«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2007-11-15 | #211, 2007-11-16 | #212, 2007-11-17


ԹԱՄԱՆՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԱԾ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ` ՕՐԻՆԱԿ ԱՅԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Մի փոքր «Արբատ» մենք էլ ունեցանք

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ շահագործման հանձնվեց վերջին տարիներին Երեւանում իրականացված քաղաքաշինական ամենածավալուն նախագծերից մեկըՙ Հյուսիսային պողոտան, որ դեռեւս անցյալ դարի 20-ական թվականներին նախագծել էր Ալեքսանդր Թամանյանը:

Քաղաքապետ Երվանդ Զախարյանի խոսքերով, Հյուսիսային պողոտան առանցքային տեղ էր զբաղեցնում Թամանյանի կազմած Երեւանի նոր հատակագծում, բայց չիրականացվեց խորհրդային տարիներին, ինչի պատճառներից մեկը նաեւ ներդրումային մեծ ծախսատարությունն էր:

1999 թվականին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կայացրեց կարեւոր մի որոշումՙ կյանքի կոչել Հյուսիսային պողոտայի նախագիծը: Նախագահի խոսքերով, նույնիսկ այդ ժամանակ պատկերացնելի չէր, թե ինչ ազդեցություն կունենա այս պողոտան ընդհանրապես Հայաստանի տնտեսական զարգացման, շինարարության ոլորտի զարգացման վրա:

«Եվ ընթացքը ցույց տվեց, որ շինարարությունը դարձել է վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը: Տասնյակ հազարավոր մարդիկ աշխատանք են գտել այս ոլորտում, տասնյակ հազարավոր ընտանիքներ գումար են վաստակում իրենց կյանքի որակը բարելավելու համար», նշեց Հայաստանի նախագահն, ընդգծելով, որ շինարարական կազմակերպություններն էլ վերազինվեցին նոր տեխնիկայով, Հայաստան ներմուծվեցին նոր տեխնոլոգիաներ, եւ շինարարության որակը, տեմպերը, պատկերացումներն էապես փոխվեցին: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, պողոտայի կառուցումը լուծում է տվել կարեւոր սոցիալական հարցի. արդեն երրորդ տարին է, ինչ նվազել է Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող շինարարների թիվը: Քաղաքաշինական ու ճարտարապետական առումով Երեւանն, ըստ Քոչարյանի, ստացել է ճանաչելիության ու մասշտաբների տեսակետից իր երկրորդ այցեքարտը` Հանրապետության հրապարակից հետո:

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից ոմանց` Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու առնչությամբ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ դա քաղաքացիների իրավունքն է: «Եթե իրացման ընթացքում սխալներ ենք թույլ տվել, եթե դատարանը որոշի, թե փոխհատուցումը համաչափ չէր, ապա, իհարկե, հարգելու ենք Եվրոպական դատարանի որոշումը: Իհարկե, ներողամիտ պետք է լինեն մարդիկ, եթե կարծում են, որ բավարար չափով փոխհատուցում չեն ստացել: Կարեւոր է նաեւ, որ այդ փորձի վրա մենք բարելավեցինք օրենսդրությունը», ասաց Քոչարյանը:

Ստեղծված հեղինակային խումբը (ղեկավար, ճարտարապետՙ Նարեկ Սարգսյան) եւ քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակն ապահովեցին ձեռնարկի իրականացումը: Ընդ որում, Հյուսիսային պողոտայի կառուցման փորձը կկիրառվի նաեւ հետագայում` Երեւանի դեմքը պահպանելու տարբերակով:

2002-ին սկսվեց պողոտայի շինարարությունը: Ըստ էության, Հայաստանի անկախացումից ի վեր սա մայրաքաղաքում զանգվածային շինարարության առաջին օրինակն է: «Երկար սպասված այս նախագիծն իրականություն դարձավ 5 տարում: Կառուցված ընդհանուր մակերեսը 320 հազար քառակուսի մետր է, կատարվել են 101 միլիարդ դրամի ներդրումներ», ներկայացրեց քաղաքապետ Զախարյանը:

