«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2007-12-18 | #234, 2007-12-19 | #235, 2007-12-20


ՌԱՅՍԸ ՉԴԱՏԱՊԱՐՏԵՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ

Երեկ «Ազգը» տեղեկացրեց նախօրեին թուրքական բանակի Հյուսիսային Իրաք կատարած ներխուժման եւ նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի իրաքյան անսպասելի այցելության մասին: Վերջին տեղեկությունների համաձայն, թուրքական բանակը վերադարձել է Թուրքիա: Ըստ երեւույթին նախատեսված չէր լայնածավալ հարձակում: Թուրքական բանակի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն, տվյալ գործողության խնդիրն է եղել Հյուսիսային Իրաքում ՔԲԿ հենակետերի ոչնչացումը: «Ստույգ հայտնի է, որ քրդական ահաբեկչական կազմակերպությանը լուրջ վնաս է պատճառված ինչպես ենթակառույցի, այնպես էլ անձնակազմի առումով», ընդգծվում է գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է Կոնդոլիզա Ռայսի անակնկալ այցին, «Ֆիգարո» թերթը այս կապակցությամբ արձանագրում է, որ «ԱՄՆ պետքարտուղարը անուղղակիորեն հավանություն տվեց Իրաքում թուրքերի ռազմական գործողությանը»: Թերթը վկայում է, որ ամերիկացիները չեն դատապարտելու թուրքերի ներխուժումները: «ԱՄՆ-ը, Իրաքը եւ Թուրքիան համատեղ շահագրգռված են ՔԲԿ-ի քուրդ անջատական մարտիկների կասեցմամբ, որոնք սպառնում են Հյուսիսային Իրաքի կայունությանը եւ զոհերի պատճառ են դարձել Թուրքիայում», ընդգծել է Ռայսը:

Պենտագոնը իր հերթին հրաժարվել է հայտարարություն անել ներխուժումների կապակցությամբ: Ավելին, ամերիկյան ռազմական գերատեսչությունը նշել է, որ կշարունակի Անկարային «տեղեկություններ» մատակարարել ՔԲԿ-ի դեմ նրա պայքարում:

Իրաքի արտգործնախարարը ոչ միայն չի դատապարտել թուրքերի ներխուժումը, այլեւ փորձել է նսեմացնել նրանց ռազմական գործողության կարեւորությունը: «Ներկայումս սահմանափակ ռազմական ներխուժում է իրականացվում նոսր բնակեցված բարձր լեռնային գոտում», ասել է նախարարը:

Միայն ինքնավար Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին է դատապարտել թուրքերի ներխուժումը, չեղյալ հայտարարելով իր հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ:

«Ֆիգարոյի» տեղեկությունների համաձայն, երեքշաբթի օրը 500-ից ավելի թուրք զինվորներ ՔԲԿ-ի մարտիկներին հետապնդելով, 3 կմ խորացել են Հյուսիսային Իրաքի անապատային գոտում, որտեղ իրաքյան ուժեր բնավ գոյություն չունեն: Ավելի վաղ` կիրակի օրը, թուրքական ռմբակոծումների հետեւանքով իրենց բնակավայրերը լքել էին մոտ 1800 իրաքցի քրդեր: Դեկտեմբերի 1-ին թուրքական օդուժը առաջին սահմանափակ գործողությունն էր իրականացրել Իրաքում ՔԲԿ-ի դեմ, նախապես ստանալով Թուրքիայի խորհրդարանի թույլտվությունը: Այդ թույլտվությունը պատճառաբանվում է հոկտեմբերին Իրաքից ՔԲԿ մարտիկների Թուրքիա կատարած ներխուժումներով:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4