը հաստատեցին «Լերմոնտովի կյանքն ու ստեղծագործությունը» (1941), «Հայրենիքը եւ ռուս գրականությունը» (1942), «Բելինսկու կյանքն ու քննադատական գործունեությունը» (1949) աշխատանքները: Այս հրատարակությունները նախապատրաստեցին «Ռուս գրականությունը հայ հասարակական մտքի գնահատությամբ» մենագրության ծնունդը, որը լույս տեսավ հայերեն եւ ռուսերեն (1952):

Այնուհետեւ լույս են տեսնում «Ա. Ի. Գոնչարով» (1964), «Լեւ Տոլստոյը եւ հայ գրականությունը» (1964) գրքերը, որ ընկած են «Ռուս գրականության ուրվագծեր» բուհական դասագրքի հիմքում: Մահվանից երեք տարի առաջ Ռուսեթ Հովհաննիսյանն ավարտեց իր վերջին ուսումնասիրությունըՙ «19-րդ դարի ռուս գրականության պատմությունը», որն էլ դարձավ նրա բազմամյա տարիների գիտական եւ մանկավարժական գործունեության ամփոփումը:

Ռ. Հ. Հովհաննիսյանը գլխավորեց ԵՊՀ ռուս գրականության ամբիոնը մինչեւ մահ: Նա կյանքից հեռացավ, ունենալով գիտության վաստակավոր գործչի կոչում, պետական շատ պարգեւներ եւ իր մասին թողեց պայծառ հիշատակ:

ԱՐՄԵՆ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4