«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2007-11-02 | #202, 2007-11-03 | #203, 2007-11-06


ՄԻՆԱՍԸ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԸ

Մինասը ստեղծեց իր աշխարհըՙ աշխարհի համար... Ահա այսպես էին բնորոշում Մինաս Ավետիսյանին նոյեմբերի 3-ին Ջաջուռում գեղանկարչի թանգարանում կազմակերպված «Մինասը եւ իր ժամանակակիցները» ցուցահանդեսի բացմանը Ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ, արվեստաբան Արմեն Գասպարյանը, թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը եւ Նարեկ Ավետիսյանը (գեղանկարչի որդիները): Մինաս Ավետիսյանը լինելով մեծ անհատ, իր ազգի ողբերգությունը եւ աշխարհի մեղքը վերցրեց իր վրա եւ տառապելով ստեղծեց իր արվեստը: Անշուշտ, նրա արվեստում կա լավատեսություն եւ այդ լավատեսությունը կա նաեւ նրա ժամանակակիցների արվեստում: ՀՀ մշակույթի նախարարության, Ազգային պատկերասրահի ու ցուցահանդեսների կենտրոնի համատեղ ջանքերով, Մինասի վրձնած կտավների կողքին ներկայացվել էին 60-70-ական թվականներին մեր նշանավոր 10 արվեստագետների այն կտավները, որոնք վկայում են հայկական արվեստի վերելքի մասին: Հիշատակելով Մինասի անունը երբեւիցէ չպետք է անուշադրության մատնենք այն չափազանց արժեքավոր ստեղծագործական միջավայրը, որում ապրում եւ մեկը մյուսի վրա փոխադարձ ազդեցություն ունենալով կայանում էին մեր արվեստի վարպետներըՙ Էդուարդ Արծրունյան, Քնարիկ Հովհաննիսյան, Սեյրան Խաթլամաջյան, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Հովհաննես Մինասյան, Ալեքսանդր Գրիգորյան, Հենրիկ Սիրավյան, Վրույր Գալստյան, Մինաս Ավետիսյան, Աշոտ Հովհաննիսյան: Նրանց մի քանի տասնյակ կտավների ցուցադրությամբ, «Տաղարան» համույթի համերգով (գեղ. ղեկ. Սեդրակ Երկանյան) բացվեց ցուցահանդեսը, որին մասնակցում էին Շիրակի մարզի ղեկավարները, Մինասի այրին, մտավորականներ, հյուրեր եւ ջաջուռցիներ: Մինասի ավագ որդի, թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանից «Ազգը» տեղեկացավ, որ այսօր թանգարանում կա 30 կտավ եւ Մինասի 5 որմնանկարները վերականգնելու, փոխադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությունը հատկացրել է 5 մլն 500 հազար դրամ: «Գոյություն ունեն մասնագիտական լուրջ խնդիրներ ու Իտալիայից պետք է հրավիրվեն մասնագետներ, որպեսզի պարզեն հնարավո՞ր են արդյոք այդ որմնանկարները փոխադրել: Կա նաեւ հենց տեղերում փոքր թանգարան ստեղծելու գաղափար: Այս ամենը դեռ քննարկման փուլում է, եւ միայն մասնագետների մանրամասն ուսումնասիրությունից հետո պարզ կդառնա այդ որմնանկարների ճակատագիրը, քանի որ դրանք այժմ գտնվում են կիսավեր, խոնավ, չգործող շենքերի առաջին հարկերի պատերին եւ եթե անգամ վերանորոգվեն, ապա չգործող շենքերում դրանք շատ շուտ կքայքայվեն», այսպիսին են առայժմ հայ մասնագետների կարծիքները:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Ջաջուռ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4