«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2007-10-20 | #193, 2007-10-23 | #194, 2007-10-24


ԻՆՉՈ՞Ւ ՀԵՌԱՑԱՎ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ

Ինչպես հայտնի է, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ընդհատելով հայաստանյան իր այցը, մեկնել է Թեհրան: Այս իրավիճակը բազմաթիվ հարցերի առիթ է տվել: Ըստ Վիկտոր Սողոմոնյանի, Իրանի նախագահը մեկնել է անհետաձգելի գործերի պատճառով: Իսկ ըստ փոխարտգործնախարար Գեւորգ Ղարիբջանյանի, «այցի ընդհատումը լուրջ հիմքեր ունի եւ կապված է Իրանում ծագած ներքին խնդիրների հետ»: Փոխարտգործնախարարը նշել է, որ հայկական կողմը տեղյակ է շտապ մեկնման պատճառներին, սակայն հրաժարվել է դրանց մասին տեղեկացնել լրագրողներին: Նա նաեւ նշեց, որ պաշտոնական այցը չի դադարեցվել, այլ ընդամենը տեղի է ունեցել այցի ծրագրի փոփոխություն: Ինչեւէ, նշենք, որ երեկ առավոտյան ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ, որին մասնակցել են արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին, ԻԻՀ նախագահի գլխավոր խորհրդական Սամարե Հաշեմին, այլ պաշտոնատար անձինք: Հայտնի է, որ մինչեւ մեկնելը Մահմուդ Ահմադինեժադը հանդիպել է նաեւ Հայաստանում բնակվող իրանցիների հետ:

Իրանի նախագահի այցի ընդհատման մասին տարբեր լուրեր են պտտվում, մասնավորապես, որ պատճառը թուրք-իրաքյան սահմանին իրավիճակի կտրուկ սրումն է: Հայտնի է, որ քրդական հարցը լրջորեն անհանգստացնում է նաեւ Իրանին, որի տարածքում նույնպես գործում են քրդական զինված խմբավորումներ: Ըստ Ֆրանսպրես գործակալության, այցի ընդհատումը կապված է երեկ Հռոմում սկսված Իրանի միջուկային ծրագրերի քննարկումների հետ: Հիշեցնենք, որ բանակցություններում իրանական կողմի ղեկավար Ալի Լարիջանին նախօրեին հրաժարական էր ներկայացրել: Ըստ այլ լուրերի, այցի ընդհատումը պայմանավորված է Ծիծեռնակաբերդ եւ Ցեղասպանության թանգարան այցելություններով: Իրանի ղեկավարությունը վերջին տարիներին փորձում է բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները, իսկ Անկարան հատկապես այս օրերին հիվանդագին է ընդունում ցեղասպանության հարցի ամեն մի հիշատակում: Եվ Իրանի նախագահը փորձել է այսպիսով խուսափել հուշահամալիր այցելելուցՙ միաժամանակ չցանկանալով վիրավորել հայկական կողմին, ընդհատել այցը եւ մեկնել Երեւանից: Անդրադառնալով Իրանի նախագահի այցին, Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Մահմուդ Ահմադինեժադը բոլոր հարցերն արդեն քննարկել էին:

Օրվա վերջում իրանական «Իռնա» գործակալությունը տարածեց Ահմադինեժադի հայտարարությունն այն մասին, որ ինքն ամբողջովին ավարտել է իր այցը Հայաստան եւ հետ է վերադարձել: Իրանի նախագահը հերքել է տարածված այն լուրերը, թե իր այցն ընդհատվել է, եւ նա շտապ վերադարձել է Թեհրան: Այդ դեպքում կարելի է պնդել, որ իրանյան կողմը խախտել է այցի արարողակարգը:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4