«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2007-12-07 | #227, 2007-12-08 | #228, 2007-12-11


ԵՐԲ ԱՍՈՒՄ ԵՆՔ ԷԼԻՏԱՐ...

Էլիտա, էլիտար: Այս օտարամուտ բառերը վերջին շրջանում դարձել են ամենից շատ շահարկվողները: Բառեր, որ շռայլում ենք տեղի-անտեղիՙ հաճախ առանց հասկանալու դրանց իմաստն ու բովանդակությունը: Էլիտայի ու էլիտարի մասին մեր պատկերացումները, ցավոք, փոխվել ենՙ ստացել նոր որակՙ առեւտրադասակարգային բովանդակություն: Այսօր Երեւանում ամեն ինչ դարձել է էլիտար: Էլիտար շենքեր, մեքենաներ, գեղեցկության սրահներ, սրճարաններ, խանութներ: Մինչեւ անգամ սպասք, թան, խմորեղեն, տաքսի ծառայություն, ներեցեք արտահայտությանսՙ անգամ զուգարաններ, ու էլի՛ հազար ու մի էլիտար ապրանք, առաքում:

Սովորաբար էլիտար վայրերում սպասարկումը, գինը թանկ է: Օրինակ, քաղաքի կենտրոնում գտնվող «էլիտար» գեղեցկության սրահում սովորական մազ կտրելն արժե 4000-6000 դրամ: Նույն կտրվածքը, նույն որակով, ավելի համեստ, ոչ «էլիտար» վարսավիրանոցում կտրում են 1500-2000 դրամով: Էլիտայի ու էլիտարի մասին մեր պատկերացումները սահմանափակվում են «ջիպոտ», «ախռանայոտ» ու «հյուսիսային պողոտայոտ» մտածելակերպով: Երեւանում էլիտար լինելու համար անհրաժեշտ է մի քանի նախապայմանՙ հագնել թանկարժեք հագուստ, հաճախել հայտնի գեղեցկության սրահներ, ունենալ թանկարժեք մեքենաՙ նախընտրելի է սեւ ջիպ կամ սպիտակ «Լեքսուս» կամ «Տոյոտա», երկու ամիսը մեկ անգամ փոխել հեռախոսը:

19-ամյա Կարինային կուրսում բոլորը սիրում ու գնահատում են, հաշվի առնում նրա կարծիքը, նրան համարում «էլիտար» անձնավորություն: Ըստ նրա, «էլիտար» լինելը նորաձեւություն է, ժամանակին համընթաց քայլելու ձեւ:

«Գնումներ եմ կատարում միայն սուպերմարկետներից, հագնում թանկարժեք զգեստներ: Հիմնականում այցելում եմ այնպիսի գեղեցկության սրահներ, որ ծանոթ լինեն բոլորին»: Սրանք արդի պահանջներ են, որոնք պետք է կատարվեն մշտապես, այլապես Կարինան դուրս կգա «էլիտար» մարդկանց ցուցակից: Նախկինում էլիտար վայրեր էին համարվում թատրոնները, օպերան, պատկերասրահները: Այսօր էլիտար են գիշերային ակումբները, բարձրահարկ շենքերը, սրճարաններն ու դիսկոտեկները:

Էլիտ ֆրանսերեն բառը թարգմանաբար նշանակում է ընտիր, իսկ էլիտաՙ ընտիր խավ, ընտիր հասարակություն ու վերնախավ: Ժամանակակից երեւանյան «էլիտայի» մեծագույն մասը զայրույթ ու մտահոգություն է առաջացնում: Էլիտայի անբաժան մասը կազմող գրողներին, նկարիչներին ու երգահաններին եկել են փոխարինելու փողոցում ուղտի պես թքողները, արեւածաղիկ չրթողները, մեքենան անթույլատրելի արագությամբ վարողները, բարձրաշխարհիկ պոռնիկները: Մարդիկ, որոնց լեզվական բառապաշարում հիմնականում գոյություն ունեն «խի դու ուրդո՞ւ տղա ես», «գյաջ ըլնեմ», «ինչ լավիկն ես», «պերաշկի սատկցրի», «ախչի, ո՞ւր ես էթում» արտահայտությունները:

Թերեւս ավելի հաճելի կլիներ, որ վերը նշված «էլիտարների» կողքին հայտնվեն, օրինակ, էլիտար ուսուցում, ուր դասախոսն առանց կաշառքի գնահատում է ուսանողին, էլիտար աշխատատեղեր, բուժսպասարկում, ուսուցիչներ, վարորդներ, վաճառողուհիներ... ու էլի հազար ու մի էլիտար:

Այլապես մեր այսօրվա «էլիտարը» նման է հսկայական գունավոր փուչիկիՙ ունայն ու դատարկ, որ փախչում է ասեղից:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4