«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2007-12-15 | #233, 2007-12-18 | #234, 2007-12-19


ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է

Սարյանի տուն-թանգարանը յուրատեսակ սրբավայր է, ուր մտնելիս առնչվում ես սարյանական կենսատու արվեստի հետ, տանում այն լույսն ու գեղեցկությունը, որ տալիս է Սարյանի արվեստը: Հայ իրականության մեջ բացառիկ երեւույթ է, երբ արվեստագետը կենդանության օրոք դառնում է սեփական թանգարանի բացման ականատեսը: 1967-ն էր, երբ բացվեց Մ. Սարյանի տուն-թանգարանը: Վարպետն էլ դրեց ֆոնդի սկիզբըՙ նվիրելով 50 աշխատանքՙ գեղանկարներ եւ գծանկարներ: Թանգարանի ստեղծման գաղափարն առկա էր դեռեւս 1927-ին, երբ Փարիզից եկած նամակներից մեկում վարպետը հույս է փայփայում Երեւանում ունենալ թանգարան: Մինչ այդ Սարյանի անմիջական օգնությամբ 1919-ին Ռոստովում բացվել էր նոր նախիջեւանյան գավառագիտական թանգարանը, իսկ 1921-ինՙ Հայաստանի առաջին պետական թանգարանը: Ներկայում թանգարանի ֆոնդն ունի 231 միավոր: Յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին ՀՀ մշակույթի նախարարությունը ընտանիքի ֆոնդից գնում է Սարյանի ստեղծագործություններից ու նվիրում թանգարանին:

Թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը երեկ նշեց, որ թանգարանը շարունակելու է այն լավագույն ավանդույթները, որ գոյություն են ունեցել Շահեն Խաչատրյանի օրոք եւ իր առջեւ դնում է խնդիրներ, որոնցից կարեւորագույնը վարպետի ստեղծագործությունների պահպանումն է ու վերանորոգումը: Շուտով կհրատարակվի Սարյանի նամականու եռհատորյակը, կյանքի լիակատար տարեգրությունն ու գիտական կենսագրությունը: Նպատակ կա ստեղծելու նրա ստեղծագործությունների լիակատար թվայնացված կատալոգ:

Այս տարի լրացավ մեծ վարպետի տուն-թանգարանի հիմնադրման 40-ամյակը: Այդ առիթով երեկ թանգարանում տեղի ունեցավ մշակութային հանդիսությունՙ ներկայությամբ ՀՀ առաջին տիկին Բելա Քոչարյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, արվեստագետների ու ընկերների:

«Այս հոբելյանն արժեքավոր է երկու առումով: Հերթական անգամ հիշում ենք մեծանուն Վարպետին ու խոնարհվում նրա մեծության առաջ եւ հիանում, որ քաղաքի կենտրոնում ունենք մշակութային հզոր օջախ, որ նկարչի ինքնատիպ արտահայտությունն է, ուր հայրենի հողի գույներն են ու հայ ժողովրդի հոգու ջերմությունը», ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Սարյանը բացառիկ դեր ունի կերպարվեստի զարգացման, պահպանման գործում: Երջանիկ եմ, որ բախտ եմ ունեցել շփվելու նրա հետ: Այդ շփումով եւս հայտնաբերեցի «նկարիչ» հասկացության իմաստը», ասաց ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Էդվարդ Միրզոյանն էլ հիշում է վարպետի հետ անցկացրած օրերը, կատակները, «չարաճճիությունները», որոնց մասին պատմել չցանկացավ: «Թող մեր գաղտնիքը մնա»: «Ամեն անգամ այս օջախը մտնելիս զգում եմ վարպետի շունչը, նրա ներկերի հոտը: Գերագույն հաճույք ու հպարտություն է այն գիտակցումը, որ շփվել ու ընկերություն եմ արել հրաշալի մարդու հետ», ասաց Ղուկաս Չուբարյանը:

Թանգարանի հիմնադրման 40-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցավ նաեւ Սարյանի աշխատանքների փոքրիկ կատալոգի շնորհանդեսը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խմբ. կողմից - Միայն ափսոսալ կարելի է, որ 37 տարի Սարյան տուն-թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանի հասցեին, որ վարպետի 7 տասնյակից ավելի գործեր է հայտնաբերել ու միացրել թանգարանի հավաքածուին, որ տասնյակներով ցուցահանդեսներ է կազմակերպել, գրքեր ու կատալոգներ հրատարակել եւ արժանապատիվ կերպով պանծացրել է վարպետի անունն աշխարհով մեկ, երեկվա հանդիսության ընթացքում չարժանացավ գնահատանքի ու երախտագիտության: Նույնը կատարվեց թանգարանի 40 տարվա աշխատակից, նախկին գլխավոր ֆոնդապահ եւ այնուհետեւ փոխտնօրեն Լուսյա Միրզոյանի նկատմամբ, որին հենց 40-ամյակի այս օրերն են հարմար գտել աշխատանքից ազատելու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4