ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2007-11-03 | #22, 2007-11-17 | #23, 2007-12-01


ՄԱՐԴԸ, ՈՒՍՈՒՑԻՉԸ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏԸ

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՅԱՆ - 100

ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կյանքի վերջին տարիներին մահվան գաղափարին կարծես հաշտված Մկրտիչ Մկրյանը մտերիմներին լրջորեն հորդորում ու հանձնարարում էր, որ իր տապանաքարին անպայման գրեն. «ԱՍՏ ՀԱՆԳՉԻ ՎԵՐՋԻՆ ԲԻԱՅՆԱՑԻՆ...», եւ դրա համար բոլոր հիմքերն ուներ: Նա ծնվել է 1907թ. նոյեբերի 9-ին Պատմական Հայաստանի Բիայնայի թագավորության մայրաքաղաքում` «ծիծաղախիտ Վանա ծովի» ափին գտնվող Վան քաղաքում` նախաեղեռնյան մի միջավայրում, որն այնքան գունագեղորեն պատկերված է Գ. Մահարու «Այրվող այգեստաններ» վեպում: 1915 թ. թուրքական կանոնավոր բանակի ու խաժամուժի դեմ անձնվիրաբար կռված ու հաղթանակած վասպուրականեցիների համար չկար ավելի խայտառակ ու ողբերգական բան, քան 76 օրվա ազատությունից հետո զորահրամանատար Նիկոլաեւի` անշուշտ ավելի վերից եկած` Վանը դատարկելու, թուրքերին թողնելու եւ բռնագաղթելու անսպասելի հրամանը: Մ. Մկրյանն իր վասպուրականցի հարազատների ու մյուս արեւմտահայերի հետ հարկադրված եղավ բռնել գաղթի ճանապարհը.. Ծննդավայրից շատ բան էր իր հետ բերել Մ. Մկրյանը: Վաղ մանկության գեղեցիկ ու տխրանուշ հուշերը, դրախտավայր բնաշխարհի չքնաղ պատկերները, կենցաղագետ վանեցիների սովորույթները, բնօրրան վիպաշխարհի բանահյուսական գոհարները, ինքնապաշտպանական հերոսամարտի հաղթանակի հրճվանքն ու հարկադիր բռնագաղթի ահավոր տեսարանները մտապահած պատանին առանձնակի սեր դրսեւորեց հայ գրականության նկատմամբ: Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում նա աշակերտեց մայր բուհի հիմնադիր դասախոսներ Մանուկ Աբեղյանին, Արսեն Տերտերյանին, Հրաչյա Աճառյանին, Գրիգոր Ղափանցյանին, Լեոյին, Սիմեոն Հակոբյանին, Զապել Եսայանին եւ ուրիշների: Լավագույն ուսանող էր եղել եւ նվաճել ասպիրանտուրայում սովորելու իրավունք:

ԵՊՀ արխիվում պահվող փաստաթղթերից երեւում է, որ Մ. Մկրյանին նրա ղեկավար Ա. Տերտերյանը նախապես հանձնարարված է եղել «Լեւոն Շանթի դրամատուրգիան»` որպես թեկնածուական թեմա. հոգեհարազատ մի հեղինակ, որի ստեղծագործությունը հնարավորություն պիտի տար դրսեւորելու իր նախասիրություններին ու խառնվածքին բնորոշ գեղագիտական վերլուծություններ կատարելու: Բայց 1936 - 38 չարաբաստիկ տարիներին բարդ ու դժվարին օրեր է ապրել ողջ Հայաստանի հետ միասին նաեւ Երեւանի պետական համալսարանը: Միայն անորակելի 1937-ին ժողովրդի թշնամի հորջորջվեցին ու գնդակահարվեցին մայր բուհի ինը ռեկտոր: Այսօր ով կարդա «Ավանգարդ» թերթի այդ տարվա հոկտեմբերի 6-ի համարում ոչ անհայտ Վ. Պարտիզունու «Համալսարանը մաքրել ժողովրդի թշնամիներից» վերտառությամբ զրպարտագիրը, կհասկանա տիրող մղձավանջային մթնոլորտի ողջ ողբերգականությունը: Մի հարվածով միջազգային իմպերիալիզմի գործակալ ու լրտես էին որակվել, գնդակահարվել կամ աքսորվել համալսարանի հիմնադիր դասախոսներից շատերը` ընդհանուր առմամբ եվրոպական համալսարաններն ավարտած 120 գիտնական - մանկավարժներ: Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, Մահարու երկերի հետ միասին հրապարակից հանվել էին ազգային նկարագիր ու բնավորություն դաստիարակող գրեթե բոլոր արժեքավոր գրքերը, որոնք, այսպես կոչված, նացիոնալիզմի վտանգ էին պարոունակում: Արգելվեց նաեւ քաղաքական վտարանդի Լ. Շանթը, ուստի ասպիրանտ Մ. Մկրյանը հարկադրված էր ընտրել թեկնածուական ատենախոսության անվտանգ թեմա: Համեմատաբար անվտանգ էր թվում հայոց հին եւ միջնադարյան գրականությունը, որի ուսումնասիրմանն էլ երիտասարդության տարիներին նվիրվեց Մ. Մկրյանը:

