«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2007-12-21 | #237, 2007-12-22 | #238, 2007-12-25


ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ` ՀԱՐԿԱԴԻՐ ԹԱՅՄ-ԱՈՒՏԻ ՄԵՋ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կառավարության նիստերի դահլիճումՙ իրեն սատարող ուժերի կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստորեն անցած շաբաթ օրն ամփոփել է սեպտեմբերի 21-ից սկսած քաղաքականություն վերադառնալու եւ որպես նախագահի թեկնածուի իր ոչ պաշտոնական քարոզարշավի առաջին փուլը` սեփական եւ կողմնակիցների գործելակերպը որակելով հրապարակային, բացեիբաց եւ թափանցիկ, իսկ իշխանական թեւինը` ընդհատակյա ինտրիգային, հենված վարչական, ֆինանսական, ռեպրեսիվ եւ քրեական ռեսուրսների վրա: Մենք էլ, օգտվելով Տեր-Պետրոսյանի հրապարակային քաղաքականությունից` ամփոփենք ե՛ւ նրա, ե՛ւ մյուսների նախանախընտրական փուլը:

Իշխանությունների ունեցած մի քանի տեսակի ռեսուրսներից մի տեսակը «պառակտողական» անվանելով` Տեր-Պետրոսյանը այդ տեսակի ներսում թվարկեց ընդդիմության ջանքերը ջլատող շինծու կամ դրածո թեկնածուների առաջադրումը, որը պաշտոնական քարոզարշավի եթերային ժամանակը ի նպաստ իշխանության ներկայացուցչի օգտագործելու եւ ընտրողների քվեն հնարավորինս փոշիացնելու նպատակ ունի: Ընդ որում` այդ «դրածո» բառը վերաբերեց բոլոր մյուս 6 թեկնածուներին, բացի Արթուր Բաղդասարյանից եւ Վահան Հովհաննիսյանից, եւ հատկապես` «որոշ տխրահռչակ անձնավորությունների», որոնք 1998-ին եւ 2003-ին նախագահի ընտրություններին չարաբաստիկ դերակատարություն են ունեցել, ակնհայտորեն գործելով հատկապես հաղթող թեկնածուներ Կարեն եւ Ստեփան Դեմիրճյանների դեմ, բայց Տեր-Պետրոսյանի խոսքով, մեր հասարակությանն էլ չեն կարող խաբել քաղաքական աճպարարություններով:

Այդպիսով` ի սկզբանե հասկանալի էր եւ շաբաթ օրն էլ ձեւակերպվեց, թե ինչո՞ւ էին Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կոմպրոմատների պատերազմ սկսել Վազգեն Մանուկյանի եւ Արտաշես Գեղամյանի դեմ` Տեր-Պետրոսյանի նշած պառակտողական ռեսուրսից ավելի թունդ` «ԿԳԲ-ական» մեթոդ օգտագործելով եւ այս անգամ իր թեկնածության դեմ «չարաբաստիկ» դերակատարությունը կանխելու համար միջոցների մեջ առանձնապես խտրականություն չդնելով:

Այնուամենայնիվ` Վազգեն Մանուկյանը Տեր-Պետրոսյանի համար ինչ-որ խափանողական նշանակության թեկնածու է, որ նրա կողմնակիցներն ամեն ինչ անում են մինչեւ բուն ընտրարշավը Մանուկյանի նյարդերի հետ խաղալու եւ նրան շարքից հանելու համար: Մյուս կողմից էլ` նախագահական ընտրություններին երկրորդ փուլ անցնելու դեպքում, ուրեմն, Տեր-Պետրոսյանը հույսը չի կտրում ՕԵԿ-ից եւ ՀՅԴ-ից աջակցություն ստանալու հնարավորությունից, ահա եւ կամուրջներ է թողնում այս երկու ուժերի եւ իր միջեւ:

