«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2007-12-07 | #227, 2007-12-08 | #228, 2007-12-11


«ԱՐԵՎԻԿԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Դեկտեմբերի 8-ին Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցավ «Մանկական Եվրոտեսիլ-2007» ամենամյա մրցույթ-փառատոնը: Երաժշտական միջազգային մրցույթին առաջին անգամ մասնակցող Հայաստանը եվրոպական երաժշտասերներին ներկայացավ Հանրային ռադիոյի «Արեւիկ» մանկապատանեկան անսամբլի «Երազանք» երգով:

Նավաստիների, նավի ու ծովի տրամադրությամբ, հետաքրքրական պարային բեմադրությամբ արեւիկցիներն առաջին իսկ րոպեից գրավեցին եվրոպացի հեռուստադիտողների ուշադրությունն ու համակրանքը: Այդ են վկայում ամենաշատ վաստակած առավելագույն միավորները: «Արեւիկի» ելույթը 12 միավոր գնահատեցին Վրաստանը, Ռուսաստանը, Բելգիան, Կիպրոսը, Նիդեռլանդները, Ռումինիան եւ Ուկրաինան: Մրցույթի սկզբից արեւիկցիները փոքր առավելությամբ գլխավորում էինՙ հայերի մոտ պահպանելով հաղթանակի հույս:

Չորս երկիրՙ Լիտվան, Պորտուգալիան, Շվեդիան ու Մալթան մեզ միավորներ չտվեցին, փոխարենը բարձր թվանշաններ տվեցին «Արեւիկին» հետապնդող Բելառուսի պատանի ներկայացուցչին: Վերջին պահին «Արեւիկի» հաղթանակը կախված էր Բելառուսից: Ցավոք, նրանք մեզ տվեցին 7 միավոր, մինչդեռ մենք նրանցՙ 8: Վերջնական արդյունքում «Արեւիկը» հավաքեց 136 միավոր: 137 միավոր հավաքած Բելառուսիան դարձավ մրցույթի հաղթող:

Սակայն թվաբանական հաշվարկն այնքան էլ կարեւոր չէ: Ակնհայտ է, որ երգը սիրվեց ու դարձավ հիթ ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: Բարի փերին երազանքն իրականություն դարձրեց: «Արեւիկը» Հայաստան է վերադառնում բարձր գլխով ու հաղթանակած:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4