Բանաստեղծական նուրբ ու խոր զգացողությունը, նարեկյան, քուչակյան քնարերգությանը, ժողովրդական բանարվեստի գեղեցկություններին վաղ մանկությունից քաջածանոթ Մկրյանը, որը լայն հետաքրքրությունների հետ միասին արդեն ուներ ընդգրկուն տեսադաշտ` ընդհուպ մինչեւ համաշխարհային հորիզոններ, կարողացավ միջնադարյան հայ քնարերգության մասին ասել իր ծանրակշիռ խոսքը` որոշ հարցերում նաեւ, թեեւ ոչ միշտ արդարացի, բանավիճելով նախորդների, այդ թվում եւ իր մեծ ուսուցիչներ Մ. Աբեղյանի եւ Ա. Տերտերյանի հետ: Այդ բանավեճերում, սակայն, Մ. Մկրյանի ուժը դրսեւորվեց ավելի շատ բովանդակային ու գեղագիտական բացահայտումներում, քան բանասիրական քննությունների ոլորտում: Իսկ դա այն ժամանակներում իսկապես հանդուգն նորություն էր:

Տասնամյակներ շարունակ` մինչեւ 1980 թ., դասախոսական աշխատանքին զուգահեռ, Մ. Մկրյանը եղել է հայ բանասիրության ֆակուլտետի ամենաերկարակյաց դեկանը, հայ գրականության ամբիոնում Ա. Տերտերյանին հաջորդած վարիչը, որն ուսանողության հանդեպ դրսեւորել է հնարավոր առավելագույն բարյացակամություն: Միայն կարճ ընդմիջումներով նրա դասախոսական աշխատանքը համատեղվել է Մատենադարանում եւ ակադեմիայի գրականության ինստիտուտում:

Արդարությունը պահանջում է ասել, սակայն, որ 1930 - 50-ականների բովով անցած Մկրյանը եւս չի կարողացել խուսափել որոշ անցանկալի վրիպումներից: Ավելի ազատ ժամանակներում կդրսեւորվեին միմիայն նրա մարդկային բնավորության լավագույն հատկանիշները: Իսկ դրանք բարեբախտաբար գերակշռող էին, եւ սերունդները տեւականորեն ըմբոշխնել են Մկրյան մարդուց, ուսուցչից ու գիտնականից ստացած բարձրագույն վայելքը: 1930-80 թթ. ուսանողությունը հենց նրանից է լսել հին եւ միջնադարյան, արեւելահայ ու արեւմտահայ գրականության, Րաֆֆու, Պարոնյանի, Շիրվանզադեի, Մուրացանի, Նար-Դոսի, Զոհրապի, Թումանյանի, Օտյանի, Իսահակյանի մասին լավագույն դասախոսությունները, որոնցով ավելի քան կես դար դաստիարակվել են հայ գրականագետներն ու ուսուցիչները:

