«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2007-12-12 | #230, 2007-12-13 | #231, 2007-12-14


ՀԻՇԵՑԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇԻՆ

Սիրանույշը (Մերովպե Գանթրճյան) հայ թատերարվեստում ունի անգնահատելի դեր: 65 տարվա բեմական կյանքի ընթացքում խաղացել է ավելի քան 300 դեր:

Առաջին դերըՙ Սոֆյա («Խելքից պատուհաս») դարձավ նրա բեմական երկարամյա կյանքի առաջին ակորդը: Հետագայումՙ Օֆելյա, Ռուզան, Մարգարիտ... Հանդիսատեսն ու բեմադրիչներն ականատես եղան Սիրանույշի փայլուն դերասանական տաղանդին:

Սիրանույշը հայ իրականության մեջ առաջին կինն էր, որ խաղաց տղամարդու դերՙ Համլետ: Կարծրացած գաղափարներով արվեստագետների համար այդ փաստը վերածվեց խայտառակության, ողբերգությանՙ արտիստուհու համար: Թատերագիրների վկայությամբ երկար ժամանակ չէին դադարում Սիրանույշի անձի եւ արվեստի շուրջ քննադատությունները: Հետագայում, սակայն, փոխվեց վերաբերմունքը:

Երեկ Ազգային գրադարանում տեղի ունեցավ հոբելյանական միջոցառում նվիրված Սիրանույշի 150-ամյակին:

«Սիրանույշը ժողովրդական դերասանուհի է: Խաղացել է Շիլլեր, Շեքսպիր, Օստրովսկի, տարբեր ազգերի ներկայացուցիչների դերեր կերտել, բայց երբեք չի հեռացել իր ժողովրդից: Անգամ օտար կերպարներ մարմնավորելու ժամանակ երեւացել է ազգային ոգին ու դիմագիծը», ասաց Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը եւ ափսոսաց, որ որեւէ այլ մշակութային հաստատություն չհիշեց ու չնշեց դերասանուհու հոբելյանը:

«Ազգը», ի դեմս թատերագետ Վարսիկ Գրիգորյանի, իր մշակութային հավելվածում լայնորեն անդրադարձել է մեծ դերասանուհու հոբելյանին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4