«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2007-12-19 | #235, 2007-12-20 | #236, 2007-12-21


ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ. «ՄԵՆՔ ՆՈՒՅՆ ՋՈՒՐՆ ԵՆՔ ԽՄԵԼ»

Թատրոնի եւ կինոյի ֆրանսահայ դերասան, բեմադրիչ Սերժ Ավետիքյանը վերջերս հանդիսատեսի դատին է ներկայացրել իր նոր ֆիլմը: Նրա գործերում մշտապես առկա են հիշողության պատկերներ: Վերջին ֆիլմը բացառություն չի կազմում եւ «Մենք նույն ջուրն ենք խմել» անունն է կրում:

Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել տեղի կինոակումբում: Ավետիքյանի այս գործը նվիրված է Ստամբուլից 170 կմ հեռու ընկած Սոլեզ գյուղին, որտեղ 1900-ին ծնվել էր նրա պապ Ավետիսը:

Փառատոների առիթով 1987-ին եւ 2003-ին Թուրքիա հրավիրված Սերժ Ավետիքյանը այցելել է այժմ Ենի Սոլեզ կոչվող պապենական գյուղ եւ նկարահանումներ կատարել: 2005-ին ծագած վարչարարական խոչընդոտները թույլ չեն տվել ժամանակին ավարտել ֆիլմը: Դժվարություններին հակառակՙ բեմադրիչն ավարտել է գործն այն գյուղի մասին, որտեղ դեռ մնում են հայերի տներ եւ հայերեն արձանագրություններով տապանաքարեր:

Սոլեզի ներկայիս բնակիչները գիտեն, որ այնտեղ հայեր են ապրել, բայց կարծում են, թե նրանք 1915-ին հեռացել են բնակչության տեղահանման հետեւանքով, իսկ հազար հայեր վերադարձել են, քանի որ տներում եւ հողի մեջ «գանձեր էին թաքցրել»: Ոմանք կարծել են, թե Սերժ Ավետիքյանը եւս վերադարձել է թաղված գանձերը հանելու:

Հայկական կոտորածների կապակցությամբ տեղացիները մեղադրել են եվրոպական տերություններին, որոնք պատերազմի ժամանակ «իրար դեմ են հրահրել ժողովուրդներին»: Նրանց կարծիքով, հարկավոր է մոռանալ անցյալը եւ այլ բաներով զբաղվել, քանի որ «մենք նույն ջուրն ենք խմել»:

Ի դեպ, գյուղի ներկայիս բնակիչների մեծ մասն իսլամ ընդունած նախկին բուլղարներ են: Այդ փաստը զգալիորեն դյուրացրել է շփումներն ու նկարահանումները:

Դեկտեմբերին վաճառքի է հանվել ֆիլմի խտասկավառակը երեք լեզվովՙ ֆրանսերեն, անգլերեն եւ հայերեն:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4