«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2007-12-05 | #225, 2007-12-06 | #226, 2007-12-07


ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՆ

Բոլոր ավտոմեքենա ունեցողների համար խիստ հետաքրքրական օրենքի նախագիծ է երեկ հաստատել կառավարությունը, որը լրագրողներին ներկայացրեց փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը: Խոսքը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման տեսալուսանկարահանման սարքեր տեղադրելուց հետո դրանց արձանագրած խախտումների համար վարչական պատասխանատվության միջոցների մասին է:

Արարատ Մահտեսյանը հայտնեց, որ այդ սարքերով խախտումների արձանագրումից հետո, ըստ օրենքի, պատասխանատվության է ենթարկվելու այն անձը, ում անունով հաշվառված է տվյալ մեքենան: Խախտումն արձանագրելուց հետո ակտ է կազմվում եւ ուղարկում տվյալ անձին տուգանքը վճարելու համար: Կարեւորելով այս օրենքը, փոխոստիկանապետն ասաց, որ այն էապես նվազեցնում է վարորդ-ոստիկան շփումը, ինչը նշանակում է, որ փաստաթուղթը հակակոռուպցիոն նշանակություն ունի: Բացի այդ, նրա հավաստմամբ, սա օրենքի առջեւ բոլորի հավասարություն է մտցնում, քանի որ արձանագրվելու է ամեն մի խախտում, անկախ նրանից, թե ում եւ ինչ մեքենա է դա կատարել: Այդ սարքավորումները, որոնք տեղակայվելու են փողոցում, համարվելու են Երեւանի քաղաքապետարանի սեփականությունը:

Տեսալուսանկարահանող սարքավորումներ են տեղադրվելու նաեւ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաներում: Դրանք նույնպես կոչված են արձանագրելու խախտումները եւ ոչ միայն խախտումները: Խախտումն արձանագրելուց հետո ոստիկանի մեքենայից դուրս գալը, վարչական պատասխանատվության ակտի կազմումը եւ մնացած բոլոր գործողությունները նույնպես նկարահանվելու են: Ինչպես այդ, այնպես էլ խախտումն արձանագրած տեսանյութերը տրամադրվելու են այն վարորդներին, որոնք կցանկանան դատական կարգով բողոքարկել ոստիկանության գործողությունները: Տեսալուսանկարահանող սարքերը մշտապես միացված են լինելու ճանապարհային ոստիկանության մեքենաներումՙ դրանց հերթափոխի ընթացքում: Դրանք անջատվելու են միայն այն դեպքում, երբ հերթապահությունն ավարտվի եւ մեքենան վերադառնա ոստիկանություն:

«Ազգի» այն հարցին, թե որքանո՞վ օրենքին կենթարկվեն եւ իրենց մեքենաների վրա եկած տուգանքները կվճարեն բարձրաստիճան պաշտոնյաները, խոշոր գործարարները կամ իրենց անպատժելի համարող այլ անձինք, Արարատ Մահտեսյանն ասաց, որ խախտումն արձանագրելուց հետո ճանապարհային ոստիկանությունը 5-օրյա ժամկետում տեղեկացնում է այդ մասին մեքենայի տիրոջը, եւ եթե վերջինս չի պատասխանում այդ հարցմանը կամ անհրաժեշտ տեղեկություններ չի տրամադրում, ապա տուգանվում է արդեն 100 հազար դրամով: Փոխոստիկանապետն ավելացրեց, որ այժմ էլ հիշյալ անձանցից շատերի մեքենաները հայտնվում են տուգանային հրապարակում: Փողոցներում ու ոստիկանության մեքենաներում վերոհիշյալ սարքերի տեղադրումից հետո, Արարատ Մահտեսյանի կարծիքով, դրանց թիվը կավելանա:

Եվ վերջապես, ե՞րբ այդ ամենը տեղի կունենա: Արարատ Մահտեսյանն այս հարցին պատասխանեց, որ մրցույթով հաղթած կազմակերպությունն արդեն ներկրում է այդ սարքերը եւ առաջիկա ամիսներին դրանք կտեղադրվեն: Օրենքն էլ, նա հուսով է, կընդունվի հունվար-փետրվարին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4