«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2007-12-06 | #226, 2007-12-07 | #227, 2007-12-08


ԼԵՈՆԱՐԴՈՅԻ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ «ԱՍՏԾՈ ԴԵՄՔԸ» ՏԵՍԱՆ ՀԱՅԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

«Սրբազան տեքստերի ու նկարների հայելի» համաշխարհային հիմնադրամը իր կայքէջում հրապարակել է Լեոնարդո դա Վինչիի գեղանկարչության եւ գծանկարչության ուսումնասիրության արդյունքները: Այդ նվիրյալների կարծիքով, նկարիչը հայելիներից օգտվելով, իր աշխատանքներում ծածկագրել է հինկտակարանային Յահվե աստծո պատկերը եւ մյուս սրբազան կերպարները: Որոշ մանրամասնություններ ներկայացնում է Լոնդոնի «Թելեգրաֆ» թերթը:

Հիմնադրամի ներկայացուցիչները պնդում են, որ Լեոնարդոյի կողմից հայելիների օգտագործումը բացատրում է, թե ինչու նրա յուղանկարների ու գծանկարների շատ կերպարներ նայում են դատարկությանը եւ ոչ թե մյուս կերպարներին: Օրինակ, հայտնի էտյուդում փոքրիկ Հովհաննես Մկրտիչը Տիրամոր, Սուրբ Աննայի եւ մանկիկի հետ տեսնում է ոչ թե Հիսուսին, այլ Աստծո դեմքը: Համանման պատկեր հաջողվում է առանձնացնել, եթե հայելի օգտագործենք «Մոնա Լիզայի» նկարի վրա. կնոջ աջ ձեռքի շրջանում հայտնվում է տարօրինակ դեմքի պատկեր: «Խորհրդավոր ընթրիքում» կարելի է նկատել Սուրբ Գրաալի շրջված թասը: «Հովհաննես Մկրտիչ» կտավը, որի վրա սուրբը պատկերված է պատանու կերպարանքով, իրականում քողարկում է մի խորհրդավոր չորքոտանու, մարդու արարման խորհրդանշանը, ինչպես նաեւ դրախտային ծառը:

Հայելային հետազոտությունների կողմնակիցները պնդում են, որ գաղտնի խորհուրդներ թաքցնելու նպատակով, հայելիներ օգտագործել է ոչ միայն Լեոնարդոն, այլեւ Միքելանջելոն, Ռաֆայելը եւ ուրիշ նկարիչներ: Հիմնադրամի աշխատությունն ուղարկված է Վատիկան: Ստացված պատասխանը վկայում է, որ աշխատանքը, անկասկած, արվեստաբանների բանավեճերի առարկա կդառնա: Բայց նոր գաղափարները պետք է արժանանան հեղինակավոր գիտնականների հաստատմանը:

ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4