«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2007-12-11 | #229, 2007-12-12 | #230, 2007-12-13


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԻԶՆԵՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ

Ծանր է հանրահայտ մարդկանց կյանքը: Նրանց կյանքի որեւէ մանրամասն դուրս չի մնում հանրային ուշադրությունից, տեսախցիկները սողոսկում են նրանց կյանքի ամենանուրբ եւ ամենաանտեսանելի անկյունները, դրանք դարձնում հանրային քննարկման առարկա, այդ բոլորը հանրությանը մատուցելը դառնում է ժամանցի ձեւ, բոլոր երկրների հեռուստատեսությունների ժամանցային հաղորդաշարերի թեմա, որոնք այս կամ այն քաղաքական գործչի կամ կինոաստղի մասնավոր կյանքը հիացական ներկայացնում են հեռուստադիտողին... Եվ այդ բոլորի անունն է շոու բիզնես, ու դրանից ստացված գումարներն ահռելի են: Սակայն... ոչ ոք չի մտածում այդ նյութի հերոսների հոգեվիճակի մասին` լեդի Դիանայի, Ռոբերտ Քենեդու, Մերլին Մոնրոյի, հանրային ուշադրությունից մյուս տուժածների հետ պատահածը դաս չէ, ոչ էլ կարող է կանգնեցնել այդ ճանապարհով վաստակողների միլիոնների շարժման ընթացքը:

Այս ներշնչող սկզբից հետո միանգամից անցնեմ հայկական անալոգներից մեկին: Լոս Անջելեսից եկած մի ծանոթ պատմեց, որ յուրաքանչյուր հայ ընտանիք այժմ իր պարտքն է համարում ձեռք բերել եւ մի տասնյակից առավել անգամ դիտել հայրենի մեծահարուստներից մեկի` Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքի մի քանի մասանոց տեսաերիզը: Սա, իհարկե, ոչ զարմանքի առիթ է, ոչ էլ նորություն` 90-ականների սկզբից, երբ բացվեցին ճանապարհները, ամեն մի նյութ, որ հեռուստատեսությամբ չէր կարելի տեսնել եւ զանազան մասնավոր հետաքրքրությունների շրջանակում էր, անմիջապես հայտնվում էր Լոսում, բազմացվում եւ բերվում արդյունաբերական մակարդակի` նրանից քամվում էին ավելի ու ավելի դոլարներ: Հիշենք «Արշալույսգեյթը», «Հոկտեմբերի 27-ի» տեսաերիզը. հիմա ես չգիտեմ` Գ. Ծառուկյանի գիտությա՞մբ եւ ցանկությա՞մբ են տասնյակ հազարավոր դոլարներ սարքվում նրա ընտանեկան մասնավոր արարողությունը` դստեր հարսանիքը բազմացնելով եւ Լոս Անջելեսում, ինչու չէ, նաեւ Հայաստանում վաճառելով, թե՞ պարզապես նախաձեռնող մեկը բավական կլորիկ գումարով հարսանիքը նկարահանողներից ձեռք է բերել ողջ տեսագրությունը, եւ մարդու մասնավոր կյանքը դարձրել ողջ հայության սեփականություն` իր դոլարները քամելով: Առաջինի դեպքում` մարդու իրավունքն է, երկրորդի դեպքում հայտնի գործարարը ավելի տնտղող հայացքով պետք է նայի իր մոտիկ շրջապատին, ով նրա կյանքի առանձին պահերը կարող է դարձնել սեփական բիզնեսի աղբյուր` չմտածելով անգամ էթիկայի մասին: Եվ սա դեռ անմեղ բան է: Google համակարգով որոնելով հայտնի գործարարի անունը (նաեւ` ժողովրդի մեջ տարածվածը), անսպասելի մի քանի տասնյակ կայքէջեր հայտնաբերեցինք, որոնց բովանդակության մեծ մասին հազիվ թե Գ. Ծառուկյանը համաձայն լինի: Արբանյակից նկարահանված նրա կալվածքն ու հարակից Առինջ գյուղը բոլոր մանրամասներով ասես ափիդ մեջ ներկայացված են կայքերում: Էլ անեկդոտներ, էլ տարբեր բացասական երանգավորմամբ պատմություններ, էլ ընտանեկան կյանքի, բիզնեսի մանրամասներ, ունեցվածքի տարբեր գնահատականներ` էլ ինչ ասես չկա այդ կայքերում: Կան, իհարկե, մի քանիսը, որոնք ուղղակի գովազդային եւ դրական լույսի ներքո են, որոնք ամենայն հավանականությամբ պաշտոնական կայքեր են, սակայն առավել շատ են մասնավոր-անկապ հասցեները, որոնց տակ կարելի է ամենատհաճ անակնկալների հանդիպել: Ծառուկյանի անունով կայքէջեր գտնվեցին ամենատարբեր լեզուներով` հավանաբար ամենատարբեր երկրներից բացված կայքերում: Սակայն անվանման կոճակը սեղմելիս ոչ միշտ կարելի էր բուն սուբյեկտին վերաբերող տեղեկատվություն գտնել, օրինակՙ արաբերեն կայքում Ծառուկյանի անվան տակ էրոտիկ նկարաշար էր: Մի խոսքով` պրն Ծառուկյանը պետք է բարձր մակարդակի հակերներ վարձի, որոնք մի լավ ուսումնասիրելով ինտերնետով մեկ ցրված նրա անվանումը կրող կայքերը, անհաճո եւ իմաստազուրկ, նրա հեղինակությանը վնասող կայքերը կջարդեն, ինչը չի կարելի ասել տեսաերիզների եւ այլ տեսաարտադրանքի մասին, դրանք արդեն հնարավոր չէ վերադարձնել ելման կետ:

Մի քիչ թափառելով ինտերնետում` մենք հարյուրից ավելի կայքեր հայտնաբերեցինք, որոնք կրում էին պարոն Ծառուկյանի անունը կամ ժողովրդի մեջ նրա հայտնի անվանումը: Նրա մասին պատմող հարյուրավոր նյութեր կարելի էր գտնել նույնքան բազմաթիվ էլեկտրոնային հասցեներում, որոնք ակնհայտորեն ոչ թե մարդկանց իրազեկման, այլ ուրիշ հետաքրքրություններ են հետապնդում, եւ շատ բան հուշում է դրանց ստեղծողների հայկական ծագման մասին: Սակայն շատուշատ կայքեր, որ կրում են պարոն Ծառուկյանի անունը, սովորական ինտերնետային քողածածկույթ են, որոնց տակ կարելի է հայտնաբերել էրոտիկ ծառայությունների, սովորական ապրանքների ու ծառայությունների առաջարկներ, սրա դեմ հնարավոր չէ, երեւի, որեւէ բան անել: Այստեղ են ասել` ինտերնետը մտել է տան դռնից ներս, ու նրանից դժվար է ազատվելը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4