Բացառիկ էր պրոֆ. Մ. Մկրյանն իբրեւ հայ գրականության դասախոս: Լեփ-լեցուն լսարանում նա հայտնվում էր իր տարերքի մեջ եւ դրսեւորում գիտնական մանկավարժի լավագույն որակներ: Հսկայամարմին այդ մարդը խոսում էր բարակ, բայց գրավիչ ու համոզիչ ձայնով, երբ լսարանում տիրում էր կատարյալ լռություն: Նրա խորունկ, բովանդակալից խոսքի եւ նվաղ ձայնի հակասությունը պատկերավոր բնորոշում էր նրա երբեմնի ուսանող Հովհ. Շիրազը. «Ինքը` խոր անդունդ, ձայնը` այդ անդունդի միջով հոսող բարակ առու»: Բայց հենց այդ ձայնով նա կարողանում էր ունկնդիրների ուշադրությունը բեւեռել ինչպես հին եւ միջնադարյան, այնպես էլ հայ նոր գրականության պատմության հանգուցային հարցերի վրա, տալ գրականության պարբերացման ու զարգացման շրջափուլերի, գրական ուղղությունների եւ հոսանքների, գրողի աշխարհայացքի եւ նրա գեղարվեստական մտածողության յուրահատկությունների գիտական հստակ բնութագրումներ: Նրա հակիրճ, զտված ու ընդգրկուն խոսքը ձեռք էր բերում անկասելի հմայք, գիտական կշիռ ու արժեք, մանավանդ երբ հայ գրական երեւույթները զուգահեռում էր ռուս ու եվրոպական գրականության ստեղծած գեղարվեստական արժեքներին:

Հայ բանաստեղծական մտածողության` Նարեկացիով սկզբնավորված աշխարհականացման գործընթացը Մ. Մկրյանն արժեւորեց 13 - 18-րդ դարերի քնարերգության հմտալից քննությամբ եւ հատկապես Նահապետ Քուչակի ու Սայաթ-Նովայի ստեղծագործությունների գեղարվեստական արժանիքների բացահայտմամբ: Եթե զանց առնենք այդ աշխատություններում տեղ գտած մի քանի հնացած արտահայտություններ, ապա ամբողջության մեջ իրենց արդիականությունը պահպանում են այդ մեծ սիրերգակների ստեղծագործության մկրյանական բնութագրումները: Եվ ինչո՞ւ միայն դրանք:

Հայոց հին եւ միջնադարյան գրականության զարգացման օրինաչափությունների խոր իմացությամբ էլ Մ. Մկրյանը ձեռնամուխ եղավ նաեւ նոր գրականության ուսումնասիրությանը, բնագավառ, որտեղ նույնպես դրսեւորվեցին նրա սուր դիտողականությունն ու վերլուծական հզոր ձիրքերը: Այս առումով առանձնահատուկ կարեւորություն էին ստանում ռոմանտիզմի եւ ռեալիզմի տեսական բնութագրումները եւ հայ գրականության մեջ այդ ուղղությունների կոնկրետ դրսեւորումների արժեւորումները: Կարեւոր էին նաեւ առանձին գրողների աշխարհայացքի յուրահատկությունների, դրանց եւ գրական ուղղության առնչությունների, ստեղծագործություններում պատկերված կյանքի ճշմարտության եւ գեղարվեստի ճշմարտության համապատասխանության դիտարկումները: Այսպես, նա կարողացել էր նկատել հայ նոր գրականության զարգացման հետաբովյանական տարբեր փուլերում գրական ժանրերի հարաբերական ակտիվացման, կենսական հանգամանքների թելադրանքով` նրանց հասարակական կշռի մեծացման կամ նվազման օրինաչափությունները: 19-րդ դ. 50 - 60-ական թթ. նա իրավացիորեն համարում էր պոեզիայի, իսկ 70 - 80-ական թթ.` արձակի եւ դրամատուրգիայի բուռն զարգացման դարաշրջան: Բերենք մեկ օրինակ միայն: Րաֆֆու աշխարհայացքային զարգացման երեք փուլերի ու նրա գրական ուղու երեք շրջանների առնչությունների քննությամբ Մ. Մկրյանն ուրվագծում էր այդ մեծ գրողի գեղարվեստական մտածողության շարժման պատկերը եւ այդպիսով ընկալելի դարձնում այս կամ այն ստեղծագործության գաղափարական ու գեղարվեստական արժեքը: Այն բանաձեւը, որով հայ մեծագույն վիպասան Րաֆֆին իրոք բնրոշվում էր որպես արդիականության հրատապ խնդիրներին իր գեղարվեստական երկերով անմիջաբար արձագանքող եզակի հեղինակը, դառնում էր այդ մեծ գեղագետի ստեղծագործությունն ընկալելու լավագույն ուղեցույց:

