«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2007-12-13 | #231, 2007-12-14 | #232, 2007-12-15


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆ ԿՈՒՆԵՆԱ

Երեկ Ազգային ժողովում քննարկում էին դոկտրինի նախագիծը

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ադրբեջանն իր դոկտրինը մշակելու ժամանակ պնդել է այն դրույթը, որ եթե Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով չկարգավորվի, Ադրբեջանի զինված ուժերը այդ խնդիրը կարող են լուծել ռազմական ճանապարհով: Անգամ Ադրբեջանը ցանկանում է իր դոկտրինում Հայաստանը նշել որպես թշնամի: Սա հավանության չի արժանացել ոչ մի բարեկամ երկրի կողմից, եւ հարեւան երկրի դոկտրինի նախագիծը լուրջ քննադատության են ենթարկել ՆԱՏՕ-ի փորձագետները: Իսկ ահա անկախության օրից մինչեւ այժմ առաջին անգամ ռազմական դոկտրինի նախագիծ մշակած Հայաստանը, ըստ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, իր դոկտրինում որեւէ թշնամու մասին կետ չունի. «Մենք Ադրբեջանի հետ տարաձայնություններ ունենք Ղարաբաղի հարցում, որոնք պետք է լուծենք բանակցությունների միջոցով: Պատերազմը չի լուծի ղարաբաղյան խնդիրը: Թեեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ գոյություն ունի պատերազմի հարյուր տոկոսանոց հնարավորություն, սակայն ամեն դեպքում կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջը». այս հայտարարությունը պաշտպանության նախարար Մ. Հարությունյանն արեց երեկ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում, ՀՀ առաջին ռազմական դոկտրինի նախագծի քննարկումից հետո:

Ռազմական դոկտրինի նախագիծը բաց փաստաթուղթ է, օրենքի տեսք չունի, ՀՀ նախագահը վավերացնելու է, բացի այդ` ՀՀ նախագահը որպես զինված ուժերի գլխավոր հրամանատար այնուհետեւ էլ հնարավորություն է ընձեռելու զինված ուժերի հրամանատարությանը եւ պաշտպանության նախարարությանը ժամանակ առ ժամանակ գնահատելու առկա նոր մարտահրավերները եւ անհրաժեշտության դեպքում նորից վերանայելու ռազմական դոկտրինը` հստակ մատնացույց անելով հետագա աշխատանքի նոր վեկտորները: Սա էլ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի ծանոթագրությունն էր ներկայացված նախագծին:

Հայաստանի ռազմական դոկտրինը մշակվել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության շրջանակներում Հայաստանի ընդհանուր նպատակներից ելնելով` որպես երկրի պաշտպանության խնդիրներից բխող հայեցակարգային փաստաթուղթ: Դրա ստեղծմանն ու հետագայում շահագրգիռ քննարկմանը մասնակցել են պետական տարբեր կառույցներ` հատուկ միջգերատեսչական հանձնաժողովում: Եվ ինչպես դոկտրինի նախաբանում է ձեւակերպված` ՀՀ ռազմական անվտանգության ապահովման ռազմաքաղաքական, ռազմական-ռազմավարական, ռազմատնտեսական եւ ռազմատեխնիկական հիմքերը որոշող պաշտոնական հայեցակարգերի համախումբ է, նշում է զինված ուժերում բարեփոխումների եւ արդիականացման ուղղությունները, սահմանում ռազմական անվտանգության հիմնադրույթները, Հայաստանի պաշտպանական ռազմավարությունը եւ այլն` ընդհանուր առմամբ զարգացնելով եւ մանրամասնելով վերջերս ընդունված «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության» ռազմական ոլորտին վերաբերող դրույթները:

Արդյոք ՆԱՏՕ-ի հետ գործակցության ընդհանուր նպատակներն իրենց ազդեցությո՞ւնն են թողել այս փաստաթղթի վրա. ըստ Մ. Հարությունյանի` ՆԱՏՕ-ից, իհարկե, առաջարկություններ ստացվել եւ ուսումնասիրվել են, բայց մեր ծրագիրը այլ պետություններից ոչ մեկի ծրագրին նման չէ, մեր պաշտպանունակության խնդիրն ենք լուծելու: Միջազգային փաստաթղթերից հիմք վերցրել ենք, բայց էությունը մերն է, միայն մեր անվտանգության եւ պաշտպանության հրամայականներով թելադրված. «Ադրբեջանի փաստաթուղթն, օրինակ, մենք գիտենք, որ անընդունելի է եղել ՆԱՏՕ-ի կողմից, հետ է ուղարկվել Ադրբեջան` վերանայելու այդ փաստաթուղթը, իսկ մերի վերաբերյալ որեւէ մեծ պետությունից բացասական կարծիք չի եղել», ասաց պաշտպանության նախարարը: Իսկ Ա. Աղաբեկյանն էլ, թե` այո, մեր ռազմական դոկտրինը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակում ստորագրված պայմանագրի` Այպապ ծրագրի շրջանակում է, բայց Այպապում նշված նպատակները որդեգրել է ՀՀ-ն, այլ ոչ թե պարտադրվել են ՀՀ-ին: Այպապ ծրագրի մշակման ժամանակ իսկապես Հայաստանը նպատակ ուներ օգտվելու միջազգային փորձից, որպեսզի փաստաթուղթը լինի ավելի կատարյալ. «ՀՀ զինված ուժերի հիմնական երկու առաքելության` սահմանների պաշտպանության եւ զսպող առաքելության հետ մենք կարողացանք նշել, որ անկախ տեղակայման վայրից, նրանք լինելու են ԼՂ -ի բնակչության անվտանգության երաշխիքը», ձեռքբերում համարեց ԱԺ հանձնաժողովի նախագահը:

ԱԺ հանձնաժողովի նիստում, իհարկե, շատ էլ շահագրգիռ քննարկում չստացվեց, միայն «Ժառանգության» պատգամավորները մի քանի հարց ճշտեցին: Օրինակ` դոկտրինում ամրագրված է, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգության եւ ընտրած ուղու երաշխավորն ու աջակիցն է. պատգամավորներին հետաքրքրում էր, թե ինչու չի ամրագրված «ԼՂՀ անկախ պետության» բառակապակցությունը, կամ արդյոք հոգեւոր եւ շատ այլ արժեքներ ազգային անվտանգության բաղադրիչ հիմնարար արժեքների թվո՞ւմ են: Վերջին հարցին պարզաբանում տալով քննարկմանը ներկա Հայաստանի նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը նկատեց, թե այդ արժեքների ցանկը կա, հայտնի է` դրանք հիպոթետիկ կամ ամորֆ արժեքներ չեն:

Մի խոսքով` Հայաստանի ռազմական դոկտրինի նախագիծ ունենք, եւ պաշտպանության նախարարը կոչ արեց պատգամավորներին գրավոր առաջարկներ ներկայացնել, որ մինչեւ նախագահի վավերացումն այն ավելի լավը դառնա:

Դուրս գա՞լ, թե՞ չգալ սովորական սպառազինության պայմանագրից

Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ռուսաստանի օրինակին հետեւելով Հայաստանը նույնպես դուրս գա սովորական սպառազինության պայմանագրից: Այս հարցին պատասխանելով Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը երեկ լրագրողներին ասաց. «Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում` դուրս գա, թե դուրս չգա: ՀՀ-ն այդպիսի որոշում չի ընդունել: Իսկ եթե հետագայում Ադրբեջանը գնա այն քայլերին, որ մենք հիմա տեսնում ենք` մեծ քանակով սպառազինություններ առնում-բերում է իր պետություն, եւ որը հակասում է այդ պայմանագրին, դուք լավ գիտեք: Նրանք բոլոր ցուցանիշներն անցել են, իրավունք չունեն այդ ցուցանիշներն անցնելու: Եթե հետագայում այդպիսի քայլերի դիմի Ադրբեջանը եւ այդ պայմանագրին համապատասխան չշարժվի, իհարկե, կարող է պատահել, որ Հայաստանն ուրիշ որոշում ընդունի: Բայց այդ որոշումը կընդունի գերագույն գլխավոր հրամանատարը, եւ նրանից հետո մենք որպես պաշտպանության նախարար կիրականացնենք»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4