«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2007-10-23 | #194, 2007-10-24 | #195, 2007-10-25


ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ

Մահվան 100-ամյակի առթիվ

Հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս Խրիմյան Հայրիկը (Մկրտիչ Վանեցի) իր մահկանացուն կնքեց 100 տարի առաջՙ 1907-ի հոկտեմբերի 29-ին, 87 տարեկան հասակում: Աճյունը ամփոփված է Էջմիածնի Մայր տաճարի մուտքի առաջ:

Հայ ժողովրդի մեծ երախտավոր, հասարակական-քաղաքական եւ հոգեւոր-մշակութային նվիրյալ գործիչ, խոհուն մտավորական ու գրող, Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը ծնվել է 1820-ի ապրիլի 4-ին Վասպուրական նահանգի Վան քաղաքի Այգեստան թաղամասում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում հորեղբորՙ Խաչատուրի մոտ, որից հետո ուսումը շարունակել է Կտուց եւ Լիմ անապատների դպրոցներում:

1843-ին Խրիմյանը հաստատվում է Պոլսում. այստեղ Խասգյուղ թաղամասի դպրոցում աշխատում է որպես ուսուցիչ եւ հայրենասիրական ոգով դաստիարակում իր սաներինՙ նրանց մեջ վառելով հայրենասիրության հուրը: Եվ այդ հուրը ավելի լայն տարածելու, հայ գրականությունն ու մշակույթը աշխարհով մեկ սփռված հայերին հասու դարձնելու նպատակով հայրենանվեր երիտասարդ գործիչը սկսում է ճանապարհորդել հայաշատ վայրերում. լինում է Պարսկաստանում, Երուսաղեմում, Անդրկովկասում, Կիլիկիայումՙ ամենուրեք նպաստելով կրթության վեհ գործին:

1854-ին Խրիմյանը վերադառնում է իր հայրենի Վան քաղաքը եւ Աղթամար վանքում ձեռնադրվում է վարդապետ: Հիմնադրում է Վարագա վանքի Ժառանգավորաց գիշերօթիկ վարժարանը եւ դառնում վանքի վանահայրը: Նա ցանկանում էր Մխիթարյանների օրինակով տպարան հիմնել Վանում, գրքեր ու պարբերականներ հրատարակել: Սակայն հանդիպելով հետադիմական տարրերի դիմադրությանը, թողնելով Վանը, վերադառնում է Պոլիս: Այստեղ նրան հաջողվում է իրագործել իր ծրագիրըՙ հիմնում է տպարան եւ 1855-ին հրատարակում է «Արծվի Վասպուրական» հանդեսը, որը գրական ու մշակութային մեծ դեր խաղաց ոչ միայն Վանի ու Պոլսի, այլեւ ամբողջ հայ մտավորականության կյանքում: Հայրենասեր մտավորականի նպատակն էր տպարանն ու հանդեսը տեղափոխել հայրենի քաղաք, եւ դա նրան հաջողվում է:

Խրիմյանը ավելի հեռահար նպատակներ ուներ. 1860-ին այցելել է Արեւելյան Հայաստանՙ նպատակ ունենալով թեթեւացնել հայ գյուղացու վիճակը, ավելի լայնորեն տարածելու հայկական մշակույթը, բոցավառելու հայրենասիրության ջահը:

1863-ին Խրիմյանին շնորհվում է նաեւ Տարոնի հոգեւոր առաջնորդարանի պաշտոն եւ նշանակվում է Սուրբ Կարապետ վանքի վանահայր: Նա այստեղ էլ է հիմնադրել Նոր Ժառանգավորաց վարժարան եւ հիմնել է «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը, որոնց տնօրինությունը հանձնել է անվանի մտավորական Գարեգին Սրվանձտյանին:

1869-ին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, իսկ հաջորդ տարին ընտրվել է Պոլսի հայոց պատրիարքՙ մնալով միշտ անարդարությունների, հարստահարության ու խավարի դեմ անհաշտ պայքարողՙ իր դեմ լարելով խավարամիտ հոգեւորականներին ու հարստահարողներին: «Պիտի դառնամ հայրենիքս», մի նամակում գրել է նա ու 1873-ին հրաժարվել պատրիարքությունից, զբաղվել գրական աշխատանքով:

Հայ ժողովրդի երախտավորն ու հասարակական-քաղաքական մեծ գործիչը նորից է դուրս գալիս քաղաքական ասպարեզ ու Ազգային ժողովի որոշմամբ գլխավորում է 1878-ի հունիսին Բեռլինի կոնգրեսին Հայկական հարցը ներկայացնող հայ պատվիրակությունը:

