«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2007-12-11 | #229, 2007-12-12 | #230, 2007-12-13


ԱՄԱՆՈՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ավանդական է դարձել ամեն տարի ամանորի նախօրեին «Տերյան» մշակութային կենտրոնի կազմակերպած ցուցահանդեսը: Դեկտեմբերի 11-ին «Ակադեմիա» պատկերասրահում տեղի ունեցավ «Տերյան» մշակութային կենտրոնի սաների ստեղծագործությունների 5-րդ ցուցահանդես-վաճառքը:

«Դասընթացներն անցնում են ջերմ ընկերական մթնոլորտում: Այս ցուցահանդեսին ներկայացրել ենք բատիկ, կերամիկա, բրոնզ, գեղանկարչություն եւ ամանորյա յուրահատուկ նվերներ: Տարիների ընթացքում փոխվել է միայն որակը: Երեխաները դարձել են ավելի հմուտ, նվիրված աշխատանքին: Իսկ արդյունքն ակնհայտ է: 5 տարին երկար ժամանակահատված է, որպեսզի մեր գործունեությանը ուշադրություն դարձնեն», ասում է կենտրոնի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Մելիքյանը:

20-ամյա Անի Քոսյանը «Զատիկ» մանկատան սաներից է: Ավելի քան 8 տարի զբաղվում է հրավիրատոմսերի, բացիկների դիզայնով: Աշխատանքը հիմնականում գնահատում են արտասահմանում: «Սկզբում դժվար էր, հետո սովորեցի, հմտացա: Այժմ առաջարկներ եմ ստանում արտասահմանից: «Տերյան» մշակութային կենտրոնին ծանոթ եմ մոտ մեկ տարի: Այստեղ գտել եմ նոր տուն ու ընտանիք»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց ստեղծագործություններն ու կարեւորեց կենտրոնի դերը: «Համաշխարհայնացման այս ծանր շրջանում, երբ փոքր երկրները կուլ են գնում մեծերին, պետք է դեմ կանգնեն մեր մշակույթով, կրթությամբ ու արվեստով»:

«Տարեցտարի ավելի ոգեւորված են աշխատում: Մեծ առաջընթաց են ապրում: Պարզ չէ, թե հետագայում ով կդառնա նկարիչ կամ քանդակագործ, բայց երեխաները շփվեցին արվեստի հետ, հասկացան, որ կյանքը գեղեցիկ է ու իրենց արվեստով, պետք է ավելի հարստացնեն», նշեց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4