«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2007-11-10 | #208, 2007-11-13 | #209, 2007-11-14


ԵՐԱԽՏԻՔԻ ՏՈՒՐՔ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻՆ

Մկրտիչ Մկրյան-100

Հայաստանի մայր բուհի հիմնադիր դասախոսներ, մեծանուն գիտնականներ Մանուկ Աբեղյանի, Արսեն Տերտերյանի, Հրաչյա Աճառյանի, Գրիգոր Ղափանցյանի, Զապել Եսայանի եւ շատ այլ անվանի մարդկանց առաջին շրջանավարտներից էր Մկրտիչ Մկրյանըՙ տաղանդավոր գրականագետ ու մանկավարժ, բանասիրական ֆակուլտետի երկարամյա դեկան, ԳԱԱ թղթակից անդամ, բացառիկ նրբաճաշակ գեղագետ ու ուսուցչապետ, ինչպես նրան բնութագրեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ներկայիս դեկան Արծրուն Ավագյանը: Երեկ ֆակուլտետի դահլիճում սկսվեց երկօրյա գիտական նստաշրջանՙ նվիրված Մկրտիչ Մկրյանի 100-ամյա հոբելյանին:

Ծնունդով վանեցի Մկրտիչ Մկրյանը 1915-ի տարագիր շատ հայերի պես բնօրրանի ոսկեծին, կապտամշուշ հորիզոնների հետ բերեց նաեւ դառնաղի տպավորություններ: Իր ծննդավայրին վայել առատաշնորհ ունակությունների կրող մտավորական էր նա, լայն հետաքրքրությունների ու մտահորիզոնի տեր անձնավորություն, բազմահմուտ մանկավարժ, որի դպրոցական ու բուհական դասագրքերով կրթվեց մի քանի սերունդ: Գրականագետի իր ըմբռնումները խորն ու մասշտաբային էին, ընդգրկող ոչ միայն հայոց բազմադարյա գրականության տարբեր շրջափուլեր, այլեւ համաշխարհային մշակույթի շատ դրսեւորումներ: Ինչպես համալսարանի պրոռեկտոր Մ. Մալխասյանը նշեց. «Մի քիչ Նարեկացի էր, մի քիչ Թումանյան, մի քիչ Շիրվանզադե... Նա սոսկ գրականագետ չէր, այլ մեկը, որ կարողանում էր նրանց վերապրեցնել: Նա ոչ թե զբաղվում էր գրականության պատմության մի շրջանով, այլ սկզբից մինչեւ մեր օրերը, հրաշալի գիտեր նաեւ համաշխարհային գրականություն եւ մշակույթ»:

Ուսուցչի նրա դերը գեղագիտական ճաշակ սերմանելը, ուսանողի միտքն ու հայացքը կրթելն է եղել: Դեկան Արծրուն Ավագյանի եւ պրոռեկտոր Մ. Մալխասյանի բացման խոսքին հետեւեցին գրականագետներ Սամվել Մուրադյանի, Ժենյա Քալանթարյանի եւ Վազգեն Սաֆարյանի գրավոր ելույթներըՙ համապատասխանաբարՙ «Մարդը, ուսուցիչը, գրականագետը», «Արսեն Տերտերյան. Մկրտիչ Մկրյան մեթոդական առնչություններ» եւ «Մ. Մկրյանըՙ հայ հին եւ միջնադարյան գրականության տեսաբան» թեմաներով: Դրանցից յուրաքանչյուրը արժեքավոր եւ խորազնին վերլուծումներ էին Մ. Մկրյանի թե՛ մարդկային նկարագրի, թե՛ գիտական գործունեության վերաբերյալ: Վ. Սաֆարյանը նկատեց, որ նրա հմայքը շատ ավելի ակնհայտ էր լսարանում. ինքս ցավում եմ, որ համալսարանական տարիներիս բախտ չեմ ունեցել աշակերտելու նրան: Ժենյա Քալանթարյանի ամփոփ ու տարողունակ, հստակ վերլուծությունը Մկրյանի գրականագիտական մեթոդի ու սկզբունքների մասին ափսոսանքի այդ զգացումիս հաստատումն էր: Գրողի ստեղծագործությունը մեկ ընդհանուր գեղագիտական համակարգի մեջ դիտարկելու մկրյանական մեթոդը բացառիկ արժեքավոր էր դարձնում ուսումնասիրության հատկապես գիտական վերլուծությունը: Շատ կարեւոր էր նաեւ գրողի աշխարհայացքի եւ դավանած գեղագիտության մկրյանական զուգադրում-միակցումը: Գրականագիտական իր դիտարկումները, հոգեբանական մոտեցումները, գրական տեքստերի համեմատական վելուծումները, հայ հին ու միջնադարյան գրականության, հայկական վերածննդի, մասնավորապես նարեկացիագիտության մեջ բերած նորությունները բազմավաստակ գիտնականի ու հմուտ մանկավարժի նրա կերպարը դարձնում են հիշելի այնքան, որքան հայ գրականությունն ու մեր մշակույթն են:

Գրավոր ելույթներից հետո ցերեկույթը մտերմիկ վերհուշի բնույթ կրեց: Մ. Մկրյանի մասին իրենց ուսանողական վերհուշն արեցին գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը, Լոնդոնից բանաստեղծ Մանվել Ադամյանը, լեզվաբան Սերգեյ Գալստյանը եւ նրա բարեկամ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը-գեղեցիկ, ուսանողական կյանքի հումորախառն պատմություններ: Սերգեյ Գալստյանը պատմում էր, որ գյուղի դպրոցն ավարտելովՙ հայտնվում է համալսարանում ու լսարանում տեսնելով իրենց դպրոցական դասագրքի հեղինակինՙ զարմացած է մնում, հիանում ու մտքով չի էլ անցնում, որ 17 տարի հետո պիտի իր ամենաերկարակյաց տեղակալը լիներ: «Երբ ծիրանին ծաղկում էր, Մկրյանը մի սովորություն ուներ. գնում էր Արգավանդի խճուղու վրայի խորտկարան, կարմիր գինի էր պատվիրումՙ ամենաէժանը, բաժակը պահում ծաղկած ծիրանի ծառի տակ, որ թերթիկները կաթեն գինու մեջ, երբ դրանք չէին ընկնում, մեկին խնդրում էր, որ ճյուղը թափ տա: Հետո էլ իր ընկերներից մեկին հորդորում էր, որ «Հարճի» իր սիրած հատվածն արտասանի: Դրանից հետո ասում էրՙ կյանքս մեկ տարով էլ ապահովվեց...»:

Մկրտիչ Մկրյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը կշարունակվի նաեւ այսօր, բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության ամբիոններում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4