«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2007-12-13 | #231, 2007-12-14 | #232, 2007-12-15


ԹԱՏՐՈՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՄՈՆՈՊՈԼԻԱ: ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ՇՐՋԱՊԱՏԻՆ ՀԱՎԱՔՈՒՄ Է ՈՒ ՍԿՍՈՒՄ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ

Դժգոհում է Հասմիկ Տեր-Կարապետյանը

Երեկ «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսը կրկին նվիրված էր թատրոնի խնդիրներին ու բաց բեմ հասկացությանը: Հրավիրված հյուրերը` դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը եւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Բաբախանյանը ունեին տարբեր կարծիքներ:

Հասմիկ Տեր-Կարապետյանի բնորոշմամբ ազատ բեմ հասկացությունը լավ ծրագիր է եւ իրականացման դեպքում կբերի ազատ մտքեր, արվեստագետների ազատ փոխհարաբերություններ, իսկ երիտասարդների համար կդառնա ինքնարտահայտման վայր:

Հովհաննես Բաբախանյանն էլ ծրագիրը ողջունելուց զատ չի զլանում խոսել այնտեղ առկա բացթողումների մասին: «Եթե սկսնակները խաղան, ասենք, անհատական կոմերցիոն ներկայացումներում, նրանց սխալվելու հավանականությունը շատ է: Դա պետք է տալ փորձառուներին: Նրանք թատրոնի ստանդարտներից դուրս չեն գա: Յուրաքանչյուր երիտասարդ կայանում է ավագի ներողամտության հաշվին», ասում է դերասանն ու բերում անձնական օրինակը: «Ես էլ եմ անցել, մինչեւ հաստատվել եմ»:

Հասմիկ Տեր-Կարապետյանը համահավասար սկզբունքների կողմնակից է: Նրա խոսքերով, երիտասարդներն ավելի շատ են ենթակա վարակման: «Ժամանակին Սունդուկյանում, երբ կային մեծություններ, բոլոր սկսնակ դերասանները ընդօրինակում էին Խորեն Աբրահամյանին, դերասանուհիներն էլ` Մետաքսյա Սիմոնյանին: Քչերն են կարողանում այդ շտամպից դուրս գալ»:

Հ. Բաբախանյանն առաջարկում է մինչեւ բեմ տրամադրելը նախ տեսնել, թե ներկայացումներն ինչ ասելիք ունեն: «Թե չէ կհավաքեն 300 հոգի ու այնպիսի բուռն անճաշակություն կտան, որ դրանից հետո 10 անգամ Շեքսպիր նայեն ու էլի խելքի չգան»:

Հ. Տեր-Կարապետյանն էլ ներկայացնում է ընդհանուր թատերական դաշտի սարսափելի վիճակը` մատնացույց անելով Կամերային թատրոնը, «որ անգամ կարգին գրիմանոց չունի»: Կամ «Փոսի թատրոնը», «որ անունը կա, ամանումը չկա: Ինչ-որ մի տեղ ծվարած աշխատում են»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4