«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2007-12-13 | #231, 2007-12-14 | #232, 2007-12-15


Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Ժ. ՍԵՖԻԼՅԱՆԻ, Վ. ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԵՎ Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

Երեկ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը տարածել է մի հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. «Իշխանությունների համար վտանգ ներկայացնող քաղաքացիներ Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին, Արման Բաբաջանյանին անազատության մեջ ապօրինաբար պահելը, հատկապես մեր երկրի համար հաջորդ տարեսկզբին ներքաղաքական կարեւոր իրադարձության` նախագահական ընտրությունների նախընտրական շրջափուլում, վկայում է, որ իշխանակարգը շարունակում է նորանկախ Հայաստանում կիրառել ստալինյան բռնաճնշումներին նմանվող մեթոդներ` այդպիսով համակարգված կերպով խախտելով մարդու իրավունքները եւ ազատությունները: Ասվածի հերթական ապացույցն է «Ժամանակ-Երեւան» օրաթերթի խմբագիր, լրագրող ու սփյուռքից հայրենիք վերադարձած ՀՀ քաղաքացի Արման Բաբաջանյանին վերոնշյալ «անկախ հանձնաժողովի» կողմից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդագրին հավանություն տալու դիմումի մերժումը, եւ դա այն դեպքում, երբ նա մուծել է պետությանը պատճառած վնասի փոխհատուցման գումարը` մեկ միլիոն դրամ: Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ այս իշխանությունն այնքան ահաբեկված է քաղաքական այլախոհությունից եւ իրական ժողովրդավարությունից, որ բացահայտ դատապարտելի մեթոդներով փորձում է լռեցնել եւ կալանքի տակ պահել ազգի նվիրյալ ազատամարտիկներին ու ազատ խոսքի ներկայացուցչին:

Հ. Գ. Հանրությանը հիշեցնենք, որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքը, որով կալանավորվել է Արման Բաբաջանյանը, կարող է եւ տարածվում է ՀՀ հազարավոր այն երիտասարդների նկատմամբ, ովքեր, գտնվելով Արման Բաբաջանյանի կարգավիճակում համապատասխան գումարը մուծելով, ազատվում են պարտադիր զինծառայությունից խուսափելու քրեական մեղադրանքից:

Ըստ պաշտոնական տվյալների` նրանց թիվը 2000-ից ավելի է»:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4