Ընդհանուր առմամբ` ամփոփումից պարզ էր, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները շատ մեծ ֆինանսական ռեսուրս են դրել իրենց «պրոյեկտում»` DVD-ների 100 հազարավոր սկավառակներ եւ բրոշյուրներ տարածելով, իրենց խոսքերով` այդպես հաղթահարելով տեղեկատվական շրջափակումը, ինչը դեռ սկիզբն է, եւ ինչպես երեւում է` այս թեկնածուն ֆինանսի դեֆիցիտ չի ունենալու, ու խոսքը բոլորովին էլ Խաչատուր Սուքիասյանի ֆինանսական աջակցության մասին չէ: Պարզ դարձավ նաեւ, որ Տեր-Պետրոսյանն ու իր կողմնակիցները քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելու հսկայական փորձ ունեն դեռ անցյալից, թեկնածուն տիրապետում է հռետորական արվեստին, լավ դերասան է, սակայն հաշվի չի առնում հասարակության ընդհանուր տրամադրությունը կամ էլ շաբաթօրյա դահլիճում հնչած նրա կողմնակիցների քաջալերիչ բղավոցներն ու ծափահարությունները թույլ չեն տալիս ունկնդիր լինելու հասարակության ավելի լայն շրջանակներից եկող ազդակներին, որոնք այնուամենայնիվ շատ լավ հիշում են, թե ո՞վ էր բոսը «Ղարաբաղ» կոմիտեում, ինչպես նրա տեղը գրավեց Տեր-Պետրոսյանը ու ինչպես 1996-ին նրանից խլեց նախագահական հաղթանակը: Այսինքն` Վազգեն Մանուկյանի հանդեպ ՀՀՇ-ի կողմնակիցների կիրառած հակագովազդը կարող է աշխատել վերջինիս օգտին` արջի ծառայություն մատուցելով իրեն ծնողներին, որովհետեւ, ի վերջո, նախագահական ընտրություններում ժողովուրդն ընտրում է ոչ այնքան այն քաղաքական ուժին, որ կանգնած է գործչի թիկունքում, որքան անձին, նրա որակները` այսինքն համակրանքներն ու հակակրանքները եւս ընտրություն կատարելու առաջնային գործոններից են:

Առաջին նախագահը նաեւ իր ողջ առաջին փուլում շարունակեց փնովել իշխանություններին, սակայն այդպես էլ չհասավ այն պահին, որ սկսեր խոսել, թե իշխանության գալով հատկապես ինչն ու ինչպես է փոխելու, արդյոք պատրաստվո՞ւմ է զանգվածաբար փոխել ողջ չինովնիկական համակարգը` ամենուր ներմուծել իր հավատարիմ մարդկանց, ինչպես որ 1990-ականների սկզբին արեց: Սա հասկանալի է, ո՞վ այսպիսի հակապոպուլիստական բաներ կասի, որը կատաղի դիմադրության է հանդիպելու, Տեր-Պետրոսյանն էլ է խուսափում ամենաէական այս խնդիրներից խոսելուց: Չէ՞ որ ամենահեշտ բանը փնովելն է:

Իսկ ահա գալով իշխանական թեկնածուին` ՀՀԿ-ի եւ մի շարք այլ ուժերի թեկնածուին, նկատենք, որ նրա կողմից ավելի վաղ կիրառվող հիմնական մեթոդներից մեկը` անցյալի-ներկայի հակադրությունը կարող է հիասթափեցնել սեւ-սպիտակ առանցք գծողներին, որոնք հավանաբար այդ առանցքի հիմքում ժողովրդի ատելությունն են դրել ՀՀՇ-ի եւ նրա լիդերի հանդեպ. մարդկային ուղեղը ինքնապաշտպանական բնազդով սովորություն ունի մասամբ ջնջելու մարդու համար տհաճ ու դժվար հիշողությունները: Բացի այդ` եթե բանը հասնի միայն անցյալի ու ներկայի միջեւ ընտրություն կատարելուն` մարդկանց բավական ստվար մի խումբ պարզապես կարող է հրաժարվել թանկացումներ, զանազան վախեր ու ապագայի նկատմամբ անվստահություն պարունակող ներկայից` ակամա դառնալով անցյալի կողմնակիցը, քանի որ այս դժվար ներկան հիմա տեսնում եւ ապրում է, իսկ անցյալի սարսափների մի զգալի մասի հիշողությունը մաքրվել է: Այս դեպքում ՀՀԿ-ի թեկնածուի մեծ ցանկությունը` այնպես անել, որ ամեն ինչ ավարտվի առաջին փուլով, եւ ինքը տպավորիչ հաղթանակ տանի, կարող է հանկարծ գործունակ չլինել` վերը նշված պատճառով:

Ընդհանրապես` իշխանական հիմնական թեկնածուն հավասարապես ե՛ւ բացասական, ե՛ւ դրական գործոնների ազդեցության տակ է: Երբ ի պաշտոնե գործի մարդ ես եւ այդ պատճառով ողջ օրը հեռուստաէկրաններին ես, սա մի կողմից լավ է, մանավանդ եթե կոնկրետ առիթներով փորձում ես տասին խփել: Խելացի քարոզչություն տանելու դեպքում կարելի է այնպես անել, որ չզզվեցնել, բայց եւ գործնական որակներն ի ցույց դնել: Սակայն գործի մարդ լինել` դեռ չի նշանակում լավ հռետոր լինել կամ տիրապետել խոսքի մոգական ուժին ընդհանրապես, մինչդեռ հայ ընտրողը սիրում է համակրանքներ եւ հակակրանքներ ձեւավորել ականջով:

Մի խոսքով` ՀՀՇ-ի թեկնածուն մինչեւ բուն ընտրարշավը հարձակողական քարոզարշավ է սկսել, որը սկզբում հետաքրքրություն է առաջացնում, բայց հետո հոգնեցնում եւ զզվեցնում է, նրա ուսերին անցյալից մնացած ատելության վատ ժառանգությունն է, նրա կողքին առայժմ վերջին խորհրդարանական ընտրություններին ընտրողների բարձր քվեն ստացած որեւէ լուրջ քաղաքական ուժ չկա, բայց տիրապետում է հռետորական արվեստին, ունի քաղաքական տարբեր տեխնոլոգիաներ կիրառելու մեծ փորձ:

Իշխանության թեկնածուն ունի շատ գործնական հատկանիշներ, որոնք ընտրողից «գաղտնի» չեն պահվել, տիրապետում է վարչական ռեսուրսի` օրենսդիր եւ գործադիր իշխանությունում փաստացի տեր է, հռետորական հատկություններ անշուշտ չունի, եւ նրա թիմում կարող են ՀՀՇ-ի թեկնածուի պոտենցիալ կողմնակիցներ լինել:

Իշխանական թեւի սխալներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի փաստաթղթերն ընդունելու դեմ խչընդոտների ստեղծումն է (ի սկզբանե), քանի որ երբեք իշխանության մեջ չեղած Հովհաննիսյանը ե՛ւ տարբեր հարցումներով, ե՛ւ անզեն աչքով բավական քվեների բարձր տոկոսի տիրապետող կարող էր դառնալ, եթե ոչ 1-2-րդ տեղ, ապա 3-4-րդ տեղի կարող էր հավակնել, եւ հիմա այդպիսի ռեսուրսի կրողը անհայտ է, թե դեռ ում կարող է աջակցել նախագահական ընտրություններին: Եթե դա լինի Վազգեն Մանուկյանը կամ ՀՅԴ թեկնածուն` հաշվեք, որ նրանց ընդհանուր ներուժը շատ ավելի կարող է բարձրանալ, եթե ու հանկարծ նշածս ուժերը աջակցեն միմյանց, ասենք, երկրորդ փուլում, եւ նրանց էլ հանկարծ միանա Րաֆֆու ռեսուրսը, ապա երկրորդ փուլում ե՛ւ իշխանության, ե՛ւ ՀՀՇ-ի թեկնածուն տարբեր կարգի դժվարություններ են ունենալու: Դե, հիմա պատկերացրեք, որ ինչ-որ հրաշքով Ր. Հովհաննիսյանը աջակցի Տեր-Պետրոսյանին` ապա այս դեպքում իշխանական հիմնական թեկնածուի վիճակը կարող է էլ ավելի դժվարանալ: Իսկ սա Ր. Հովհաննիսյանին բուն քարոզարշավից դուրս թողնելու կարճատեսության հետեւանք է:

Եթե մենք մինչեւ այժմ չենք խոսել Արթուր Բաղդասարյանի մասին, դա չի նշանակում, որ նրան անտեսում ենք, ինչպես որ կուզեին իշխանական թեւում: Ընդհակառակը` նա եւ ՀՅԴ թեկնածուն դեռ դիտում-ուսումնասիրում են սեւ-սպիտակ առանցքի երկու թեկնածուների պահելաձեւը` հավանաբար ուսումնասիրելով նրանց զինանոցը, աշխատելով հայտնաբերել թույլ տեղերը եւ ընտրովի հակաքայլեր հակադրելով մինչեւ այժմ ասվածին ու լսածին: ՕԵԿ ընտրազանգվածը եւս կայուն է, թեեւ խորհրդարանական ընտրություններում կարգին պակասեց, եւ խորապես սխալվում են նրանք, ովքեր անտեսում են ՕԵԿ-ի ներուժը:

Իսկ ՀՅԴ թեկնածուի` երեկ արած մի քանի հայտարարություն վկայում են, որ այս թեկնածուն խնայում է ներուժը` հունվարի առաջին տասնօրյակից հետո ավելի կոմպակտ քարոզարշավ տանելու համար: ՀՅԴ-ն հավանաբար այս ընտրարշավում նվազագույնը մի քանի նոու-հաու ներմուծելու է. ավելի վաղ կիրառած «փրայմերիզին» երեկ հաջորդեց հայտարարությունը ընտրողների հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ, որը, եթե իրականություն դառնա, մինչեւ ընտրարշավի սկիզբը հայտնի կդարձնի ՀՅԴ-ի թեկնածուի օգտին քվեարկող բուն դաշնակցականների եւ նրանց համակիրների թիվը, իսկ պայմանագրի մատնանշած թվերից (ընտրազանգվածից) այլ թեկնածուները ստիպված կլինեն ձեռք քաշել: Այստեղ բացասական պահ էլ կա` հայ ընտրողները չեն սիրում անվանապես բարձրաձայնել իրենց նախընտրությունները, այնպես որ այս նախաձեռնությունը հազիվ թե մեծ հաջողություն արձանագրի, կամ էլ` ներկա հանգրվանի համար կարելի է այն ճիշտ համարել: Էլ չասած, որ դեռ չի ուրվագծվում, թե ո՞ւմ հետ են համագործակցելու դաշնակցականները, արդյոք դեռ չե՞ն հրաժարվել երրորդ առանցք, իսկ ավելի շուտ` երրորդ ուժային կենտրոն ձեւավորելու մտքից:

Արտաշես Գեղամյանը մի փոքր ավելի վաղ իր առաջին փուլն ավարտեց` ասուլիսներով եւ այժմ շունչ է քաշում, իսկ Արման Մելիքյանն ու Արամ Հարությունյանը մանեւրում են` հենց իրենք դեռ վերջնականապես չճշտած, թե ովքե՞ր են իրենց ընտրողները:

Իսկ ընդհանրապես` բոլոր թեկնածուների համար մինչեւ հունվարի 13-ը` հին Նոր տարի, ուզեն, թե չուզեն, թայմ-աուտ են վերցնում:

Հ. Գ. Չենք ուզում Տեր-Պետրոսյանի շաբաթօրյա ելույթի մանրամասները ներկայացնել` գովելով կամ քննադատելով, երկու դեպքում էլ գովազդ է ստացվում: Վստահ ենք, որ տեղեկատվություն ցանկացողները այդ ելույթը կգտնեն նրա կողմնակից մամուլում կամ կայքերում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4