Հյուսիսային պողոտան առաջինն է, որ կառուցապատվեց ամբողջությամբ քաղաքաշինական ժամանակակից չափանիշներով: Սկսած բնակելի, գործարար եւ հասարակական սպասարկման հատվածներից մինչեւ ստորգետնյա բազմահարկ ավտոհանգրվաններըՙ հաշվարկված մինչեւ 2000 ավտոմեքենայի համար: «Պողոտան եզրագծող երկու տասնյակից ավելի շենքերից յուրաքանչյուրն ունի իր ուրույն ճարտարապետությունը, միաժամանակ ներկայացնելով մի ընդհանուր, հաստատուն դիմագիծ: Պողոտայի հարավային դարպասիՙ Հանրապետության հրապարակին հարող հատվածի շենքերը կառուցված են ավանդական ոճավորմամբ, համահունչ հրապարակի միջավայրին», նշեց քաղաքապետը:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կարծիքով` պողոտան ամենօրյա հետեւողական աշխատանքի արդյունք է: Բացի քսանյոթ մետր լայնությամբ կենտրոնական հետիոտն պողոտայից, այս տարածքում հաղորդակցության առումով կարեւոր լուծում է Տերյան փողոցի շարունակականությունը` ապահովելով Գրիգոր Լուսավորչի փողոցից մինչեւ Աբովյան պուրակ անընդմեջ երթեւեկություն:

Հյուսիսային պողոտայի ներդրումային ծրագիրն, ըստ Երվանդ Զախարյանի, առաջին հաջողված փորձն է, երբ մասնավոր, այդ թվում` արտասահմանյան ներդնողների միջոցներն արդյունավետությամբ ի նպաստ դրվեցին քաղաքի զարգացման եւ բարեկարգման պետական ծրագրերի իրականացման համատեքստում: Շատ կարեւոր է, որ այստեղ լուծվում են նաեւ սոցիալական խնդիրներՙ թե՛ իրացումների, թե՛ փոխհատուցումների եւ թե՛ հին բնակֆոնդը նոր, ժամանակակից կառույցներով փոխարինելու բացառիկ հնարավորության շնորհիվ: «Երեւանի այսօրվա կառուցապատվող տարածքներում մի քանի տարում բնակարանների եւ տարածքների իրացման գներն աճել են մոտ 45 անգամ, ինչը բերում է մեր բնակչության ունեցվածքի էական արժեւորման», կարեւորեց քաղաքապետը:

Կառավարությունից էլ հատկացվել են պետական լուրջ միջոցներՙ ինժեներական ենթակառուցվածքների ձեւավորման, հաղորդուղիների արդիականացման, վերակառուցման, շրջապատի մաքրման եւ տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացման համար:

Հյուսիսային պողոտան, Զախարյանի համոզմամբ, Երեւանի համար նոր, ամբողջական եւ ժամանակակից քաղաքային միջավայր էՙ ստեղծված պետության անկախության ժամանակաշրջանում: «Նորդ Այլենդ», «Սոգլասիե Արմենիա», «Բիզնես կենտրոն», «Պրոգրես Արմենիա», «Լոկալ Դիվելոփըրս», «Գառնի գրուպ» եւ այլ ընկերությունների մասնակցությամբ, ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ղեկավարությամբ` ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանի, Հրաչիկ Պողոսյանի, Գուրգեն Մուշեղյանի, Գագիկ Հովհաննիսյանի եւ ուրիշների նախագծմամբ իրականություն դարձած Հյուսիսային պողոտան նման այլ նախագծերի սկիզբ կդառնա:

«Այն իր շարունակությունն է ունենալու բազմաթիվ քաղաքաշինական ծրագրերում, որոնք արդեն ամրագրված են մայրաքաղաքի զարգացումը պայմանավորող Երեւանի գլխավոր հատակագծում: Դրանք այսօր իսկ հետեւողական իրականացման փուլում են, եւ մեկը մյուսի հետեւից շարք մտնելով (Հյուսիսային ճառագայթ, Գլխավոր պողոտա, կենտրոնը շրջանցող առաջին արագընթաց մայրուղի` Սարալանջի ճանապարհ եւ այլն), ծառայելու են նոր, ժամանակակից մակարդակի բարձրացնելու մեր մայրաքաղաքի բարեկեցությունն ու քաղաքաշինական դիմագիծը», նշեց Երեւանի քաղաքապետը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4