«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2007-12-05 | #225, 2007-12-06 | #226, 2007-12-07


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԸՍՏ «ՄՈՒԴԻՍԻ»

Ներկայացրեց տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Շուրջ 100 երկրների վարկանիշներ ձեւավորող «Մուդիս» միջազգային ընկերությանՙ նոյեմբերին Հայաստանին տրված վարկանիշային ցուցանիշները երեկ ներկայացրեց AEPLAC-ի հայաստանյան տնօրեն, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը: Նա նշեց, որ վերոնշյալ կազմակերպությունը վարկանիշներ է տալիս մի շարք ցուցանիշների մասով եւ առանձին վերցրած երկիրը չի դասակարգում որեւէ աստիճանի վրա:

Կառավարության կողմից դրամով եւ արտարժույթով պարտավորությունների կատարման վարկանիշը եղել է BA2, ինչը կարելի է բնորոշել որպես միջին ցուցանիշ վերոնշյալ 100 երկրների մեջ: Հայաստանն ընդհանրապես, ըստ Տիգրան Ջրբաշյանի, գտնվում է երկրների «միջին խմբի միջին կետերում»: ԱՊՀ երկրներից այս դիրքում է գտնվում միայն մեր հարեւան Ադրբեջանը, իսկ մեզանից բարձր վարկանիշ ունեն միայն Ռուսաստանն ու Ղազախստանը: Մոլդովայի, Ուկրաինայի վարկանիշներն ավելի ցածր են, իսկ Վրաստանն ընդհանրապես բացակայում է այստեղ: Բացի ԱՊՀ վերոնշյալ երկրներից, Հայաստանի վարկանիշային խմբում են հիմնականում լատինամերիկյան երկրները, որտեղ կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ վիճակն ավելի լավ է, իսկ մեզ մոտ ավելի լավ են տնտեսական աճի ցուցանիշները:

Տիգրան Ջրբաշյանը հայտնեց, որ վարկանշման երեք աստիճան գոյություն ունիՙ A, B եւ C: Դրանք էլ իրենց հերթին բաժանվում են ենթաաստիճանների: Վերադառնալով Հայաստանին, նշվեց, որ նախորդ ցուցանիշից ավելի լավ է երկրի վարկավորման ռիսկի ցուցանիշըՙ BAA3:

Հետաքրքրական են Հայաստանի տնտեսական աճի աղբյուրների մասին գնահատականը եւ այն ռիսկերը, որ կապված են դրա հետ: Նշվում է, որ Հայաստանի տնտեսական աճի երկու հիմնական աղբյուրներն են հումքային ապրանքների միջազգային գների աճը, որն ավելացրեց արտահանումը Հայաստանից եւ արտերկրից Հայաստան մտնող տրանսֆերտները:

Ռիսկն այստեղ այն է, որ եթե նվազեն հումքային ապրանքների միջազգային գները, ինչի հավանականությունն առկա է, դա կազդի նաեւ Հայաստանի արտահանման վրա: Բացի այդ, քանի որ Ռուսաստանը, որտեղից հիմնականում մեր երկիր են մտնում տրանսֆերտները, նույնպես զարգանում է հումքային ապրանքիՙ նավթի գնի աճի հետեւանքով, ապա դրա գնի անկումը կնվազեցնի Հայաստան մտնող փոխանցումների ծավալը: Մյուս կողմից, ինչպես հայտնեց Տիգրան Ջրբաշյանը, հումքային ապրանքների գնի նվազումը կարող է բարենպաստ լինել Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը նավթ ու գազ ներմուծող երկիր է:

Որպես մեկ այլ ռիսկ «Մուդիսը» նշում է գազի գների սուբսիդավորումը, որը պետք է ավարտվի մինչեւ տարեվերջ: Նաեւ կարեւորվում է ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտությունը: Որպես դրական քայլ նշվում է շվեդական OMX-ի մուտքը Հայաստան, որը հնարավորություն կտա բերելու ֆինանսական միջոցներ եւ Հայաստանի համար նոր շուկաներ կբացի: Դոլարացման նվազումը նույնպես դրական գործոն է նշվում, բայց միաժամանակ ընդգծվում, որ դա բերում է արտահանման դժվարացման:

Թերեւս առավել կարեւոր գնահատականը, որ տվել է «Մուդիսը» Հայաստանին, այն է, որ մեր երկրի արտադրողականության աճը տպավորիչ է: Դրամի արժեւորման պարագայում մեր ընկերությունների արտադրողականության բարձրացումը դառնում է հույժ կենսական հարց եւ այս գնահատականը դրանով էլ կարեւորվում է: Ինչպես նշեց Տիգրան Ջրբաշյանը, խոսքը Հայաստան նոր տեխնոլոգիաների ներմուծման մասին է:

Որպես հիմնարար ռիսկերՙ միջազգային վարկանիշային կազմակերպությունը նշել է տնտեսական եւ քաղաքական էլիտայի սերտաճումը, փակ սահմանները եւ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը: Հայկական ԱԷԿ-ի փակման ծախսերը նույնպես մեծ են լինելու, ինչը երկարատեւ գործընթաց է լինելու եւ պահանջելու է ՀՆԱ 10 տոկոսի չափերով ծախսեր:

Պետական պարտքի չափի եւ տարեկան վճարումների ցուցանիշով, ըստ Տիգրան Ջրբաշյանի, Հայաստանը գտնվում է լավագույն ցուցանիշ ունեցող երկրների շարքում: Բանախոսը նաեւ նշեց, որ սոցիալական բեւեռացումը «Մուդիսը» չի դիտարկել որպես ռիսկ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4