«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2007-12-19 | #235, 2007-12-20 | #236, 2007-12-21


«ԹԱՑՆ ՈՒ ՉՈՐԸ ԽԱՌՆՎԵԼ ԵՆ ԻՐԱՐ: ՉԳԻՏԵՍ ՈՐՆ Է ՃԻՇՏ, ՈՐԸՙ ՍԽԱԼ»

Հայտարարում է Հովհաննես Չեքիջյանը

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը 70 տարեկան է: Այդ առթիվ անցնող տարում տեղի են ունեցել միջոցառումներ, հոգեւոր երաժշտության համերգներ, իսկ ԳԱԱ-ում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանն արժանացավ հուշամեդալի: Հոբելյանական տարվա կապակցությամբ վերջերս լույս տեսավ երաժշտագետ Աննա Ասատրյանի «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» գիրքը, որը պատմում է երգչախմբի անցած 70-ամյա ուղու մասին (այդ գրքին «Ազգ»-ը անդրադարձել է երեկվա համարում ): Սա երգչախմբի գործունեությունը ներկայացնող 5-րդ գիրքն է: Առաջինը լույս է տեսել 1974-ին եւ ներկայացնում էր երգչախմբի շրջագայությունը Փարիզում: Դեկտեմբերի 23-ինՙ Հ. Չեքիջյանի 79-ամյակի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում տեղի կունենա «Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ» գրքի շնորհանդեսն ու հոբելյանական միջոցառում:

Մինչ նշված միջոցառումը, երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանն ու ժողովրդական արտիստ Ալբերտ Խաչատրյանը: «2007-ը նշանակալից տարի էր մեզ համար: Հոբելյանական հինգ միջոցառում անցկացրինք: Վերջերս վերադարձանք Դուբայից: Եղել էին խոստումներ, այլ երկրներ շրջագայություններ, միջոցառումներ կազմակերպելու, բայց ֆինանսականը թույլ չտվեց: Պետբյուջեից ստացված գումարով կարողացել ենք միայն զգեստներ կարել երգչախմբի համար: Գրքից գոհ եմ, փաստացի ապացույցները շատ են ու լավ ներկայացված», ասաց Հ. Չեքիջյանը:

Աննա Ասատրյանն էլ խոստովանում է, որ աշխատանքին մոտեցել է խորին ակնածանքով ու նվիրվածությամբ: «Հ. Չեքիջյանը հետազոտողի համար ստեղծել է լայն հնարավորություններ ուսումնասիրելու, ամփոփելու: Գրքում ներկայացված է ակադեմիայի անցած ուղին, հավելվածում զետեղված է սիմֆոնիկ նվագախմբի ցանկը: Օգտվել եմ արխիվից, օտարալեզու մամուլի գրախոսականներից: Թվում էր, թե կարելի է 120 էջի սահմաններում ներկայացնել գործունեությունը, բայց ստացվեց համառոտ ակնարկ: Չեքիջյանի գործունեության մասին կարելի է հատորներ գրել»:

«Երջանկություն է լինել մաեստրոյի ժամանակակիցը: Կես դար եղել է Կապելլայի կողքին, ապրել նրա փառքով, դժվարություններով ու հաղթանակով: Հիշում եմՙ առաջին համերգից հետո Չեքիջյանն ասաց, որ իր կյանքի օրերի օրն է: Նա դարձավ հայտնություն ամբողջ աշխարհում ու երաժշտական լեզվով երկխոսություն սկսեց աշխարհի հետ: Տեսնում եմ հաղորդումներ, երգիչ-երգչուհիների, որ ամեն ինչ վերցնում են դրսից, օտարամոլությամբ տառապում: Այդ օտարամոլության դեմ պայքարում ենք մեր համերգներով», նշում է Ալբերտ Խաչատրյանը:

Երգչախումբն ունեցել է բազմաթիվ համերգներ, որոնք մեծ տպավորություն են թողել մաեստրոյի վրա: Նրա համար յուրաքանչյուր վայրկյանն աննման է, ոչ մի կատարում մյուսին նման չէ: «Այ, սա է հրաշքը», ասում է նա: Վարպետն ուրախությամբ է հիշում Քիշնեւում տեղի ունեցած համերգը, սակայն առավել հուզիչ էր 2001-ի 1700-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայում տեղի ունեցած համերգը:

«Նոտր Դամի համերգը մեծ արձագանք գտավ: Ֆրանսիական մամուլի տվյալներով, եկեղեցուց դուրս ավելի քան 9000 ունկնդիր լսում էին հայկական երաժշտություն: Համերգից հետո նախագահ Ժակ Շիրակը մտավ կուլիսներ ու միասին մտանք բեմ»: Տարեցտարի երգչախմբի համերգների ու շրջագայությունների թիվը նվազում է: «Տարի է եղել 120 համերգ ենք ունեցել, հիմա ունենում ենք ընդամենը 12-ը»: Հայաստանում տեղի ունեցող տարբեր երաժշտական փառատոների նկատմամբ մաեստրոն որեւէ լուրջ վերաբերմունք չունի: «Արտիստներ հրավիրելիս, պարզ չէ, թե որ մաղով են անցկացնում: Լավերը կան, բայց կան այնպիսիները, որ լսել անգամ չես ուզում: Այնպիսի համերգների ներկա չեմ եղել, որ ասեմՙ ա՜խ: Իհարկե, բոլորին չեմ լսել, բայց լսածներից ոչ մեկին չեմ հավանել, որ գեթ մեկ րոպեով մոռանամ, որ ես երաժիշտ եմ»:

Հ. Չեքիջյանը վստահեցնում է, որ նմանատիպ վիճակում է նաեւ համաշխարհային դասական կյանքը: «Լա Սկալայի բեմում կտեսնես ամենախղճուկ երգչին, որ հետագայում կգրեն, թե Լա Սկալայում երգել է: Այսօր ամեն ինչ դրվել է ֆինանսական հողի վրա: Թացն ու չորը խառնվել է իրար: Չգիտես որն է ճիշտը, որըՙ սխալ»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4