«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2008-01-16 | #8, 2008-01-17 | #9, 2008-01-18


ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԱՐՑԱԽՈՒՄ Է ՍՏԱՆՈՒՄ «ԿՈՆԿՐԵՏ ԵՎ ՈՒԺԵՂ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

Մադրիդյան փաստաթուղթը պաշտոնական է ու համակարգված: Նաեւ հետքայլ չենթադրո՞ղ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բաքու, Երեւան, Ստեփանակերտ, Երեւան, եւ նորից Բաքու: Այցելությունների այս շղթայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) Արցախում լինելուց հետո երեկ Երեւանում հայտարարեցին, որ չնայած ցուրտ եղանակին` հրաշալի է նոր տարին սկսել տարածաշրջան արդյունավետ այցով: Այցելության նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի արձագանքներին տեղեկանալն է հիմնարար սկզբունքների փաստաթղթի առնչությամբ, որ ԱԳ նախարարներին հանձնվեց Մադրիդում անցյալ տարվա նոյեմբերի վերջին:

«Վերջին օրերին մենք լսել ենք նախագահների տեսակետները եւ մտահոգությունները փաստաթղթի առնչությամբ: Մենք չէինք ակնկալում, թե այս այցելությունը կարող է մեզ վերջնական համաձայնության բերել, բայց պետք է համաձայնենք, որ երկու նախագահները ընդհանուր տեսակետներ ունեն համաձայնագրի ինչպիսին լինելու առումով: Մենք այցելեցինք նաեւ Ստեփանակերտ, Արցախ մեր այցելության նպատակն էր խորացնել մեր իմացությունը ինչպես վայրի, այնպես էլ մարդկանց առումով` ընդգրկելով նաեւ ղեկավարությանը, քանի որ մենք հասկանում ենք, որ որեւէ համաձայնություն Ղարաբաղի առնչությամբ պետք է աջակցություն գտնի այնտեղՙ Ղարաբաղի-Արցախի ժողովրդի մեջ», ընդգծեց Մեթյու Բրայզան: «Այցելությունը Ղարաբաղ կարեւոր էր, քանի որ այնտեղ է միջնորդը ստանում կոնկրետ եւ ուժեղ տպավորությունՙ այս հակամարտության իրական ազդեցությունը մարդկային արարածների վրա», նշեց Բրայզան:

Նա նշեց նաեւ շփման գծի դիտարկման վերականգնման մասին: Յուրի Մերզլյակովը հավելեց, որ շփման գծում դիտարկումը չէր իրականացվում երկու կողմերի` դիտարկման կազմակերպման կարգի տարբեր մեկնաբանությունների պատճառով: «Երբ մենք վերջին անգամ եկանք տարածաշրջան, ենթադրում էինք, որ այդ հարցը կարողացանք լուծել: Հետո պարզվեց, որ կողմերը շարունակել են իրենց մեկնաբանությունները դիտարկման անցկացման ինչպիսին լինելու առնչությամբ: ...Մենք որոշեցինք ինքներս գնալ եւ երկու կողմերին խնդրել իրականացնել դիտարկումը: Երկու կողմերը կառուցողական մոտեցան եւ կոչ ենք անում այդպես էլ շարունակել»: Ֆրանսիացի համանախագահ Ֆասիեն էլ ընդգծեց, որ համանախագահները խիստ ակնկալում են, որ այսուհետեւ դիտարկումը կշարունակվի առանց խոչընդոտների, քանի որ համանախագահները շահագրգիռ են, որ մարդկային թեկուզ մեկ կյանք զոհ չլինի որոշակի գործընթացներին:

Մադրիդյան փաստաթղթի առնչությամբ համանախագահները ոչ միայն ծանոթացել են տեսակետներին, այլեւ, ըստ Բեռնար Ֆասիեի, տվել են բավականին շատ բացատրություններ: «Մենք բացատրել ենք, որ որեւէ մի կողմի համար փաստաթղթի որեւէ կետում ծուղակ չկա, երկրորդ միտք չկա փաստաթղթում, այսինքնՙ չկա որեւէ մեխանիզմ, որ կարող է կողմերից որեւէ մեկի շահերը ստորադասել: Սա լավագույն հնարավոր փոխզիջման մեր լավագույն առաջարկն է», նշեց Ֆասիեն:

Ըստ Մերզլյակովի, ներկայումս քննարկվող եւ կարգավորման հիմնարար սկզբունքները ընդգրկող փաստաթուղթը շատ էջերից բաղկացած չէ, եւ դա էլ կլինի կարգավորման հիմքը: «Երբ այդ սկզբունքները կլինեն վերջնականապես համաձայնեցված, այն ժամանակ էլ կսկսվեն վերջնական խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները: Մեր աշխատանքի այս փուլում չպետք է սպասել համաձայնության ստորագրում, այլ այս սկզբունքներին երկու երկրների ղեկավարների դրական պատասխան:

Քննարկվող մադրիդյան փաստաթղթին, ըստ Ֆասիեի, ԼՂ ղեկավարությունը լավ տեղեկացված է: Եվ այն, թե ԼՂ ներգրավումը բանակցային գործընթացում տարին կդարձնի շրջադարձային, ըստ Ֆասիեի, «որքան շուտ, այնքան լավ» տարբերակն է: Միեւնույն ժամանակ, Ֆասիեն կրկնեց, որ բանակցություններից Ղարաբաղի դուրս մնալը միջնորդների որոշումը չէ: «Դա տեղի ունեցավ Քոչարյանի` Հայաստանի նախագահ դառնալուց հետո, միակողմանի որոշմամբ: Եվ եթե Հայաստանի նոր ղեկավարությունը որոշում կայացնի ԼՂ ներգրավվածության օգտին, դա պետք է որոշվի նաեւ մյուս կողմի համաձայնությամբ»:

Իսկ թե քննարկվո՞ւմ է ԼՂ կարգավիճակի հարցը հիմնարար սկզբունքների թվում, ռուսաստանցի համանախագահ Մերզլյակովը նշեց. «Ամեն երկիր, բնական պատճառներից ելնելով, նախընտրում է խոսել այն մասին, ինչն ավելի իրենց հարմար է այդ սկզբունքներից եւ լռում է այն հատվածի մասին, որ ամբողջությամբ իրեն չի բավարարում: Մադրիդյան փաստաթղթի հենց նպատակն էլ համակարգելն ու պաշտոնականացնելն էր այդ հիմնարար սկզբունքները, որ կողմերից եւ ոչ մեկը հաջորդող որեւէ փուլում չկարողանա ասել, թե մենք դա չգիտենք, չենք քննարկել: Այն հիմնարար սկզբունքները, որ կային բանակցությունների սեղանին, դարձել են պաշտոնական, քանի որ մինչ այդ մենք աշխատում էինք ոչ պաշտոնական փաստաթղթի վրա»:

Ինչ վերաբերում է հիմնարար սկզբունքները ներկայացնող փաստաթղթին համաձայնություն տալու որեւէ ժամկետի, ապա Մեթյու Բրայզան ընդգծեց, որ պետք է խուսափել արհեստական ժամկետներից, եւ նախագահներին տալ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ուսումնասիրելու փաստաթղթում գրված յուրաքանչյուր արտահայտություն, բառ, տառ: «Երկու նախագահները բավականին զգույշ են, քանի որ շարժվում են նույն ուղղությամբ: Մենք պետք է հարգենք նրանց, որպես իրենց երկրների ընտրված լիդերների, ժամանակ եւ տարածություն տանք ավարտելու բանակցությունները»:

«Ազգի» հարցը վերաբերում էր Մեթյու Բրայզայի այն խոսքերին, թե մինչեւ նախագահական ընտրություններ ակնկալվում է նախագահների միջեւ ինչ-որ բանավոր համաձայնություն: Թե ինչին եւ ինչ հեռանկարների է դա վերաբերում, Բրայզան պարզաբանեց, որ բանավոր համաձայնության լինելիության հույս է հայտնել տարածաշրջան այս այցելությունից առաջ: «Եվ երբ մենք լսեցինք նախագահների մոտեցումները, մտահոգությունները, պարզաբանումների խնդրանքները, ակնհայտ դարձավ, որ նրանք լուրջ են տրամադրված եւ փաստաթղթում եղած ձեւակերպումների պարզաբանման կարիք ունեն: Եվ այս պահին այնքան էլ կարեւոր չէ բանավոր համաձայնության գալը, քանի որ նախագահները շարժվում են առաջ` աշխատելով նվազեցնել իրենց տեսակետների տարբերությունները»:

Բաքվի վերջին ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ Յուրի Մերզլյակովը բավականին հետաքրքրական պատասխան տվեց: «Մենք համաձայն չենք այդ հայտարարություններում նշվող շատ դրույթների, ամենից առաջ, բացի քաղաքական լուծումից հարցի այլ հանգուցալուծման: Սկզբունքորեն, մենք նախագահ Ալիեւի հետ հանդիպմանն ասացինք, որ կարող ենք համաձայնել մեկ բանում, որ 2008-ը կարող է գործընթացի համար որոշիչ լինել: Մնացյալ ամեն ինչի առնչությամբ մենք բացատրեցինք, թե ինչպես ենք վերաբերվում»:

«Յուրաքանչյուր հակամարտություն բացառիկ է», Կոսովոյի հետ զուգահեռների անցկացման հարցին ի պատասխան նշեց Մեթյու Բրայզան: «Հելսինկյան վերջնական ակտն ինքնորոշման վերաբերյալ նշանակալի է, բայց միակը չէ: Եվ եթե ամեն անգամ մարդկանց մի խումբ պահանջի ինքնորոշում եւ միջազգային հանրությունն էլ պարզորեն ճանաչի այդ իրավունքը, մենք կխախտենք նույն փաստաթղթի մեկ այլ կարեւոր սկզբունք` տարածքային ամբողջականության: Եվրոպայում շատ են ինքնորոշման ձգտող խմբերը` Իսպանիայում, Ֆրասնիայում, Ռուսաստանում եւ այլն: Մենք որպես միջնորդներ փորձում ենք կողմերին օգնել գտնելու այս երկու սկզբունքների միջեւ փոխզիջում հելսինկյան մեկ այլ` «ուժ չօգտագործելու» դրույթի հիմքով: Ասվածը վերաբերում է նաեւ Կոսովոյին: Տարբերությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղ-Արցախի դեպքում մենք` միջազգային հանրությունն ի դեմս Մինսկի խմբի, կողմերի հետ գրեթե բանակցել ենք խաղաղ համաձայնության հիմնարար սկզբունքները»: Կան նաեւ երկու հակամարտությունների պատմական տարբերություններ, բայց այդ մասին Բրայզան չշարունակեց: Միայն հավելեց. «Մեծ տարբերությունն այն է, որ մենք կարող ենք բանակցել կարգավորման մասին»:

Այսօր համանախագահները կլինեն Բաքվում` հանդիպելու նախագահ Ալիեւի հետ: Եվ, ինչպես նշեցին համանախագահները, մայրաքաղաքների միջեւ կգնան-կգան այնքան, որքան անհրաժեշտ լինի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4