«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2007-09-25 | #174, 2007-09-26 | #175, 2007-09-27


ՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Ցեղասպանության հետեւանքում ավերածությունն ու վհատությունն այնքան համատարած էին, որ հայ մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանը հայ ժողովրդին նկարագրեց որպես «ջարդուկոտոր» եղած, փոշու վերածված մի ազգիՙ «ցրված հոս հոն», դատապարտված կորստի: Բայց նա նաեւ մարգարեական տեսլականով «հարության շունչը» զգաց եւ «Փոշի-ազգ» ոտանավորի վերջին տողում հորդորեց. «Հուսա՛. դիզվե՛-փոշին լոկ այդպես թերեւը՜ս հող, քար ըլլա...»:

Այսօր մենք ականատես ենք լինում այդ մարգարեության իրականացմանը: 92 տարի անց հայերս վերջապես ուժ ենք հավաքում Ցեղասպանությունն իրագործողներին պատասխանատվության կանչելու:

Մ. Նահանգներում եւ Եվրոպայում Ցեղասպանության ճանաչումը մեծ թափ է ստացել եւ երկրները մեկը մյուսի հետեւից օրինագծեր են անցկացնում այս առնչությամբ: Դրանցից վերջինը Չիլին էր, որտեղ հայկական քարոզչությունը աննշան է: Դա նշանակում է, որ մեր դատի բարոյական ուժն է գործել այնտեղ:

Անաչառ գիտնականներն իրենց ֆորումներն օգտագործում են պայքարելու համար խեղաթյուրումների եւ ժխտողական գրականության դեմ, որը լույս է տեսնում թուրք կառավարության ֆինանսավորումով աշխատող «գիտնականների» կողմիցՙ պատմության իրենց իսկ «ձեւավորած» տարբերակով:

Քարոզչական խմբեր լծված են մեր դատին կողմնակից օրենսդիրներ հավաքագրելու արդար գործին: Երկար ժամանակ քուն մտած եւ թուրք առաջնորդներին հանգիստ թողած մեր դատը վերակենդանացրել է մարդկանց հետաքրքրությունը: Լրատվամիջոցներն էլ իրենց բաժին գործն են անում նրանց իրազեկության մակարդակը բարձրացնելու համար:

Այս բոլորից ժխտողականության պատվարները մեկը մյուսի հետեւից քանդվում են: «Նյու Յորք թայմսի», «Բոստոն Գլոբի» եւ «Թայմսի» նման գլխավոր լրատվամիջոցները վերջապես իրերն իրենց անուններով են կոչում, հրաժարվելով «այսպես կոչված» կամ «ենթադրյալ» խուսափողական եզրերի օգտագործումից: Եվ չնայած «Լոս Անջելես թայմսն» էլ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուներ որոշակի, հստակ դիրքորոշում, ժխտողական տրամադրվածությամբ մի քանի խմբագիրներ վերջին շրջանում փորձեցին խախտել այն, զայրույթի ալիք առաջացնելով հայկական համայնքում, որի հետեւողական պայքարի արդյունքում գլխավոր խմբագիրն ստիպված եղավ հրաժարական տալ:

Յուրաքանչյուր հաղթանակ գրավականը դարձավ հաջորդ մարտերի հաղթանակին: Վերջին շրջանում Ուոթերթաունում (Մասաչուսեթս) բռնկված սկանդալը խախտեց հիմքերը «Միություն ընդդեմ զրպարտության» նման հրեական ուժեղագույն մի կառույցի, որի ղեկավարները երկակի ստանդարտներով էին առաջնորդվում: Կազմակերպության տնօրեն Աբրահամ Ֆոքսմանն ստիպված եղավ վերանայել իր դիրքորոշումը հայերի ողբերգության նկատմամբ, չնայած հաստատ մնաց ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության թիվ 106 օրինագիծը չպաշտպանելու իր նախնական տրամադրվածությանը, պատճառաբանելով, որ դա կարող է խաթարել հարաբերությունները Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ եւ կամ կարող է վնասել Թուրքիայի հրեական համայնքի անվտանգությանը:

