«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2007-12-25 | #239, 2007-12-26 | #240, 2007-12-27


ԳՐԻՆՔԱՐՏԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԽՈՒՐ ՎԱԽՃԱՆԸ

Ինտերնետային կայքում դրված առաջարկով կեղծ ամուսնություն կնքած 24-ամյա Յուլյա Կալինինան եւ 30-ամյա Բենջամին Ադամսը ձերբակալվել են վերջերս տարբեր բնակարաններում, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը` «Լոս Անջելես թայմսից» վերցնելով լրատվությունը:

Ռուսահպատակ Կալինինան Ամերիկայում իր կեցությունը օրինականացնելու միտումով «կրեյգոլիստի» կայքում հայտարարություն է տվել, որ պատրաստ է ամսական 300 դոլար վճարել (մինչեւ ընդհանուր 15 հազար դոլարի սահմանը) այն ամերիկացուն, որը կհամաձայնի իր հետ կնքել զուտ «պլատոնական» ամուսնության գործարք` առանց սեքսի: Նպատակը «գրին քարտ» ձեռք բերելն է եղել:

Նվազագույնը ութ անգամ հայտարարությունը զետեղելուց հետո, Բենջամին Ադամս անունով մի երիտասարդ համաձայնում է նման գործարք կնքել, եթե Կալինինան վարձակալության տա նրան մի ավտոմեքենա:

Պայմանագիրը կնքվում է, նրանք ամուսնանում են 2006-ի փետրվարի 17-ին: Կալինինան «ամուսնուն» է նվիրում (վարձակալական հիմունքներով) 2006 թվի «Ֆորդ մուստանգ»: Ապրիլին նրանք դիմում են ներկայացնում` պահանջելով մշտական քաղաքացիություն Կալինինայի համար:

Ամեն ինչ երեւի երջանիկ ավարտ ունենար, եթե... ամբողջ գործընթացին չհետեւեր Մ. Նահանգների ներգաղթի եւ հպատակության վարչությունը, որը պարզել է, որ ամուսնության արարողությունը կատարել է «ինտերնետային» օծում ստացած «կրոնավոր» ոմն Դմիտրի Չավկերովը: Նա Կալինինայի, այսպես կոչված, «բոյֆրենդն» է եղել, որը նույնպես ապօրինաբար է գտնվում երկրում: Դեմ առ դեմ գալով վարչության աշխատակիցների հետ, նրանք խոստովանել են, որ ամուսնությունը կեղծ է եղել եւ նպատակ է հետապնդել պարզապես «գրին քարտ» ձեռք բերելը, քանի որ Կալինինայի կեցության ժամկետը լրանում էր եւ հնարավոր չէր երկարաձգել: Կալինինայի շահերը ներկայացնող դատապաշտպան Դեյլ Ռուբինը մեղադրել է պետական մարմիններին մինչեւ վերջ սպասելու եւ հանցանքը գործելուց հետո մարդկանց ձերբակալելու մեջ, փոխանակ հայտարարությունը հայտնաբերելուց անմիջապես հետո նախազգուշացնելու, որ ապօրինի գործարքի հետեւանքները վատ կարող են լինել: Նա նաեւ նշել է, որ աղջիկը նախկինում դատվածություն չի ունեցել:

Կալինինան փախստականի կարգավիճակով է մուտք գործել Մ. Նահանգներ եւ պատճառաբանել, որ Ռուսաստանում իրեն հետապնդում են իր հայկական ծագման պատճառով: Դատական հետագա լսումների ժամանակ նա պարտավոր է նախ այդ պնդումը ապացուցել եւ ապա պատասխան տալ իր «ամուսնական գործարքի» համար:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4