«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2007-11-09 | #207, 2007-11-10 | #208, 2007-11-13


ՍՈՒՐՃՙ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՐՏԱԴՐՈՂԻՑ

Արդեն երկար ժամանակ է Հայաստանի քաղցրավենիքի արտադրության առաջատար «Գրանդ Քենդի» ընկերությունը լուրջ եւ հետեւողական աշխատանքներ է տանում սուրճի արտադրություն հիմնելու ուղղությամբ: Ընկերությունը նպատակ ունի հայ սպառողներին մատակարարել բարձրորակ սուրճի 10 տեսականի իր գնային եւ տեսականու բազմազանությամբ: «Գրանդ Քենդի» ընկերությունում հավաստիացնում են, որ իրենց արտադրած սուրճը լավագույնը կլինի շուկայում որակ-գին հարաբերակցությամբ: Դա նշանակում է, որ հասանելի կլինի բնակչության բոլոր խավերի համար: «Գրանդ Քենդի» ընկերության մուտքը սուրճի շուկա կդառնա ուղղակի հեղափոխություն: Այսօր մեր շուկայում առկա սուրճի շատ տեսակներ առանձնապես որակով աչքի չեն ընկնում: Հաճախ պատրաստվում են կասկածելի ծագում ունեցող հումքից: Քաշը հաճախ պակասում է փաթեթի վրա նշվածից: Մաքուր սուրճի փոխարեն մեզ մատուցում են տարբեր խառնուրդներ: «Գրանդ Քենդի» ընկերության արտադրած սուրճի դեպքում, այս երեւույթները բացառվում են հենց ավտոմատացված հոսքագծից: Սննդի արտադրության բնագավառում մեծ փորձ եւ արտադրական բարձր մշակույթ ունեցող ընկերության մուտքը այս շուկա միայն կարող էր վերջ տալ նշված բացասական երեւույթներին: Հետեւանքը կլինի այն, որ մյուս արտադրողներն էլ, մրցակցությանը դիմանալու համար, ստիպված կլինեն հավասարվել նոր չափանիշներին: Դրանից կշահի միայն սպառողը:

Նախատեսվում է արտադրել «Գրանդ Քենդի» ապրանքանիշով 10 տեսակի սուրճ, որոնք կանվանվեն համապատասխանաբար բրոնզե, արծաթե, ոսկե եւ պլատինե պիտակներ: 100 գրամ քաշով փաթեթավորված սուրճի մանրածախ գները բրոնզե պիտակի համար կկազմեն 250 դրամ, արծաթե պիտակի համարՙ 300 դրամ, ոսկե պիտակի համարՙ 350 դրամ եւ պլատինե պիտակի համարՙ 400 դրամ: Սակայն նախատեսվում է նաեւ տեսականու այլ բաժանում: Պիտակներից յուրաքանչյուրը, բացառությամբ պլատինե պիտակի, պատրաստված կլինի տվյալ աշխարհամասի սուրճի տարբեր տեսակներից: Այսինքն, բրոնզե, արծաթե եւ ոսկե պիտակներով սուրճերից յուրաքանչյուրը կունենա աֆրիկյան, ասիական եւ հարավ-ամերիկյան տեսակներ: Միայն պլատինե պիտակը կլինի մեկ տեսակի եւ պատրաստված կլինի ամենաբարձրորակ սուրճի տեսակների փնջից: Սակայն մեկ տարի անց այս տեսակը կհամալրվի նոր հինգ անվանումներով:

Ինչպե՞ս են տեսակավորել փնջերը: Հենց ընկերությունում ստեղծվել է 50 հոգուց բաղկացած համտեսող հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա կատարվել է ընտրությունը: «Ընտրվել են լավերից լավագույնները», հավաստիացնում են «Գրանդ Քենդի» ընկերությունում: Նկատի ունենալով, որ Հայաստանում ընդհանրապես չկային սուրճի մասնագետներ, ընկերության մասնագետներից մի քանիսը վերապատրաստվել են արտասահմանում, հրավիրվել են մասնագետներ արտասահմանից, անցկացվել են դասընթացներ եւ սեմինարներ:

Բարձր որակի երաշխիք է նաեւ այն, որ «Գրանդ Քենդի» ընկերության պատվերով Իտալիայում արտադրված եւ Հայաստանում նախատիպը չունեցող ժամանակակից սարքավորումներն ամբողջովին ավտոմատացված են: Ստացված սուրճի հումքը մաքրվում է, անցնում բովման եւ աղացման փուլերը, ապա փաթեթավորվում: Այդ ամենը կատարվում է հոսքագծի համակարգչային ծրագրի հրահանգներին համապատասխան, մարդու միջամտությունը նվազագույնի է հասցված: Փաստորեն, բացառված է դրանցում զանազան տեսակի խառնուրդներ լցնելը կամ փաթեթի վրա նշված քաշը նվազեցնելը: Բացի այդ, ընկերությունում գործում է որակի վերահսկողության բաժին, որը ենթարկվում է անմիջապես ընկերության սեփականատիրոջը, ինչն առավել արդյունավետ է դարձնում արտադրանքի անհրաժեշտ որակի ապահովման գործընթացը: Հարկ է նաեւ նշել, որ սուրճի արտադրության ամբողջ գործընթացը կատարվում է անմիջապես «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատիրոջՙ Կարեն Վարդանյանի հսկողության տակ: Կարեն Վարդանյանը, լինելով սուրճի սիրահար, ցանկացավ, որ իր հայրենակիցները նույնպես հնարավորություն ունենան գնելու որակյալ սուրճ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4