«Բարձր դռան» պարտավորության 16-րդ կետով Թուրքիան պարտավորվում էր բարելավել իր տարածքում ապրող հայերի վիճակը. ապահովել հայերի կյանքն ու կայքը: Թուրքիան պաշտոնապես պետք է ճանաչեր Օսմանյան կայսրության սահմաններում ՀԱՅԱՍՏԱՆ երկրի գոյությունը: Եվ... Բեռլինի կոնգրեսում ուժ ու թիկունք չունեցող Հայկական հարցը 16-րդ հոդվածից տեղափոխվեց 61-րդ անորոշ ու տարտամ հոդվածը, որը ոչինչ չտվեց հայերին: Այստեղ, ականատես լինելով մեծ տերությունների դիվանագիտական աճպարարությանը, հայ պատվիրակները համոզվում են, որ անտեղի են հայերի հույսն ու հավատը, որ քաղաքակրթությունն ու մարդասիրությունը լոկ դիմակ են... Եվ դառնացած ու հիասթափված, խոսքաշեն ու հումորի մեծ զգացում ունեցող Խրիմյանը գրեց. «Ուրիշ պատվիրակներ այնտեղ հարիսան երկաթե շերեփով էին վերցնում, իսկ մեր շերեփը թղթից էր»:

Խրիմյանին մնում էր հայերին համախմբել ու ազգային ազատագրական պայքարի կոչել: Նա վերադարձավ Վան, ընտրվեց Վանի հոգեւոր առաջնորդ եւ օգնություն կազմակերպեց Վանի սովյալներին, հիմնեց երկրագործական գիշերօթիկ վարժարան, եռանդուն մասնակցություն ցուցաբերեց Վանի «Սեւ խաչ» եւ Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը: Բնականաբար, Խրիմյանի հայրենասիրական ու ազգանվեր նման գործունեությունը դուր չէր գալիս օսմանյան կառավարությանը, եւ 1883-ին նրան արտաքսում են Վանից նախՙ Պոլիս, ապաՙ Երուսաղեմ:

Գնալով բարձրանում են Խրիմյանի հայրենանվեր գործունեությունն ու հեղինակությունը. 1890-ին ողջ հայությունը լայնորեն նշում է նրա ծննդյան 70-ամյակը: Այդ առթիվ «Մուրճ» ամսագիրը գրում է. «Նա այսօր, որպես եւ անցյալում, ամենահեղինակավոր, ամենապատկառելի, ամենավստահելի ներկայացուցիչն է այն գաղափարի, որ մի պատրիարքի դարձնում է Ներսես...»: Ահա թե ինչու Խրիմյանը մեծ ժողովրդականություն վայելեց եւ ամբողջ հայության կողմից մեծարվեց ՀԱՅՐԻԿ պատվանունով:

1892-ի մայիսի 5-ին Էջմիածնի Հոգեւոր խորհուրդը, իր բացակայությամբ, 72-ամյա Մկրտիչ Վանեցուն միաձայն ընտրում է Ամենայն հայոց կաթողիկոսՙ Խրիմյան Հայրիկ անվանակոչությամբ: Մեկ տարի անց, սեպտեմբերին Խրիմյանը ժամանում է Էջմիածին եւ օծվում է հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս:

Այստեղՙ մայր հայրենիքում, Վեհափառի համար արդեն բացվում է աշխատանքի լայն ասպարեզ. նրա առաջին գործն է լինում միաբանել Մայր աթոռը, վերացնել ներքին հակասությունները միաբանության ներսում, կարգի բերել եկեղեցական գործերը եւ միաժամանակ լրջորեն զբաղվել հոգեւոր ճեմարանի հոգսերով: Ճեմարանի նյութական ու տնտեսական միջոցները բարելավելու համար Վեհափառ հայրապետը բարեգործական ընկերություն է կազմակերպում, որի շնորհիվ բարելավվում է ուսանողների ու դասախոսների սոցիալական վիճակը, բարձրանում է դասախոսների աշխատավարձը, կրկնապատկվում է ուսանողների թիվը. ուսանողներ, որոնք վաղվա ուսուցիչները, գիտնականները եւ կրթված ու բանիմաց հոգեւորականները պիտի դառնային, որոնց կարիքը խիստ զգում էր ոչ միայն Հայաստանը, այլեւ դրսումՙ տարբեր երկրներում բույն դրած հայությունը:

Ճեմարանում ուսման որակը բարձրացնելու եւ ճեմարանը բարձրագույն կրթություն ստացած մասնագետներով ու գիտնականներով ապահովելու համար Վեհափառը բարձրորակ մասնագետների է հրավիրում Փարիզից, Բեռլինից, Մոսկվայի Լազարյան ճեմարանից ու Ներսիսյան դպրոցից: Խրիմյանի գահակալության 15 տարիներին ծաղկեց ու բարգավաճեց Գեւորգ Դ Մեծագործ կաթողիկոսի հիմնադրած (1874) ճեմարանը: Այստեղ աշխատանքի հրավիրվեց մտավորականների մի մեծ փաղանգՙ Հրաչյա Աճառյանը, Կոմիտասը, Մանուկ Աբեղյանը, Հ. Հովհաննիսյանը, Գարեգին Հովսեփյանը, Լեոն, Մակար Եկմալյանը, Եղիշե Թադեւոսյանը, Կարա-Մուրզան, Տեր-Մինասյանը, Վարդգես Սուրենյանցը, Փանոս Թերլեմեզյանը, Մաղաքիա Օրմանյանը, Շավարշյանը, Քարամյանը, Ավդալբեկյանը եւ էլի շատ ուրիշներ:

Ճեմարանի դասախոսների մակարդակը բարձրացնելու նպատակով Խրիմյանը, շնորհիվ Մանթաշովի եւ այլ բարերարների հովանավորության, Եվրոպա, Պետերբուրգ, Մոսկվա եւ այլ քաղաքներ է գործուղում Կոմիտասին, Մ. Աբեղյանին, Տեր-Մինասյանին, Գ. Հովսեփյանին, Գեւորգ Չորեքչյանին, Շավարշյանին, Էդիլյանին եւ ուրիշների:

Ժամանակակիցների վկայությամբ ու բնորոշմամբ Խրիմյան Հայրիկը իրենից առաջ եղած հոգեւորականներից ամենախոհունն ու ամենաազգանվերն էրՙ գաղափարի ու ազատության ջահակիրՙ հայացքներով լուսավորիչ, գործունեությամբ ժողովրդանվեր ազգային գործիչՙ լեզվով ճարտար ու կենդանի խոսքի անզուգական վարպետՙ օժտված հումորի մեծ զգացումով:

Չնայած իր հոգեւորական բարձր պաշտոնին ու բազմազբաղ լինելուն, Հայոց Հայրիկի առաջին նպատակն էր ծառայել ազգի ազատագրական գործին: Այդ նպատակով նա 1895-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, ներկայացել է Նիկոլայ Երկրորդ ցարին եւ աջակցություն հայցել Արեւմտյան Հայաստանի բարենորոգումների իրականացման համար, 1895-96 թվերի հայկական ջարդերի ժամանակ խնդրագիր է ուղարկել ոչ միայն ցարական պաշտոնյաներին, այլեւ անձամբ Նիկոլայ ցարինՙ աղերսելով կոտորածները դադարեցնել տալու միջամտություն: Այդ ժամանակներում նա Էջմիածնում է տեղավորում թուրքական յաթաղանից մազապուրծ հայ գաղթականներին, հանգանակություն է կազմակերպում նրանց նյութապես օգնելու եւ Արեւելյան Հայաստանում բնակվելու համար:

Վեհափառը մի քանի անգամ դիմել է նաեւ ըմբոստ քայլերի. ցարական կառավարությունը 1903 թվի հունիսի 12-ին հրո վարտակ է արձակում հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին: Խրիմյանը կարգադրում է հայկական եկեղեցական թեմերին չենթարկվել ցարական կառավարության որոշմանը, նա համարձակություն ունեցավ խնդրագիր գրել ցարին հայկական դպրոցները վերաբացելու եւ ճեմարանը չփակելու վերաբերյալ, մերժեց Ստոլիպինի այն կարգադրությունը, ըստ որի Կովկասի բոլոր ժողովուրդները պետք է երդման բոլոր արարողությունները կատարեին ռուսերեն:

Հայրենանվեր Վեհափառը իր ազգանպաստ դժվարին ու քարքարոտ ճանապարհին առաջնորդվել է մի սեւեռուն ու ազգանվեր գաղափարովՙ ազատագրել Հայաստանը բռնատիրության ճիրաններից, աշխարհով մեկ սփռված հայերին հավաքել հայրենի ակութի շուրջը եւ ստեղծել այնպիսի պայմաններ, որ այլեւս հայը իր դրախտային ոստանից չհեռանա, ապրի ու արարի իր պապենական հողի վրա: Նա աշխատում էր նաեւ ամեն ինչ անել, որ հայ գեղջուկը հարկադրված չլինի թողնել իր սրբազան հողը եւ գնալ բախտ որոնելու օտար ափերում: Այդ նպատակով նա 1905-ի մարտի 10-ին հայրենասիրական մի կոնդակով ազգահավաքման, հայրենադարձության կոչ է անում աշխարհասփյուռ հայերին.