Ուսանողության ուշադրությունը հրավիրելով Արծրունու եւ Րաֆֆու գաղափարական տարաձայնությունների վրա` Մ. Մկրյանն ուսուցանում էր, որ նույնիսկ ռոմանտիկ Րաֆֆին պատմական պահի զգացողությամբ շա~տ ավելի առողջ էր նրանից: Ավելին. նա հմտորեն մատնացույց էր անում երեք ծրագրային-քաղաքական վեպերի ընթացքում Րաֆֆու ապրած գաղափարական զարգացումն ու վերելքը` ազատագրական զինված պայքարի սահրատյան ընկալումից, մինչեւ Վարդանի գործնական ու Դուդուկչյանի գաղափարական հայրենասիրությունը, մինչեւ «Կայծեր» վեպի հերոսներով հայ սերունդներին հայրենագիտությամբ դաստիարակելը, մինչեւ ազատագրական պայքարի նախապատրաստումն ու իրականացումը: Դրանից հետո մի քայլ էր պատմավեպի ժանրին դիմելը եւ պատմության օրինակը ժամանակի հրատապ հարցերին ծառայեցնելու, մանավանդ «Դավիթ-Բեկ», «Սամվել» երկերի ստեղծումով նոր ժամանակների երիտասարդությանը եւ հետագա հայ սերունդներին մեր հեռավոր նախնիների անձնազոհ հայրենասիրության օրինակով դաստիարակելու նպատակադրման իրագործումը:

Մ. Մկրյանն ուներ գրական երկի գնահատման կայուն չափանիշներ ու վերլուծության օրինակելի սկզբունքներ: Անչափ կարեւոր էին գրական կերպարների առանձին եւ ընդհանուր հատկանիշների, նրանց եւ միջավայրի կապի, մարդկային բնավորությունը գործողության մեջ ցուցադրելու եւ արարքների հոգեբանական համոզչության նալբանդյանական ու տերտերյանական պահանջների հետեւողական կիրառումները, ինչպես նաեւ պատմավեպի տեսության, գեղարվեստական երկի պատմականության, պատմական իրականության ճշմարտացի պատկերման եւ արդիականության կապի բացահայտումները:

Մ. Մկրյանի տարերքը գեղարվեստական երկերի գեղագիտական վերլուծությունն էր: Պատահական չէր, որ հենց նա բանասիրական ֆակուլտետում, գրական ճաշակ դաստիարակելու շատ ազնիվ նպատակամղումով, ստեղծեց ու տարիներ շարունակ ղեկավարեց գեղագիտության խմբակը, ուր հայ գրականության նվաճումների հետ միասին հատուկ քննության նյութ էր դարձնում համաշխարհային արվեստի գլուխգործոցները` գեղանկարչական ու երաժշտական հրաշակերտություններից մինչեւ շեքսպիրյան ողբերգություններն ու Դենի Դիդրոյի «Ռամոյի եղբորորդին», Հյուգոյի, Դյումայի, Բալզակի, Ստենդալի` փարիզյան, Տոլստոյի ու Դոստոեւսկու` ռուսական իրականությունը պատկերող ռոմանտիկական ու ռեալիստական ստեղծագործությունները:

Կարեւոր էին եւ պոեզիայի հանդեպ վերաբերմունքն ու հայ բանաստեղծությունը համաշխարհային չափանիշներով գնահատելու նրա արդյունավոր ջանքերը: Բնական է, որ Նարեկացին պիտի դիտվեր համարժեք զուգահեռի մեջ եւ գնահատվեր Հոմերոսի, Ֆիրդուսու, իսկ Թումանյանը, Իսահակյանն ու Վարուժանը` Խայամի, Հաֆեզի, Բայրոնի, Գյոթեի, Պուշկինի, Լերմոնտովի ու Նեկրասովի համապատկերում: Դա հայ գրականությունը երիտասարդությանը սիրել տալու լավագույն միջոցն էր, որ նրբանկատորեն իրականացնում էր Մկրյանն իր դասախոսություններում: Հենց դասախոսությունների ընթացքում էլ նա ապագա գրականագետներին տալիս էր ստեղծագործական ծրագրեր` մատնանշելով, թե որ հեղինակն առայժմ պատշաճորեն ուսումնասիրված ու գնահատված չէ, եւ ինչ անհետաձգելի անելիքներ կան գրականագիտության ասպարեզում: Դեռ լսարանում նրա լավագույն ուսանողները կողմնորոշվում էին իրենց անելիքների մեջ եւ ընտրում իրենց ուսումնասիրությունների թեմաները: Իսկ նրա դասախոսությունները այնքան էին տպավորիչ, որ ունկնդրելու էին գալիս տարբեր, անգամ բնագիտական ֆակուլտետների ուսանողները:

Հայ գրականության մարդասիրական էությունը բնութագրելու իմաստով առանձնանում էին հատկապես Թումանյանի եւ Իսահակյանի քնարերգության մկրյանական բնորոշումները: «Կյանքի վերջին տարիներին երկրագնդի վրա ապրող ամենամեծ բանաստեղծը լինելու իրավունքը վաստակած» Ավ. Իսահակյանի թե բանաստեղծություններն ու պոեմները, թե արձակ էջերը նա մեկնաբանում էր մատնացույց անելով հատկապես այն տողերն ու պատկերները, որոնք գեղարվեստական ու փիլիսոփայական խոր ընդհանրացումներ են: Այսօր` իր հարյուրամյակի օրը, այս լսարանի առջեւ էլ կկրկներ Իսահակյանի կողմից հայացված Սաադիի խոսքը. «Ավա~ղ, հարյուր տարիս անցավ մի գիշերվա երազի պես, թռավ կորավ մի վայրկյանի մեջ...», կամ մի այլ հերոսի խոսքը` «Իմ ամբողջ թագավորությունը չարժե երիտասարդ հովվի կրակե մի համբույրին»: Մկրյանական դասախոսությունները եղան նրա մենագրությունների եւ հրապարակված մյուս աշխատությունների հիմքը: Ցավոք, դրանց թիվը սպասվածից քիչ եղավ, եւ նա չգրեց այնպես, ինչպես դասախոսում էր: Այնուամենայնիվ, «Մովսես Խորենացի», «Գրիգոր Նարեկացի». «Իսահակյանի հումանիզմը», «Հովհաննես Թումանյան» մենագրություններն այսօր էլ պահպանում են իրենց գիտական հետաքրքրությունը:

Տասնամյակներ շարունակ գործածության մեջ են եղել Մ. Մկրյանի հայ գրականության դպրոցական ու բուհական դասգրքերը: Դրանք եղել են գրականագիտության նվաճումների վրա առողջ մեթոդաբանությամբ ստեղծված հայ գրականության պատմության համակարգված հանրագիտարաններ, որոնք մի կողմից ուրվագծել են մեր գեղարվեստական մտածողության շարժման ընթացքը` սկզբնավորումից մինչեւ նորագույն ժամանակներ, մյուս կողմից գնահատել են հոգեւոր մշակույթի ճշմարիտ արժեքները` սերունդներին կրթելով ու դաստիարակելով հայկական համամարդկայնության ոգով:

Բոլոր ճանաչողների հիշողության մեջ մեկդարյա հոբելյար Մ. Մկրյանը մնում է որպես մեծ ուսուցչի, բարձր արժանապատվության տեր հայ մտավորականի լավագույն հատկությունները խտացրած բիայնացու օրինակելի կերպար: Նրա հիշատակի հանդեպ խոր հարգանքի եւ պատասխանատվության գիտակցությամբ ենք այսօր լսարան մտնում` ջանալով բարձր պահել բազմադարյա հայ գրականության, Երեւանի պետական համալսարանի եւ մեր մյուս ուսուցիչների պատիվը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4