«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2007-11-07 | #205, 2007-11-08 | #206, 2007-11-09


ԳԵՏԱՌԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԿԱՆԽՎԻ ՀԵՂԵՂԻ ՄՈՒՏՔԸ ՔԱՂԱՔ, ՈՉ ԹԵ ՀԵՂԵՂԱՏԱՐԸ ՄՏՆԻ ՔԱՂԱՔ

Պարազաբանումներ տվեց «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գետառի կառուցապատման շուրջը վերջերս հաճախակի դարձած շահարկումների առնչությամբ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը: Նա նախ իր զարմանքը հայտնեց, որ մասնագետը տեղյակ չլինելով խնդրի մանրամասներին, տալիս է ոչ մասնագիտական գնահատականներ: Ամենայն հավանականությամբ, Գուրգեն Մուշեղյանը նկատի ուներ նախորդ օրվա մամուլի ասուլիսի բանախոսներից հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանի արտահայտած գնահատականները, այլապես մյուս բանախոսիՙ «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի արտահայտած որեւէ գնահատական չի կարելի լուրջ համարել:

Ինչ վերաբերում է կոնկրետ հիմնավորումներին: «Երեւաննախագծի» տնօրենը տեղեկացրեց, որ Գետառը հեղեղումներից զերծ պահելու համար կառուցված են Մայակովսկի գյուղի մոտ գտնվող ջրանցքը եւ ավելի ցածՙ ջրակարգավորիչ ջրամբարը: Վարարումների դեպքում ջուրը պետք է դուրս մղվի այդ ճանապարհներով: Այլապես, եթե Գետառի հունը ամբողջապես կառուցվի որպես հեղեղատար, ապա վարարման դեպքում «Այրարատ» կինոթատրոնի եւ ալրաղացի մոտ կարող է քանդել տներ ու ենթակառուցվածքներ: Այսինքն, չի կարելի հեղեղատարը մտցնել քաղաք, այլ պետք է կանխվի հեղեղի քաղաք մտնելը: Իսկ դրա համար հարկ էր, որ մաքրվեն եւ լիարժեք գործեն ջրանցքն ու ջրակարգավորիչ ջրամբարը: Գուրգեն Մուշեղյանն ընդունեց, որ այս օբյեկտները մաքրելու եւ կարգի բերելու խնդիր կա: Հաջորդն այն հարցն էր, թե Գետառի կառուցապատումն անցե՞լ է մասնագիտական փորձաքննություն, թե՞ ոչ: Գուրգեն Մուշեղյանը լրագրողներին ցույց տվեց իրենց պատվերով «Հայինժնախագիծ» ընկերության հետազոտությունը, որը ստորագրել են 6 մասնագետներ: Նրանց եզրակացությամբ, Գետառի բետոնապատ փակի երկարությունն ու բարձրությունը պետք է լինեն 6 մետր եւ 1,96 մետր: Սա հնարավորություն է տալիս ապահովելու 67 խմ/վրկ ջրի հոսք: Սակայն ավելին, կառուցապատման ժամանակ հիմք է ընդունվել 3 մետր բարձրությունը: Դա արվել է ոչ թե այն պատճառով, որ զգուշանում են ավելի հզոր հեղեղումներից, այլ որպեսզի հնարավոր լինի Գետառի տնտեսությունը աշխատեցնելՙ մաքրման աշխատանքներ իրականացնել: Այս պարագայում նշվեց, որ նախՙ բացառվում է այդ փակ հատվածում կեղտաջրերի մուտքը Գետառ, ապա գետի ինքնամաքրում եւս տեղի է ունենում, քանի որ 40 տոկոս օդ է մուտք գործում թունել:

Գուրգեն Մուշեղյանը հավաստիացրեց նաեւ, որ 67 խմ/վրկ ջրի հոսքից ավելի մեծ հոսք հնարավոր չէ, նշելով, որ 1946-ի Գետառի վարարման ժամանակ այդ հոսքը եղել է ոչ թե 200 խմ/վրկ, ինչպես նշել էին նախորդ մամուլի ասուլիսի բանախոսները, այլ 150 խմ/վրկ: Իսկ դրա կրկնությունը հնարավոր չէ մի քանի պատճառներով: Նախՙ 1946-ին կառուցված չէին ջրանցքն ու ջրակարգավորիչ ջրամբարը, որոնք կառուցվեցին ավելի ուշ եւ նպատակ ունեն հեղեղի դեպքում ջուրը դուրս բերել գետից: Այնուհետեւ, հեղեղները տեղի են ունենում, երբ շրջակայքում լինում են մերկ մակերեսներ: Այսինքն, երբ չեն լինում կանաչ տարածքներ կամ ենթակառույցներ: 1946-ին կառուցված չէին Նորքի զանգվածներն ու Ավան թաղամասը եւ բնական էր, որ այդ բարձունքների ջրերը հեղեղից լցվեցին ուղիղ գետի մեջ:

Գետառի կառուցապատումը նաեւ բնապահպանական նշանակություն ունի, ինչը, չգիտես ինչու, բնապահպանությամբ մտահոգ ձեւացողները չեն տեսնում: Ինչպես հայտնեց «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրենը, Գետառի եւ Խանջյան փողոցի մյուս հատվածների կառուցապատմամբ Արշակունյաց փողոցից մինչեւ Մյասնիկյան պողոտա ավտոմեքենան 40 րոպեի փոխարեն կանցնի 5 րոպեում: Դա նշանակում է ավելի քիչ արտանետումներ, ավելի քիչ ծախսված բենզին եւ խնայված միջոցներ: «Խոսում են էկոլոգիայի մասին: Ո՞րն է ավելի կարեւորըՙ ժամանակի կրճատումը, օդի աղտոտման նվազումն ու խնայված միջոցները, թե՞ հեղեղատարը քաղաք մտցնելը», հարց ուղղեց իր ընդդիմախոսներին Գուրգեն Մուշեղյանը:

Խոսելով ընդհանրապես Երեւանի ճանապարհային ցանցի մասին, «Երեւաննախագծի» տնօրենն ասաց, որ քաղաքը ժամանակին նախատեսված լինելով 100 հազար բնակչի համար, այժմ լինելով միլիոնանոց, լուրջ խնդիրների առջեւ է կանգնել նաեւ այս առումով: Մասնավորապես փողոցների ծանրաբեռնվածությունը կենտրոնում կազմում է 120-150 տոկոս: Քաղաքի հարավից հյուսիս, արեւմուտքից արեւելք մտնող եւ դուրս եկող տրանսպորտն անպայման անցնում է կենտրոնական մասով: Այդ պատճառով էլ մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծով նախատեսված է շրջանցիկ ճանապարհների կառուցում:

«Անցե՞լ են բնապահպանական փորձաքննություն Գետառի եւ մայրաքաղաքի մյուս հատվածների կառուցապատման նախագծերը» հարցին պատասխանելով, Գուրգեն Մուշեղյանը հայտնեց, որ կենտրոնի գոտեւորման նախագծով, որը սահմանում է տվյալ տարածքի յուրաքանչյուր հատվածի նշանակությունը, նման փորձաքննություն անցել է: Իսկ յուրաքանչյուր հատվածում աշխատանքներ իրականացնելու համար, ըստ Գուրգեն Մուշեղյանի, նորից նման փորձաքննություն անցնելու անհրաժեշտություն չկա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4