«Արի՛ք, պանդուխտ ու տարագիր հայք, եկե՛ք եւ փութացարո՛ւք հայրենի աշխարհի ձեր..., արի՛ք եւ շինեցե՛ք զավերակսն եւ բնակեցե՛ք ի նոսա, աճեցե՛ք եւ բազմացրո՛ւք եւ լցե՛ք զերկիրն, երկիրն զոր ետ Տեր հարց ձերոց...» (Խրիմյան Հայրիկ, Երկեր, Եր., 1992, էջ 13):

Խրիմյանը գիտությունն ու արվեստը սիրող եւ մարդուն ըստ ամենայնի գնահատող անհատականություն էր: Նրա գահակալության տարիներին իր հետ ճեմարանում աշխատող Հրաչյա Աճառյանը, Կոմիտասը, Մանուկ Աբեղյանը, Հովհաննես Հովհաննիսյանը իրենց հիշողություններում խոսում են նաեւ Հայրիկի մարդկային բարձր արժանիքների, առաքինությունների, խոսքի վարպետության եւ հումորի մասինՙ ընդգծելով ոչ միայն նրա անսահման հայրենասիրությունն ու ազգին նվիրված լինելը, այլեւ սերն ու հոգատարությունը ճեմարանի ուսանողների ու դասախոսների նկատմամբ:

Մկրտիչ Խրիմյանը ոչ միայն հասարակական-քաղաքական ու կրոնական խոշորագույն գործիչ էր, այլեւ ներհուն մտավորական ու բնաշխարհիկ գրող: Դեռեւս 1849-ին «Բազմավեպ» հանդեսը տպագրեց նրա գրական երախայրիքը. սրան հաջորդեցին «Հրավիրակ Արարատյան» (1850), «Հրավիրակ երկրին ավետյաց» (1851) չափածո ստեղծագործությունները: Առավել ժողովրդայնություն վայելեցին նրա «Վանգույժ» եւ «Հայգույժ» գործերը, առաջինում հեղինակը ողբում է Վանի հրդեհն ու կողոպուտը, երկրորդումՙ «վայրագ խուժերուն ձեռքեն հայոց անտեր ժողովրդի» կրած տառապանքները: 1876-ին լույս է տեսնում կյանք ու աշխարհ տեսած խոհուն փիլիսոփայի «Դրախտի ընտանիք» (ի պետս հայոց ընտանեաց), որտեղ երիտասարդ ընտանիքներին խորհուրդ է տրվումՙ ինչպես ընտանիք կազմել եւ ինչպես վարվել իրար նկատմամբ: 1894-ին լույս տեսած «Պապիկ եւ թոռնիկ» դաստիարակչական մեծ արժեք ունեցող երկը Խրիմյանի պատգամն է իր ժողովրդինՙ անթառամ պահել սերը հայրենի երկրի, նրա հողի ու ջրի նկատմամբ, երբեք չլքել այն, ինչքան էլ պայմանները սուղ լինեն: Այս հրաշալի աշխատությունն ունի նաեւ արդիական մեծ արժեք:

Հատուկ ընդգծենք, որ Ամենայն հայոց 130-րդ կաթողիկոս, նույնպես մեծատառով Մարդ ու դաստիարակ Վազգեն Ա-ի (Պալճյան) 1936 թվականին Բուխարեստի համալսարանի գրականության եւ փիլիսոփայության ֆակուլտետն ավարտելու ատենախոսության թեման էր «Խրիմյան Հայրիկը որպես դաստիարակ»:

Մեր խոսքն ավարտենք Սիամանթոյի հետեւյալ բնութագրմամբՙ «Խրիմյան Հայրիկը պատմական այն դեմքերից է, որոնք իրենց ժամանակակիցների աչքում արդեն առանձնանում են որպես եզակի անհատականություն եւ որոնք հավերժ կապրեն իրենց ժողովրդի սրտում, ու նրանց պայծառ հիշատակը միշտ անմոռաց կմնա որպես գաղափարի ազատության ջահակրի»:

ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4