Որոշ հայկական շրջանակների երդվյալ հակասեմականները պարտավոր են զգույշ լինել, որովհետեւ ոչ բոլոր հրեաներն են կողմնակից նման ժխտողական դիրքորոշմանը: Ընդհակառակը, հրեա գիտնականների մեծամասնությունըՙ Իսրայելում թե աշխարհի այլ մասում պաշտպանում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Իսրայելի կառավարությունը, հատկապես նրա նորընտիր նախագահ Շիմոն Պերեսը, քաղաքական նպատակներից ելնելով շարունակում է տուրք տալ թուրքական նկրտումներին: Բայց նրա դիրքորոշումը խստորեն քննադատում են ինչպես գիտնականները, այնպես էլ քաղաքագետները: Հոլոքոսթից մազապուրծ Էլի Ռիզելը իր բարոյական պարտքը համարեց համոզել Ֆոքսմանին փոխել տեսակետները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Իր օգոստոսի 29-ի համարում «Ջերուզալեմ փոստ» թերթն ընդգծում էր, որ «չնայած Իսրայելը զգուշավոր քաղաքականություն է վարում կարեւոր մի դաշնակցիՙ Թուրքիայի հանդեպ, աշխարհի հրեական կառույցները դատապարտում են Հոլոքոսթը ժխտողներին, հետեւաբար նրանք չեն կարող համագործակցել այլ ցեղասպանություններ ժխտողների հետ»: Այնուհետեւ շարունակում էր. «Իհարկե, Ցեղասպանությունը դատապարտելը չի նշանակում Թուրքիային կամ նրա ներկա կառավարությանը դատապարտել, քանի որ նա չէր Ցեղասպանություն իրագործողը: Բայց որպես իրավահաջորդ այս կառավարությունն էլ ունի որոշ պատասխանատվություններ, որոնցից խուսափել չի կարող»:

Ամեն անգամ, երբ որեւէ երկրի խորհրդարան համապատասխան բանաձեւ է ընդունում, Թուրքիան հակադարձում է արդեն սովորական դարձած դիվանագիտական եւ տնտեսական շանտաժով: Սակայն նման զգացմունքային հակադարձումը ցարդ ոչ մի իրեն հարգող կառավարության վրա չի ազդել: Միշտ էլ Թուրքիան է, ի վերջո, վերանայել իր դիրքորոշումը: Ֆրանսիայի պարագան դրա լավագույն օրինակն է: Երկու երկրների տնտեսական համագործակցությունը ոչ միայն սովորականի պես առաջ է գնում, այլեւ նույնիսկ մի քանի անգամ աճ է արձանագրում:

Մ. Նահանգների Կոնգրեսում N 106 բանաձեւի ընդունման նախօրեին թուրքական «Զաման» թերթը սեպտեմբերի 9-ի համարում գրում էր. «Գիտական շրջանակներում Թուրքիան տանուլ է տվել պայքարը: Թուրքական դիրքորոշումը քիչ պաշտպաններ ունի: Նրա ընդդիմադիրների ձայնը շատ ավելի բարձր է հնչում: Թուրքիան իր դիրքերը կորցնում է շատ երկրներում, մինչդեռ հայկական դիրքերն ամրանում են օրենսդիր մարմիններում: ՄԸԶ-ի որոշումը վերջին օղակն էր այդ շղթայում: Մ. Նահանգների Կոնգրեսի շատ ներկայացուցիչներ, որոնք որպես «Թուրքիայի բարեկամներ» են հանդես գալիս, իրենց հոգու խորքում հավատացած են, որ Հայոց ցեղասպանությունը պատմական անժխտելի ճշմարտություն է, բայց դեմ են արտահայտվում բանաձեւին, սոսկ քաղաքական նկատառումներով: Վաշինգտոնի մեր դիվանագետները չափազանց մեկուսացված են»: «Մենք պետք է առավել ռացիոնալ եւ հաշվարկված ընդդիմություն ցույց տանք», եզրակացնում է «Զամանի» վաշինգտոնյան թղթակիցը:

Այս ամենից հետո հետաքրքրական է, թե երբ է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին քվեարկության դնելու «Hr 106» բանաձեւը: Բայց մենք պետք է գիտակցենք, որ բանաձեւի ընդունումը չի նշանակելու մեր պայքարի ավարտը: Այդ որոշումը ոչ մի իրավական կամ քաղաքական հետեւանքներ չի ունենալու: Լավագույն դեպքում դա բարոյական քայլ է լինելու եւ մենք շատ լավ գիտենք բարոյականի արժեքը քաղաքական կյանքում:

Մենք, իհարկե, կարող ենք իրար շնորհավորել ձեռք բերված հաղթանակների համար: Բայց պետք է պատրաստվենք առաջիկա փուլերին, գիտակցելով, որ շարունակական կաթկթոցները մինչեւ անգամ քար են ծակում:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4