«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2007-12-05 | #225, 2007-12-06 | #226, 2007-12-07


ՀՐԵՇՏԱԿԸ ԹՌԱՎ

Օպերային մեծ երգչուհի Զարուհի Դոլուխանյանի հիշատակին

Զարուհի Դոլուխանյանը (Զառա Դոլուխանովա) ծնվել է հետպատերազմյան (1-ին աշխարհամարտ-ծ.խ.) առաջին գարնանը: Երկար ժամանակ օպերային կատարողների մեջ Լենինյան մրցանակի առաջին եւ միակ դափնեկիրն էր: Իր երկրպագուներին հիացնում էր ոչ միայն եզակի ձայնով (կոլորատուրային մեցցո-սոպրանո), այլեւ կերպարանքի արիստոկրատական նրբագեղությամբ:

Զարուհի Դոլուխանյանը 20-րդ դարի օպերային արվեստի ամենավառ երեւույթներից մեկն է: Նա ԽՍՀՄ-ում դարձավ Ռոսսինիի «Մոխրոտիկ» օպերայում համանուն դերերգի եւ նույն կոմպոզիտորի «Սեւիլացի սափրիչում» Ռոզինայի դերերգի յուրօրինակ տարբերակի առաջին կատարողը: Հենց նա հայրենական հանրությանը ծանոթացրեց Ստրադելլայի, Սկարլատիի, Պերգոլեզիի երաժշտությանը, ինչպես նաեւ կատարեց ժամանակակից կոմպոզիտորներ Շոստակովիչի, Պրոկոֆեւի, Գավրիլինի, Շչեդրինի եւ Թարիվերդիեւի զգալի թվով ստեղծագործություններ, որոնք, որպես կանոն, նվիրված էին հենց իրեն եւ նախատեսված էին իր վիրտուոզության համար:

Բեմը թողնելով, Զարուհի Դոլուխանյանը, որը, ի դեպ, Լիսիցյանների նշանավոր օպերային տոհմի ներկայացուցիչ էր (նրա քույրն ամուսնացած էր Պավել Լիսիցյանի հետ, իսկ Կարինեն եւ Ռուզաննան Զարուհու զարմուհիներն են), նա իրեն նվիրեց մանկավարժությանը: Կես դարից ավելի Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում պրոֆեսոր էր: Մեր երաժշտական դպրոցը այդքան որդեսեր եւ ներողամիտ դաստիարակ չէր տեսել: Թվում էր, նա իր անհուն բարությամբ ու համբերատարությամբ կարող է տաղանդավոր դարձնել իր դասարանում հայտնված ամեն մեկին: Վոկալ ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանող երազում էր լինել նրա սանը: Այս տարվա գարնանից Դոլուխանյանին հյուծում էր ծանր հիվանդությունը, բայց նա վերջին ուժերով շարունակում էր կրթել իր աշակերտներին: Փոքր-ինչ նախանձոտ գործընկերները Զարուհի Դոլուխանյանին «հրեշտակ» էին անվանում իր աչքերի համար:

Նա իրոք անթերի էր բեմի վրա եւ կյանքում: Նրա հետ կապված բամբասանքներ կամ խարդավանքներ երբեւէ չեն եղել: Եզակի համեստության տեր լինելով` նա անկեղծորեն չէր սիրում հարցազրույցներ տալ: «Վախենում եմ ինչ-որ բան ասել, ինչ-որ մեկին վիրավորել, եւ հետո ինձ չեմ ների», ասում էր նա, չուզենալով կամակոր երեւալ: 2003-ի գարնանը ինչ-որ հրաշքով ինձ հաջողվեց նրան դրդել զրույցի: Այդ հարցազրույցը վերջինը եղավ ականավոր երգչուհու կյանքում: Ահա հատվածներ այդ հարցազրույցից:

- Դուք բեմը թողեցիք 1983-ի գարնանը: Ձեզ չի՞ թվում, թե շտապել եք:

- Բնավ: Ես ինձ երբեք ոչինչ չեմ ներել: Եթե բեմի վրա ինչ-որ բան իմ ուզածի պես չեմ արել, ինձ համար դա ահավոր վիշտ է եղել: Ես երգեցողության մեջ մարմնավորել եմ այն ամենը, ինչ խորհել եմ եւ կարողացել եմ անել: Եվ ավելի լավ է հեռանամ փոքր-ինչ շուտ, բայց փոխարենը պատշաճ տպավորություն թողնեմ իմ մասին: Շատ երգիչներ այսօր տվյալ քայլը կարող էին ընկալել որպես իմ բարի խորհուրդը:

- Չինովնիկները հաճա՞խ են ոտնձգություն կատարել Ձեր ստեղծագործական ազատության դեմ:

- Չինովնիկները միշտ կուզենային, որ բոլոր համերգներում հնչեին խորհրդային կոմպոզիտորների ստեղծագործություններ: Բայց դրանք բնավ ոչ միշտ էին համընկնում հիմնական ծրագրին, օրինակ` Ռոսսինիին կամ Բախին: Եվ ես դիմում էի ահավոր խորամանկության. չինովնիկների հավանությունն ստանալու էի ուղարկում մի ծրագիր, որտեղ խորհրդային կոմպոզիտորներ էին, իսկ հյուրախաղերի գալով` կազմակերպիչներին անմիջապես հայտնում էի ծրագրի փոքր փոփոխությունների մասին: Ահա այդպիսի խուլիգանություն: Երիտասարդ էի, չէի հասկանում, որ ինչ-որ մեկը կարող է ինձ մատնել:

- Դուք մեկն եք «երկաթյա վարագույրը» ճեղքած առաջին երգչուհիներից: Արտասահմանն ի՞նչ տպավորություն թողեց Ձեր վրա:

- Ես հիացած էի: Խանութներում ամեն ինչ կար, իսկ մարդիկ պարզ էին, սիրալիր եւ բարեհաճ: Ամենուրեք ինձ դիմավորում էին տեղաբնակ հայերը, մշտապես ինչ-որ տեղ էին հրավիրում եւ հյուրասիրում:

- Դուք միշտ ունեցել եք համերգային շքեղ հանդերձանք:

- Ես ունեի հարյուրից ավելի համերգային հագուստներ: Չէ՞ որ մի հանդերձանքը հարմար է Ռոսսինիի, մեկ ուրիշըՙ Ռախմանինովի կամ Վագների համար: Եվ հետո ես երբեք չէի կարող ինձ թույլ տալ նույն հագուստով հանդես գալ այն քաղաքում, որտեղ արդեն հյուրախաղեր էի ունեցել: Դա ես համարում եմ հանրության հանդեպ հարգանքի բացակայություն:

«Իզվեստիա», 5 դեկտեմբերի 2007


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4